«Հաղթանակը ամենակարևորը չէ, հաղթանակը միակ բանն է, որ հաշվի է առնվում». Մարկիզիոյի հրաժեշտի նամակը
Կլաուդիոն և Թուրինը անբաժանելի հասկացություններ են:
Սակայն այս տարի կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն հեռացավ «Յուվենթուսից»: 32-ամյա կիսապաշտպանը թուրինյան ակումբի սան է: Նա թիմում անցկացրել է 25 տարի:
Թուրինցիների ակադեմիային Մարկիզիոն միացել էր 1993 թվականին: 2004/05 և 2005/06 մրցաշրջաններում նա սկսել է մարզվել առաջին թիմի հետ:
Յոթ անգամ Մարկիզիոն դարձել է Իտալիայի չեմպիոն, երեք անգամ` գավաթի խաղարկության հաղթող, և ևս չորս անգամ նա թիմի հետ հաղթել է Սուպերգավաթում:
Մարկիզիոն հրաժեշտի նամակ է գրել ակումբին և երկրպագուներին:
«Ես անցկացրել եմ իմ կյանքի վերջին 25 տարիները՝ մտածելով, թե ով եմ լինելու, երազելով «Յուվենթուսի» նվաճումների մասին, և չկար անգամ մի պահ, երբ ես մտածում էի, թե ինչ է տեղի ունենում հիմա: Անկախ իմ ֆուտբոլային ճանապարհից և անձնական կյանքից՝ ես երբեք չեմ թաքցրել, որ իմ սիրտը միշտ պատկանել է միայն երկու գույների:
Ես առաջին անգամ հագա ակումբի շապիկը յոթ տարեկանում և այդ պահից ի վեր չեմ հանել այն նույնիսկ մեկ վայրկյան: Ես մեծացել եմ այս փիլիսոփայությամբ, սկզբում ես փորձում էի ընկալել այն, հետո դառնալ դրա դեսպանը թե դաշտում, թե դրանից դուրս:
Ինչպես ասում են՝ հաղթանակը ամենակարևորը չէ, հաղթանակը միակ բանն է, որ հաշվի է առնվում:
Հաղթանակը ամենակարևորը չէ, հաղթանակը միակ բանն է, որ հաշվի է առնվում:
Երբ դու երազող երեխաներից մեկն ես, պետք է միշտ լավագույնը լինես «Յուվենթուսում» խաղալու համար: Միշտ:
Հաղթանակը ամենակարևորը չէ, հաղթանակը միակ բանն է, որ հաշվի է առնվում:
Երբ դու մեծանում ես, երբ քո երազանքը գրեթե դառնում է իրական, դու չես թողնում, որ դա մթագնի ուղեղդ: Դու քրտնաջան աշխատում ես, անում ես առավելագույնը, քանի որ այն գծերը, որ հայտնվում են ինձ վրա, հավասար են հպարտությանը, հաճույքին և պատասխանատվությանը:
Հաղթանակը ամենակարևորը չէ, հաղթանակը միակ բանն է, որ հաշվի է առնվում:
Երբ քո կուռքերը դառնում են քո ակումբակիցները, դու պետք է լինես ուժեղ, քանի որ քո ոտքերը դողում են, երբ հասկանում ես, որ դաշտ ես դուրս գալու նրանց հետ՝ Դել Պիեռո, Նեդվեդ, Բուֆֆոն, Տրեզեգե և այլք:
Բոլորն էլ հասկանում են, որ այս շապիկը կրելու համար դու պետք է քո ներդրումն ունենաս: Սա վերաբերում է ոչ միայն մեզ, այլ նաև յուրաքանչյուր երկրպագուի:
Հաղթանակը ամենակարևորը չէ, հաղթանակը միակ բանն է, որ հաշվի է առնվում:
Երբ դու անում ես հնարավոր ամեն ինչ այս երկրպագուներին երբեք չհիասթափեցնելու համար, որովհետև նրանք ամենանվիրվածն են, անկեղծը և լավագույնն են աշխարհում:
Երբ դու հասկանում ես, որ այն, ինչ 25 տարիների ընթացքում եղել է քո կյանքի մի մասը, հանկարծ դառնում է անցյալի մաս, այսինքն, գոյություն ունի հաղթելու միայն մեկ ճանապարհ, և ես գիտեմ, որ ամեն դեպքում ես ոչինչ չեմ կորցնի, սա միշտ իմ մի մասնիկը կլինի, ուր էլ որ լինեմ:
Հավերժ սիրով, Կլաուդիո»:
Սիրարփի Աղաբաբյան