Բաժիններ՝

«Հնարավոր է ատոմակայանի աշխատանքներն ավելի շուտ ավարտել, որը կբերի սակագնի իջեցման». Սուրեն Ազատյան

«Մինչև այսօր մեր ատոմակայանի վերաթողարկված բլոկը որևէ մեկին քննադատելու, վախենալու առիթ չի տվել։ 2012թ. սկսեց մշակվել ևս 10 տարով շահագործումը երկարացնելու ծրագիրը, որն այս պահին իրագործման փուլում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Ատոմային էներգետիկայի վետերանների խորհրդի նախագահ, ՀԱԷԿ-ի նախկին գլխավոր տնօրեն Սուրեն Ազատյանը՝ ընդգծելով, որ մինչև հոկտեմբեր կթողարկվի մի տուրբոագրեգատը, իսկ հաջորդը՝ մինչև դեկտեմբերի 31-ը։

Նա ասաց, որ նամակ են գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ, եթե այլ համակարգերում կարելի է սխալ թույլ տալ, ապա ատոմակայանի դեպքում սխալվել չի կարելի. «Մենք խնդրեցինք, որ ատոմակայանի ղեկավարության, մասնագետների և մեր մասնակցությամբ քննարկում կազմակերպեն՝ անպայման նախարարի մասնակցությամբ։ Նամակին պատասխանեցին, որ նախարարին՝ պարոն Գրիգորյանին, հանձնարարական էր տրվել, և նա փորձել է քննարկում անցկացնել։ Մեզ մտահոգում է այն, որ էներգետիկայի հարգելի պարոն նախարարն ասաց, որ, եթե ատոմակայանի աշխատանքները ժամանակին ավարտվեն, նոր կերևա՝ սակագինը վերանայե՞լ, թե՞ ոչ։ Այսօր դա ամենակարևոր հարցերից մեկն է, ամբողջ ժողովուրդն է դրան սպասում։ Ատոմակայանի վերանորոգման աշխատանքները նախատեսված է ավարտել դեկտեմբերի 31-ին, եթե մեկ օր ուշանա, ապա 240 մլն դրամի վնաս ենք կրելու։ Նախարարը «եթե»-ով չպետք է խոսի»։

Նրա խոսքով՝ հնարավոր է ատոմակայանի աշխատանքներն ավելի շուտ ավարտել, որը կբերի սակագնի իջեցման. «Մյուս խնդիրն այն է, որ ատոմակայանի աշխատակազմը պետք է լուրջ վերապատրաստում անցնի։ Երրորդը մարդկանց բարոյահոգեբանական վիճակն է։ Մտահոգություններից մեկն այն է, որ մեծ ծավալով աշխատանք է կատարվում, մոդեռնիզացվում է համակարգը, բայց չէ՞ որ հետագայում շահագործող մարդիկ էլ պետք է այդ աշխատանքներին մասնակցեն, սա վերին աստիճանի կարևոր է»։

Նա նաև խնդրահարույց է համարում այն, որ Ատոմակայանը վերակառուցվում է վարկային միջոցների հաշվին. «Այս ի՞նչ ենք վարկ վերցրել, ի՞նչ է՝ ատոմակայանն այս ընթացքում անդադար աշխատելով փող հետ չի՞ գցել, ինչի՞ ենք ուրիշին դարձնում մեր գլխի տերը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս