Ինչու են բանակցությունները հայտնվել փակուղում

Հայաստան-Ադրբեջան սահմանին և ԼՂ հակամարտ զորքերի շփման գծում վերջին օրերին զինտեխնիկայի ու մարդկային ուժի ակտիվ տեղաշարժերի, մեծաքանակ կուտակումների պայմաններում զարմանալիորեն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը ոչ մի կերպ առաջ չի շարժվում: Թեև օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանեցին Հայաստան ՀՀ նորընտիր իշխանությունների հետ ծանոթանալու նպատակով, Մոսկվայում կայացած Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկի արարողությանը միմյանց հանդիպելու առիթ ունեցան Փաշինյանն ու Ալիևը, բանակցությունների հեռանկարները շարունակում են աղոտ մնալ:

Ավելին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նախօրեին տեղեկացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ հստակ պայմանավորվածություն դեռևս չկա:

«Նախարարների հանդիպման ժամկետները դեռ հստակեցված չեն, եթե վերջնական պայմանավորվածություն ձեռք բերվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ, մենք նախօրոք կտեղեկացնենք և՛ վայրի, և՛ ժամկետների մասին»,- ասել է Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը կայացել էր հունվար ամսին Կրակով քաղաքում: Այս հանդիպման արդյունքներով՝ կողմերը, ըստ նախկին նախարար Նալբանդյանի, համաձայնություն էին ձեռք բերել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հնարավորություններն ընդլայնելու վերաբերյալ, բայց Ադրբեջանը հրաժարվել է հիշել և հարգել ձեռք բերված պայմանավորվածությունները: Իր հերթին՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նշել էր, որ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հետ կապված մի շարք կրեատիվ մտքեր էին առաջարկել։ Մասնավորապես՝ նա ասել էր հետևյալը.

«Հակամարտության կարգավորման մեջ առաջընթացի հասնելու համար պիտի շարունակվեն ավելի ինտենսիվ, սուբստանտիվ և տրամաբանական բանակցությունները»։ Եվ բուն բանակցային գործընթացն ավարտվել է այս կետի վրա, որից հետո Հայաստանում և Ադրբեջանում բուռն ներքաղաքական վերադասավորումներից հետո սահմանին իրավիճակը մոտեցել է վտանգավոր փուլի, ինչի մասին խոսում են նաև հակամարտող կողմերի պաշտոնական ներկայացուցիչները:

«168 Ժամի» հետ զրույցում գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարն ասաց, որ իրավիճակի այն նկարագրությունը, որին ծանոթանում է մամուլից, իսկապես մտահոգիչ է: Նրա խոսքով՝ դա տեղի է ունենում մտածված: Սակայն, ըստ նրա, ընդհանուր առմամբ ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը մտահոգիչ է միշտ, քանի որ կրակահերթերը շարունակվում են՝ անկախ բանակցային գործընթացի դրական կամ բացասական փուլերից: Ներկայիս իրավիճակի վտանգը, ըստ նրա, այն է, որ չի հաջողվում կողմերին նստեցնել բանակցելու, և ցանկացած սադրանք կարող է միանգամից վերաճել գործողությունների, քանի որ բոլոր ուժերն իրենց տեղերում են:

«Ադրբեջանն ունի մեծ սպասելիքներ, բավականին արմատական դիրքորոշում այն քայլերի հարցում, որոնք ակնկալում է հայկական կողմից, հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է, կարծում եմ` կա պատրաստականություն՝ հանդիպել հակառակորդ կողմի հետ: Սակայն միջազգային հանրության համար դեռ լիովին հասկանալի չէ, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում, դեռ չի հաջողվել ստեղծել վստահության մթնոլորտ ՀՀ նոր իշխանությունների հետ, այդ պատճառով կարծում եմ՝ բանակցային գործընթացը չի ամբողջանում»,- նման կարծիք հայտնեց Ռարը:

Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման չկազմակերպման պատճառը ևս Ռարը սրանում է տեսնում:

Ըստ նրա՝ Պեսկովի այն հայտարարությունը, թե դեռ վաղ է խոսել նման հանդիպման մասին, տողատակեր ուներ:

«Տպավորություն է, որ դեռ չի ստեղծվել շփման այնպիսի մթնոլորտ, աշխատանքային այնպիսի մթնոլորտ, որի դեպքում հնարավոր է նման հանդիպում, և որը թույլ կտա անկաշկանդ մթնոլորտում քննարկել կարգավորման գործընթացը:

Ի վերջո, կարգավորման մաս են նուրբ շահերը, հանդիպումների ընթացքում բաց քննարկումներ են ընթանում: ՌԴ նախագահը երկար տարիներ էր աշխատել ՀՀ նախկին իշխանությունների հետ, այս իշխանությունների հետ աշխատանքային ակտիվ վիճակի հասնելու համար ճանաչողական փուլ է անհրաժեշտ: Կարծում եմ` նորմալ պրակտիկա է: ԼՂ հակամարտության ներկայիս իրավիճակի տեսանկյունից սա կարող է վտանգավոր լինել, և դա պետք է հասկանան բոլորը: Չպետք է հասնել այն վիճակին, որ բանակցությունները լինեն ուշ»,- ասաց Ալեքսանդր Ռարը:

Նրա կարծիքով՝ շփման գծում իրավիճակի լարվածությունը կարող է թուլանալ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվ ջանքերի շնորհիվ, եթե կազմակերպվի նախարարական հանդիպում:

«Ըստ իս, համանախագահները սկսելու համար պետք է կազմակերպեն Մնացականյան-Մամեդյարով հանդիպում, սակայն հապաղում են: Այստեղ ևս որոշակի տարակարծություններ կան՝ գուցե հայկական կողմի արտահայտած դիրքորոշումների շուրջ, որոնք մի կողմ դնելով՝ պետք է կողմերին վերադարձնել շփումների, ապա միայն խոսել բանակցելու մասին»,- ասաց նա:

Իր հերթին՝ ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն ասաց, որ իսկապես կա երկկողմ վստահության խնդիր:

«Կարծում եմ, որ և՛ նախագահները, և՛ նախարարները քննարկել են իրենց հանդիպումներում երկկողմ հարաբերություններում կասկածի առարկա հանդիսացող խնդիրները, հայկական կողմից ստացել են ոչ հրապարակային և հրապարակային հայտարարություններ, որ քաղաքականությունը չի փոխվելու, բայց քաղաքականությունն ավելի վստահելի ցուցիչ է այն բանի, թե ինչպիսին է լինելու ՀՀ նոր իշխանությունների արտաքին քաղաքականությունը, ինչպիսի առաջնահերթություններ են լինելու նրա առջև:

ՌԴ իշխանություններն ապացուցեցին, որ կաշխատեն ցանկացած գործչի հետ, ում ժողովուրդը կընտրի, բայց պետք է նաև տեսնել, թե ինչպիսին է լինելու այդ իշխանության քաղաքականությունը»,- ասաց Սկակովը:

Նրա կարծիքով՝ ակտիվ հանդիպումներ կազմակերպելու և հակամարտության կարգավորման իր ջանքերը վերսկսելու գործը Ռուսաստանը հանձն կառնի, ամենայն հավանականությամբ, մի որոշ ժամանակ անց: Ըստ նրա՝ ԼՂ հակամարտության գոտում էական իրավիճակ չի փոխվել:

«Ուժերը կա՛մ կուտակված են, կա՛մ ոչ: Նման տեղաշարժեր այս գոտում հաճախ են լինում: Այնուամենայնիվ, պետք է պատրաստ լինել պատերազմի կամ որոշ լայնամասշտաբ գործողությունների, բայց, իմ համոզմամբ, դրանք կկանխվեն, ինչպես միշտ: Ներկայումս առաջնահերթ խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի այնպիսի աշխատանքն է, որը կվերացնի վտանգները: Թեև ՄԽ-ն այլևս չի արդարացնում այն սպասումները, որոնք կան այդ խմբի աշխատանքից»,- ասաց Սկակովը:

Ռուս քաղաքագետի խոսքով՝ դժվար է ասել, թե երբ կվերանա բանակցային փակուղին: «Սա մի կողմի կամ միջնորդի խնդիր չէ, սա խնդիրների մի ամբողջություն է, ներկայումս էլ դրանց գումարվել են ևս մի քանիսը` ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները, իրավիճակն աշխարհում, ռուս-ամերիկյան լարվածությունը, Ադրբեջանի դիրքորոշումը: Նոր գաղափարներ և մոտեցումներ են անհրաժեշտ, որպեսզի կողմերը չունենան կարգավորումից մանևրելու հնարավորություն»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս