Բաժիններ՝

Վրձնի հարվածով կյանք ստեղծելու արվեստը. նկարիչ Հակոբ Հակոբյանի «Նորամուտը»

Նրա նկարները ակնդրին գրավում են ինքնատիպության և հետաքրքիր լուծումների շնորհիվ: Ակնառու է այն հանգամանքը, որ նկարիչը շատ է սիրում բազում ու տարբեր գույներ օգտագործել: Նյու Յորքում բնակվող Հակոբ Հակոբյանը վերջերս նկարեց հանրահայտ ամերիկյան դերասանուհի, հաղորդավար Օփրա Ուինֆրիի ինքնատիպ դիմանկարը՝ մեծ հետաքրքրություն առաջացնելով: «Արմենպրես»-ի հեղինակային «Նորամուտ» նախագծի հերոսը ծնվել է Էջմիածնում: 6 տարեկանից նկարում է: Մեզ հետ զրույցում նկարիչ Հակոբ Հակոբյանը պատմում է նույնպես նկարիչ հոր, արվեստի նկատմամբ մեծ սիրո, Նյու Յորքում բնակվելու ու իր անհատական ցուցահանդեսների մասին:

Ներկի հոտն ու հայրիկի արվեստանոցը

Նկարում եմ շատ վաղուց՝ 6 տարեկանից: Մանկուց հիշում եմ հայրիկիս արվեստանոցը, այնտեղ եղած ներկի հոտն ու շատ գունագեղ կտավները: Հայրս՝ ճանաչված և հաջողակ նկարիչ Քաջիկ Հակոբյանը, եղել է իմ առաջին ուսուցիչը: Նա ինձ սովորեցրել է՝ ինչպես ապրել արվեստով: Ամեն օր եղել եմ իր արվեստանոցում և մինչև այսօր հիշում եմ նրա խորհուրդներն ու խրատները: Ցավոք, նա արդեն մեզ հետ չէ:

Հայաստանից՝ ԱՄՆ

2007 թ. ավարտելով Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան՝ տեղափոխվել եմ Նյու Յորք: Իմ սիրելի Հայաստանում թողել եմ մի ամբողջ կյանք, ընկերներ, կարիերա: 2007-ին տեղի էր ունեցել իմ առաջին անհատական ցուցահանդեսը Երևանում: Դրանից հետո տեղափոխվեցի Նյու Յորք, բայց առաջին իսկ օրվանից շատ եմ կարոտում Հայաստանը:

Արդեն 10 տարի ապրում եմ Նյու Յորքում: Սկզբնական շրջանում շատ դժվար էր, հույսերս ու երազներս կապված էին Հայաստանի հետ: Մինչև հիմա կարոտում եմ Հայաստանը: Կար մի ժամանակ, որ, իրոք, շատ դժվար էր շարունակել ստեղծագործել նոր միջավայրում, բայց ժամանակները փոխվեցին…

Նկարչի օրը

Մանկուց արվեստը շատ կարևոր տեղ է զբաղեցրել իմ կյանքում, միշտ տեսել ու զգացել եմ իմ շրջապատում առկա գեղեցկությունը, գույների միջոցով արտահայտել եմ իմ զգացմունքները: Հիմա արդեն հասուն տարիքում առանց նկարելու ինքս ինձ չեմ պատկերացնում, անգամ չեմ ուզում մտածել, որ կարող է մի օր արթնանամ ու չցանկանամ նկարել:

Առավոտյան տնից դուրս գալուց շտապում եմ իմ նյույորքյան արվեստանոցը: Մտքերով միշտ դեռ կիսատ գործերիս հետ եմ: Ուզում եմ շուտ հասնել ու շարունակել կյանք տալ անավարտ նկարներիս:

Այս տարիներին Նյու Յորքում ունեցել եմ մի քանի անհատական ցուցահանդես, մասնակցել եմ նաև խմբակային ցուցահանդեսներ: Իմ գործերը ցուցադրվել են ամերիկյան մի շարք նահանգներում: Վերջերս էլ իմ անհատական ցուցահանդեսը տեղի ունեցավ Մայամիում, որը կրում էր «Երկու սերունդների հիշողություններ» խորագիրը:

Ստեղծագործական դժվարություններ

Ստեղծագործելիս միշտ էլ դժվարություններ եմ ունենում: Յուրաքանչյուր նկար ինձ համար շատ կարևոր է: Ստեղծագործում եմ հաճույքով: Ամենակարևորը՝ անում եմ այն, ինչ ես եմ ուզում, ինչ ներսից ինձ իմ հոգին է թելադրում:

Օփրա Ուինֆրիի ինքնատիպ դիմանկարը

Իմ վերջին ամենածավալուն նկարներից է Օփրա Ուինֆրիի դիմանկարը՝ շրջապատված գունագեղ թիթեռնիկներով: Նկարն արդեն վերջացրել եմ, և պատրաստվում եմ ցուցադրել իմ անհատական ցուցահանդեսին:

Ես, իրոք, շատ հպարտ եմ, որ իմ կյանքում հնարավորություն եմ ունեցել նկարելու նման մարդու, ով մեծ կարևորություն ունի ԱՄՆ-ի և աշխարհի մեծ մասի համար: Դիմանկարը նկարել եմ ամիսներ շարունակ: Ոգեշնչվել եմ նրա բարությամբ, գեղեցկությամբ, գործունեությամբ: Նա հզոր բնավորության տեր, խելացի անձնավորություն է, մշտապես օգնության ձեռք է մեկնում մարդկանց: Օփրայի նկարը դեռ ինձ մոտ է, շուտով կորոշվի նկարի ճակատագիրը: Սկզբնական շրջանում կշրջի ինձ հետ տարբեր ցուցահանդեսներում, հետո կդառնա Օփրա Ուինֆրիի արվեստի հավաքածուի մի մասը:

Երկու կտավի պատմություն

Կյանքը լի է վառ ու մուգ գույներով, խորը և տպավորիչ ժամանակաշրջաններով, որոնք ես ներկայացնում եմ իմ աշխատանքներում: «Կյանքի արտացոլանք» կտավը ներկայացնում է իմ անցյալի ու ներկայի կյանքի զգացողությունները:

«Ծնունդ» կտավն էլ իմ ամենամեծ աշխատանքներից է, այն վերջերս եմ ստեղծել: Մայրանալու, ծննդյան և նոր կյանքի մասին է: Շատ կցանկանայի, որ այն ներկայացվեր հանրային վայրերում կամ հիվանդանոցներում: Բոլոր մայրերը ոգեշնչված կլինեն՝ տեսնելով այս գործը մինչև ծննդաբերությունը: Կարծում եմ՝ ծննդաբերությունը կյանքի ամենագեղեցիկ, առեղծվածային երևույթն է: Այս աշխատանքը ստեղծելու համար բավականին ժամանակ է պահանջվել:

Lofty արվեստի դպրոցի ու ցուցասրահի մասին

Lofty արվեստի դպրոցն ու ցուցասրահը հիմնադրել եմ 2011 թ. իմ համեստ միջոցներով, բայց տարիների ընթացքում այն հաջողությունների է հասել: Հիմա արդեն այստեղ հաճախում են տարբեր տարիքի աշակերտներ: Հաճելի ու յուրահատուկ զգացողություն է, երբ կարողանում եմ սովորեցնել նկարչություն և արվեստ տարբեր ազգերի ուսանողներին՝ փորձելով ինչ-որ չափով միաժամանակ նրանց պատմել հայ արվեստի մասին, ներկայացնելով մեր երկիրը:

Միաժամանակ ունենում ենք տարբեր անհատական ու խմբակային ցուցահանդեսներ՝ ներկայացնելով ուսանողների աշխատանքները: Վստահ եմ՝ հաջողությունն առջևում է:

Սեփական արվեստի մասին

Իմ ամբողջ արվեստն իմ անցյալի կյանքի ու ապագա երազանքների մասին է: Ես նկարում եմ իմ երազանքները, ներկայացնում այն կյանքը, որ ունեմ, երջանկությունը, գոյատևման ակնթարթները: Իմ արվեստի բոլոր գույներն իմ հոգուց են բխում: Իմ աշխատանքներում ես զգացմունքներ ու սեր եմ ներդնում, ինչպես նաև՝ հիշողություններ իմ անցյալից: Արվեստն իմ կյանքն է ….

Հիմա մեծ ոգեշնչմամբ պատրաստվում եմ իմ այս տարվա նոր ցուցահանդեսիս, որը կբացվի Մայամիում նոյեմբերին:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները տրամադրել է Հակոբ Հակոբյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս