Փաշինյանը հասկացել է ադրբեջանական ծրագիրը

Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտության գոտում տիրող իրավիճակը տարբեր կերպ են մեկնաբանում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները: Չնայած մեկ ամիս է, ինչ ՀՀ Պաշտպանության նախարարությունը և ԼՂՀ ՊՆ-ն հայտնում են ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին առկա աննախադեպ լարվածության, կուտակումների մասին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոք-ինչ տարբերվող պատկերի մասին է խոսել։

Օրերս նա իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է, որ առկա է հրադադարի ռեժիմի խախտման՝ վերջին տարիների համար աննախադեպ ցածր մակարդակ։ «Այս շրջանում հաճախ է եղել, որ կրակոցների միջին քանակն աննախադեպ ցածր է եղել։ Այսինքն՝ մենք միջին վիճակագրական տվյալներով՝ իմ վարչապետ ընտրվելուց հետո, զուտ վիճակագրության առումով, ունենք աննախադեպ ցածր մակարդակ։ Այդուհանդերձ, ցավոք, մենք զոհեր ունեցանք, առաջնագծում վիճակ է, որ կան ադրբեջանական զորքերի որոշակի կուտակումներ։ Երբեմն դրանք մեծանում կամ նվազում են։ Նախիջևանի ուղղությամբ որոշակի լարվածություններ են առաջացել»,- ասել է նա։

Վարչապետը նաև նշել է, որ իր մոտեցումն այն է, որ մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատերազմի. «Բայց ես չեմ կարող ասել, որ ունենք աննախադեպ իրավիճակ։ Ունենք մեզ ծանոթ և սովորական իրավիճակ։ Այս իրավիճակը մեզ ծանոթ է երկար տարիներ։ Ի վերջո, հակամարտությունը լուծված չէ, մենք կիսապատերազմական վիճակում ենք, որն ամեն րոպե կարող է փոխվել։ Դա չի նշանակում, որ պետք է շեղվենք մեր բնականոն կյանքից, մենք պետք է անենք մեր աշխատանքը, ՊՆ-ն պետք է անի իր գործը։ Չեմ ուզում ասել, որ անհանգստանալու կարիք չկա, բայց չեմ էլ ուզում ասել, որ կա»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ, եթե աննախադեպ է իրավիճակը, ապա աննախադեպ է իր հարաբերական հանդարտության առումով։ «Մենք պատերազմ չենք սկսի, դա՝ հաստատ, Ադրբեջանն է ռազմական հռետորություն կիրառում, բայց Ադրբեջանի ղեկավարությունն էլ պետք է հասկանա, որ հակամարտությունը զինված լուծում չունի։ Եթե Ադրբեջանում որևէ մեկը մտածում է, որ այդ հետևանքներն իրենց չեն վերաբերում, ես կարծում եմ, որ չարժե փորձությունների ենթարկել որևէ երկիր։ Մեր կարգախոսը նույնն է՝ դուխով, վճռական պաշտպանելու մեր հայրենիքը»,- ասել էր Փաշինյանը:

Վերջին մեկ ամսվա ընթացքում, ադրբեջանական զինուժի մասսայական կուտակումներին զուգահեռ՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, մասնավորապես՝ նախագահն ու Պաշտպանության նախարարը, արել են մի շարք ռազմաշունչ և իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ:

Դրանցից վերջինը մայիսի 26-ին Ադրբեջանի զինված ուժերի ստեղծման 100-ամյակին նվիրված զինվորական շքերթում Իլհամ Ալիևի ելույթն էր, համաձայն որի՝ «Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական տարածք է, Բաքուն երբեք չի ընդունի Ղարաբաղի օկուպացիան, Ադրբեջանը կվերականգնի իր վերահսկողությունը Ղարաբաղում և հարակից գրավյալ տարածքներում», և այլն: Նա հայտարարել է նաև, թե Բաքուն շարունակելու է զենք գնել՝ ուժեղացնելու բանակը: Ալիևն ասել է, որ պատերազմը չի ավարտվել, ավարտվել է միայն առաջին փուլը: Նա «հաղթանակ» է որակել 2016 թ. ապրիլյան պատերազմն ու «2018 թ. նախիջևանյան գործողությունը»: Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը վերջերս պնդել էր, թե «վերջին տարիների ընթացքում երկրի ռազմական պոտենցիալն էականորեն մեծացել է և էականորեն փոխել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը՝ հօգուտ Ադրբեջանի»:

Հիշեցնենք, որ Նախիջևանի հատվածում հայկական տարածքային կորուստների մասին ադրբեջանական պնդումներին ի պատասխան՝ Փաշինյանն օրեր առաջ ասել էր, որ այն տարածքները, որոնց հիմա տիրապետում է Ադրբեջանը, միշտ էլ եղել են Ադրբեջանի հսկողության տակ, և, ըստ վարչապետի՝ խոսել հայկական կողմի ինչ-որ տարածքների կորստի մասին, ուղղակի անհեթեթություն է։ «Գրավելով կարևոր բարձունք, անկյունաքարային նշանակության հարցը հետևյալն է՝ գրավելով կարևոր բարձունք, այդպիսի բան տեղի չի ունեցել, որովհետև այն տարածքները, որոնք հիմա տիրապետում է Ադրբեջանը, էդ տարածքները միշտ էլ եղել են Ադրբեջանի հսկողության տակ։

Այսինքն՝ այս առումով որևէ բան չի փոխվել։ Որոշակի դիրքերի տեղաշարժ է տեղի ունեցել։ Ասեմ՝ այն, որ Ադրբեջանը հայտարարում է, որ դեպի Երևան-Լաչին ավտոճանապարհը նշանառության տակ է առել, ժողովուրդ ջան, նրանք, ովքեր տեղյակ չեն, ասեմ, որ 1992-1993 թվականից էդ ճանապարհը նշանառության տակ է, և ճանապարհի վրա ազդեցության առումով ոչ մի փոփոխություն բացարձակապես տեղի չի ունեցել,- նշել էր վարչապետը՝ շարունակելով,-  Նախիջևանի ուղղությամբ տեղի է ունեցել դիրքերի որոշակի տեղաշարժ, ընդ որում, խոսել մեր կողմից ինչ-որ տարածքների կորստի մասին՝ ուղղակի անհեթեթություն է»։ Նա ասել էր, որ Ադրբեջանը որոշակի դիրքեր տեղաշարժել է տարբեր ուղղություններով, սակայն մարտավարական և ռազմական առումով որևէ էական փոփոխություն Նախիջևանի ուղղությամբ տեղի չի ունեցել։

Սահմանին ստեղծված իրավիճակի ֆոնին մեծ ուշադրության արժանացավ ՌԴ Պետդումայի խոսնակ Վոլոդինի հայտարարությունը Բաքվում: «Բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հարաբերությունների սրման օգտին, բոլոր նրանք, ովքեր ունկնդիր չեն լինում խաղաղ ապրելու՝ ժողովրդի բառերին և ցանկությանը, անշուշտ, գնում են լարվածության ճանապարհով: Մենք պետք է անենք ամեն ինչ՝ կանխելու համար այդ ճանապարհը: Այդ կապակցությամբ Ադրբեջանը մշտապես ճիշտ և կառուցողական դիրքորոշում է ունեցել: Մենք դրա հույսն ունենք նաև հետագայում»,- հայտարարել էր նա:

«168 Ժամի» հետ զրույցում ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն ասաց, որ նման պատկերը ԼՂ հակամարտության համար բավականին բնորոշիչ է: Ըստ նրա՝ երկրների ղեկավարները միմյանցից տարբերվող հռետորաբանություններ են կիրառում՝ ինչ-որ ուղերձներ փոխանցելու նպատակով: Այս տեսանկյունից Եվսեևը նմանեցնում է Փաշինյանի և Վոլոդինի հայտարարությունները, որոնք Ադրբեջանին զսպելու կոչեր էին:

«Մեկ տարբերությամբ, որ ՀՀ վարչապետը, բացի այն, որ ադրբեջանական կողմին հասկացնում է, որ մերժում է իրեն Ադրբեջանի կողմից պարտադրված լարվածությունը շփման գծում, այլև պնդում է, որ ակնկալում է ավելի խաղաղ իրավիճակ շփման գծում, նաև փորձում է հայ հասարակության շրջանում առկա մտահոգությունները փարատել, որպեսզի երկրում խուճապային տրամադրություններ չառաջանան, և սկսված ներքաղաքական գործընթացները չտուժեն այս ամենի հետևանքով: ՀՀ վարչապետը հասկացել է նաև ադրբեջանական ծրագիրը, որ ցանկություն կա՝ փորձարկել նոր իշխանությունների ամրությունը, համարձակությունը: Սրան է միտված Ադրբեջանի վերջին շրջանի քաղաքականությունը, որին, ինչպես ավելի վաղ նշել էի, հայկական կողմը պետք է պատասխանի իր տիրապետության տակ առկա համարժեք միջոցներով՝ թույլ չտալու համար հակառակորդի հետագա ակտիվություն ռազմական թատերաբեմում: Վոլոդինի հայտարարությունը, թեև սուր ընկալվեց Հայաստանում, կարող եմ մեկնաբանել հետևյալ կերպ` բոլորի համար ակնհայտ է, թե որ կողմն է փորձում գործընթացը դուրս բերել խաղաղ շրջանակից և խոչընդոտել ժողովրդի ցանկությունը՝ ապրել խաղաղ պայմաններում: Սա յուրօրինակ ուղերձ էր, որ ՌԴ-ն այս ամենը չի ողջունում: Այս հարցում կոնսենսուս է ստեղծվել Հայաստանի և բոլոր համանախագահների միջև, որը, ինչպես ես եմ կարծում, չի կարող իր դրական հետևանքները չունենալ առկա իրավիճակի վրա: Չեմ կարծում, թե համարժեք արձագանքի դեպքում իրավիճակը դուրս գա վերահսկողությունից»,- ասաց ռազմական փորձագետը: Նա գտնում է, որ Ադրբեջանին տրվող «պատասխանները» պետք է դիտարկել բոլոր ուղղություններով: «Դրական է նաև, որ իրավիճակին արձագանքում է նաև ռուսական կողմը»,- հստակեցրեց Եվսեևը:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ շփման գծում նման լայնածավալ կուտակումների, ռազմատենչ հռետորաբանության, ուժի ցուցադրության միջոցով Ադրբեջանը ցանկանա պարզապես փորձել ՀՀ նոր իշխանությունների ամրությունը, ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերն ասաց՝ հնարավոր է: Նրա խոսքով՝ ռազմական տեսանկյունից ցանկացած հնարք և գործողություն, այդ թվում՝ մասշտաբային կուտակումները սահմանին, կարող են ունենալ ոչ միայն ռազմական, այլև քաղաքական նպատակներ:

Սակայն նա նաև հստակեցրեց, որ քանի դեռ երկար ժամանակի ընթացքում հակամարտող կողմերը սահմաններին ուժեր չեն կուտակել, չեն պատրաստվել պատերազմի, ռազմական փորձագետները խուսափում են ասել, որ կա բախման վտանգ: Իսկ երբ կա կուտակում, Ֆելգենգաուերի վստահեցմամբ, դա հնարավոր է:

«Բնական է, որ հակառակորդը հասկանում է, որ Հայաստանը որոշ դժվարություններ հաղթահարելու փուլում է, նոր իշխանությունները Ղարաբաղի հարցում միայն մեկ աղմկահարույց հայտարարություն են արել, և գործընթացը դեռ տեղից չի շարժվել: Ադրբեջանը չի պատկերացնում, թե ինչ կարող է սպասել այս իշխանություններից ռազմական դաշտում նման իրավիճակներում, սադրանքների կամ ռազմական գործողությունների ժամանակ:

Բարձր լարվածության գործընթաց է, որը, ըստ այդ հաշվարկի՝ կբացահայտի ՀՀ իշխանությունների մտադրությունները և իրական ամրությունը: Կարծում եմ` ՀՀ իշխանությունների արձագանքն այս ամենին տեսանելի կողմում համարժեք է, բայց միայն տեսանելի կողմը մեկնաբանելը քիչ է, քանի որ նման հակամարտություններում մեծածավալ անտեսանելի դիվանագիտական և ռազմական աշխատանք է տարվում»,- ասաց Ֆելգենգաուերը:

Պատերազմի վերսկսման հավանականության մասին խոսելիս՝ Ֆելգենգաուերն ասաց, որ դրա հավանականություն միշտ կա, հակամարտող կողմերը դրան պատրաստ են:

«Ներկայումս կարևոր արձանագրումն այն է, որ ռազմական գործողությունների վերսկսումն իսկույն ևեթ կդադարեցվի համանախագահ երկրներից մեկի ակտիվ միջամտության արդյունքում, քանի որ պատերազմ այստեղ բացառում են բոլոր միջնորդները»,- նկատեց նա:

Տեսանյութեր

Լրահոս