Դանիել Իոաննիսյանն առաջարկում է անցնել փակ ցուցակներով համամասնական ընտրակարգի
Կառավարությունում տեղի ունեցավ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի երկրորդ նիստը:
Նիստի ընթացքում քննարկվեցին Ազգային ժողովի ընտրակարգի անցողիկ շեմի կարգը, ընտրողների ցուցակների մաքրման հնարավորությունը, կրկնաքվեարկությունների բացառումը: Հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն առաջարկեց հաստատել այն ընտրակարգը, որը պահանջել են քաղաքացիական հասարակությունն ու 2017թ.-ին ընդդիմության շարքերում եղած քաղաքական ուժերը։ «Դա սովորական համամասնական ընտակարգն է՝ փակ ցուցակներով, երբ ընտրողը քվեարկում է միայն քաղաքական ուժերի օգտին: Երբ գնում ենք բաց ցուցակների՝ ռեյտինգային ցուցակների, վտանգ կա, որ քաղաքացիները նախընտրություն են կատարում ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի օգտին, այլ քաղաքացիները այս կամ այն անհատին քվեարկելու համար վերցնում են այդ անհատի առաջադրած կուսակության քվեարթերթիկը, այսինքն՝ հակառակ տրամաբանություն է տեղի ունենում»,-ասաց Իոննիսյանը:
Նիստին մասնակից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նշեցին, որ համամասնական ընտրակարգի գործելու դեպքում քաղաքացիները հնարավորություն կունենան ընտրել կուսակցությունը, ոչ թե մարդուն, կուսակցություններն էլ իրենց հերթին կաշխատեն իրենց վարկանիշը բարձրացնել այդ քվեն ստանալու համար։