Բաժիններ՝

«Մշակույթի նախարարությունը պետք է վերադարձնի նախորդ նախարարի կողմից «Տատիկիս վարսերը» ֆիլմից շորթված 7 մլն դրամը». Հովհաննես Գալստյան

Վերջին շրջանում Ֆեյսբուք սոցիալական ցանցում պարբերաբար հայտնվում էին «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի վերաբերյալ՝ կինոռեժիսոր և պրոդյուսեր, «ՍԻՆԵՄԱ» շարժապատկերային արվեստների արդյունաբերական և կրթական կենտրոնի հիմնադիր Հովհաննես Գալստյանի մտահոգիչ գրառումները, որոնք ուղեկցվում էին #giveusthefilmsmoneyback (Հետ տվեք մեզ ֆիլմի գումարը) հեշթեգով: Գրառումների հիմնական կետերը վերաբերում էին «Տատիկիս վարսերը» կինոնախագծից 2017 թվականին Մշակույթի նախարարության և Ֆիլմ հանձնակատարի կողմից շորթված 7 մլն դրամին և ՀՀ մշակույթի նախարարության կողմից ֆիլմի գերմանացի և բուլղարացի արտադրողների՝ նույն գումարի վերադարձի մասին նամակներին չպատասխանելուն: 168.am-ը տվյալ իրավիճակի մանրամասները պարզելու համար զրուցել է Հովհաննես Գալստյանի հետ:

– Պրն Գալստյան, «Տատիկիս վարսերը» ֆիլմի ստեղծման աշխատանքները ե՞րբ են սկսվել:

– Սցենարի առաջին օրինակը գրվել է 2015 թվականին։ Նույն տարում ընտրվել է սցենարների զարգացման «Film Teep» ծրագրում։ Մարինե Զաքարյանը և Անի Գալստյանը՝ որպես սցենարիստ և պրոդյուսեր, մեկնել են Ռումինիա, աշխատել են կինոնախագծերի զարգացման հայտնի բրիտանացի մասնագետ Դեյվիդ Պոպի ղեկավարությամբ։ Ծրագրի ավարտին նախագիծը ստացել է Եվրամիության ֆիլմարտադրության հարցերով փորձագետ, ազգությամբ հույն Պատրիս Վիվանկոսի երաշխավորության նամակ-կոչը եվրոպական ֆոնդերին՝ մասնակցել ֆիլմի ֆինանսավորմանը։ Նույն 2015 թվականին սցենարն ընտրվել է Եվրոպական լավագույն տասը սցենարների «BES’T Producers workshop» ծրագրում։

Նոյեմբերին մենք արդեն ունեինք համաարտադրող և բազմաթիվ երաշխավորագրեր։ Հայտ ներկայացրինք Ազգային կինոկենտրոնին՝ պետական աջակցության համար։

Գեղարվեստական խորհուրդը հաստատեց հայտը, և Կինոկենտրոնը մեզ երաշխավորագիր տվեց՝ 2016-18 թվականներին ֆիլմի ընդհանուր բյուջեի մինչև 30% չափով աջակցության մասին։

– Հիմա ո՞ր փուլում եք։

– Անցած ամռանը սկսել ենք հայաստանյան նկարահանումները, որոնք պետք է շարունակվեն այս օգոստոսին։ Աշնանը մեկնում ենք Բուլղարիա՝ նկարելու բուլղարական հատվածը։ Ձմռանը Հայաստանում կավարտենք նկարահանումները։ Ֆիլմի պատկերի մշակումն արվելու է Գերմանիայում, ձայնային մշակումը՝ Բուլղարիայում։ Եթե ՀՀ մշակույթի նախարարության կողմից հարուցված խոչընդոտները հարթվեն, այս պլանը կիրագործվի։

– Ի՞նչ խոչընդոտների մասին է խոսքը:

– 2017 թվականի ապրիլին Հայաստանն առաջին անգամ պատրաստվում էր առանձին ծովափնյա տաղավարով ներկայանալ Կաննում։ Փետրվար ամսին նախարար Ամիրյանը հրավիրեց ինձ նախարարություն, ասաց, որ ընդունում է այդ ծրագիրը, ինձ նշանակում է Կաննի պատվիրակության ղեկավար, բայց քանի որ բյուջեն հաստատվել է նախորդ տարի, Կաննի համար հավելյալ գումարներ են անհրաժեշտ։ Ծրագրին խոստացավ օգնել ՍԻՆԵՄԱ կենտրոնի գործընկեր Վահան Շաքարյանը՝ ԹիԷսԴի ըներության տնօրենը։ Պարոն Շաքարյանը պետք է 5 մլն գումար հատկացներ ծրագրին՝ որպես հովանավոր։ Ապրիլին Ամիրյանը նորից հրավիրեց նախարարություն, ասաց՝ Շաքարյանն ուշացնում է գումարը, եթե կարող ես օգնել, տուր քո ֆիլմից 5 մլն դրամ, հետո կփոխհատուցենք։ Ես պլանավորել էի նկարահանումներ օգոստոսին, այդ պատճառով մեծ վտանգ չտեսա ֆիլմի գումարներից նախարարությանը տալու մեջ։ Որպես պարկեշտ մարդ՝ Արմենին ճանաչում էի դեռ ինստիտուտից, հիմա որպես նախարար՝ ինձնից բան էր խնդրում, ի վերջո, Հայաստանի պատիվն էր՝ լավ ներկայանալ Կաննում։ Մայիսին ինձ հանդիպման հրավիրեց Վահան Շաքարյանը և ասաց, որ Ամիրյանը Կաննի ծրագրի ղեկավար հաստատել է ոչ թե ինձ, այլ Արսեն անունով ինչ-որ մեկին։ Նա բառացիորեն ասաց՝ «քանի որ խոստացել եմ, կտամ, բայց ոչ թե՝ 5, այլ՝ 2 մլն դրամ, որովհետև չգիտեմ այդ տղային»։ Վահան Շաքարյանը փոխանցեց այդ գումարը Կաննից անմիջապես առաջ։ Նույն գիշերը՝ բավական ուշ ժամի, կարծեմ՝ մեկն անց, զանգեց Ամիրյանը, խնդրեց «փրկել» Կաննը ու Շաքարյանի փոխանցած գումարը ևս տալ Արսեն Բաղդասարյանին։ Ամիրյանն էլ, Արսենն էլ խոստացան վերադարձնել ֆիլմի գումարը՝ անմիջապես Կաննից հետո։

Կաննում Հայաստանը ներկայացավ խայտառակ կերպով՝ գոյություն չունեցող կառույցի՝ Armenian Film Commission-ի, և գոյություն չունեցող պաշտոնյայի՝ Armenian Film Commissioner-ի ղեկավարությամբ։ Իսկ Կաննից հետո ֆիլմի գումարը ոչ միայն չվերադարձվեց, այլ մամուլում ու սոցցանցերում աննախադեպ արշավ սկսվեց իմ ու մեր ընկերության դեմ։ Հիմնականում կեղծ անուններով հոդվածներ էին տպագրվում «Հետք», «Առավոտ» պարբերականներում, որոնք տարածվում էին մի քանի տասնյակ իմ, այսպես կոչված, «կոլեգաների» միջոցով։ Պարզ էր, որ ուղղորդվող արշավ է։ Մենք պարտավորություններ ունեինք ամռանը նկարահանումներ անելու համար։ Պետք էր արագ գումար գտնել ու սկսել աշխատանքները։ Մենք այդպես էլ արեցինք։ Բայց ես մեկ տարի շարունակ ուսումնասիրել եմ մեր դեմ կազմակերպված արշավի հետքերը։ Ես գիտեմ՝ ովքեր, ում են պատվիրել, և ովքեր են իրականացրել այդ արշավը։ Մի օր ես կանդրադառնամ դրան։ Իսկ այդ արշավում ներքաշված, այսպես կոչված, կինեմատոգրաֆիստներին ես գերադասում եմ չճանաչել, նույնիսկ «բարևի» արժանի չեմ համարում։

– Արմեն Ամիրյանը, Արսեն Բաղդասարյանն իրենք ներկայումս կոնտակտի դուրս գալի՞ս են, ինչպե՞ս են մեկնաբանում իրավիճակը, ի՞նչ հնարավոր լուծումներ են տեսնում:

– Ես ցանկություն չունեմ շփվելու ո՛չ Արմենի, ո՛չ, առավել ևս, Արսենի հետ։ Ես նրանց չեմ հավատում։ Արմեն Ամիրյանն իր սենյակում, Կինոկենտրոնի տնօրենի, փոխտնօրենի, փոխնախարարի, իր օգնականի ներկայությամբ ինձ ասում էր՝ «դու ինչ է, նախարարի խոսքին չե՞ս հավատում, քո համար նախարարի խոսքը արժեք չունի՞»։ Իհա՛րկե չունի։ Ստախոսը ստախոս է։ Ոչ մի հարց այստեղ չկա։

Լուծումը մեկն է՝ ֆիլմից տարված գումարը պետք է վերադարձվի։ Սա գործընթաց է, որ բարոյականության շատ մեծ բաղադրիչ ունի։ Մշակույթի նախարարության կողմից շորթված գումարը կազմում է ֆիլմի բյուջեի 2%-ը։ Չնչին գումար՝ ընդհանուրի մեջ, բայց սա կարևոր առիթ է չինովնիկների և արվեստագետների միջև հորիզոնական շփումների մշակույթի ձևավորման համար։ Արվեստագետը և արվեստին աջակցող կառույցը պետք է առաջնորդվեն բացառապես անտագոնիստական տրամադրություններով։ Սրանք ի սկզբանե հակադիր ճամբարներ են, և չի կարելի թույլ տալ, որ մերձենան իրար հետ, ուր մնաց՝ մեկին ենթարկեցնեն մյուսը։ Չպետք է լինեն ո՛չ արտոնյալ արվեստագետներ, ո՛չ հիմար կառավարիչներ, որ միանձնյա կորոշեն՝ ով է լավ արվեստագետ, ով՝ վատը։

Վաղուց հասունացել է արվեստագետ-պետական կառույց, արվեստագետ-հասարակություն հարաբերությունները պարզելու ժամանակը։ Մեր ֆիլմի հետ կապված խնդրի լուսաբանումը շատ կարևոր է այս մշակույթի կայացման և հասարակական գիտակցության մեջ սրա ամրապնդման համար։ Այդ պատճառով, եթե, ի վերջո, մենք ներքաշվենք դատական գործընթացի մեջ, դա կլինի հնչեղ պրոցես, որի լուսաբանումը մենք կապահովենք թե՛ մեր, թե՛ մեր գործընկերների երկրների լրատվամիջոցներում։

– Ի՞նչ պարտավորություններ ունի ՀՀ Մշակույթի նախարարությունը, որոնք չի կատարում:

– Մշակույթի նախարարությունը պետք է վերադաձնի նախորդ տարի նախորդ նախարարի կողմից ֆիլմից շորթած 7 մլն դրամը և չխոչընդոտի Ազգային կինոկենտրոնին՝ անցկացնելու այս տարվա հայտերի ընտրությունը։ Ի դեպ, նոնսենս է, որ մեկ անգամ ընտրված կինոնախագիծը կրկնաքննության դրվի նույն կառույցի նոր գեղարվեստական խորհրդի կողմից, բայց ես որևէ առարկություն չունեմ։ Խնդրեմ, թեկուզ՝ լուսնից բերած գեղարվեստական խորհուրդ։ Նրանք հիմա ինչ-որ գործընթաց են մոգոնել՝ կանոնակարգերի փոփոխության հետ կապված։ Մրցույթը ձգձգելու ֆորմալ պատճառը դա է։ Աբսուրդն այն է, որ տարին կիսվել է, իսկ ֆիլմերին հատկացվող բյուջեն դեռ բացված չէ։ Ավելին, դեռ հայտնի չեն մրցույթի ժամկետները։ Մենք աշխատում ենք կինոֆոնդերի հետ՝ աշխարհով մեկ, և, եթե մրցույթի անցկացման ժամկետները մեկ-երկու շաբաթով փոփոխվում են՝ մեծ իրարանցում է առաջանում։ Ո՞վ է պատասխան տալու անցած տարի սկսված ֆիլմերի սառեցման համար։ Ո՞ւմ է ձեռնտու Կինոկենտրոնի այսպիսի կախվածությունը հանգամանքներից։

– Ինչպիսի՞ գործելաոճի մասին է խոսում Մշակույթի նախարարության կողմից «Տատիկիս վարսերը» ֆիլմի օտարերկրյա պրոդյուսերների նամակներին չպատասխանելը:

– Մեկ բառով՝ ոչ կոմպետենտություն։ Աշխարհի ամենաազդեցիկ ֆոնդերը մեր նամակներին պատասխանում են մեկ շաբաթվա ընթացքում։ Եթե նամակը խնդրահարույց է՝ անմիջապես, նույն օրը։ Մշակույթի նախարարությունում դեռ չեն տիրապետում նամակներն ըստ բովանդակության տարանջատելու և ըստ առաջնահերթությունների համակարգելու ունակությանը։

– Ֆիլմն ի՞նչ վտանգների առաջ կարող է կանգնել, եթե նախարարությունը շարունակի անտեսել այս խնդիրը:

– Մեր հերոսները դեռահասներ են՝ 8, 12, 14 տարեկան։ Եթե, Աստված մի արասցե, մենք այս ամռանը չվերջացնենք կիսատ թողածը, մեր դեռահասները կդառնան հասուն տղաներ։ Մի բան է՝ 14 տարեկան հերոսը, որին ամուսնացնում են 23 տարեկան կնոջ հետ, բոլորովին այլ բան՝ 16 տարեկանը։ Սա քայքայում է ֆիլմի հավաստիությունը։ Մեր դերասանն ամեն անգամ հեռախոսով խոսելիս ասում է՝ «Պարոն Գալստյան, Տիկին Մարինեին ասեք, որ չեմ մեծացել»։ Սա ամենամեծ վտանգն է։ Անկախ ամեն ինչից, աշնանը մենք նկարելու ենք ֆիլմի բուլղարական հատվածը, բայց եթե, կրկնում եմ, Աստված մի արասցե, մեզ այս ամառ չհաջողվի ավարտել հայաստանյան նկարահանումները, մենք ստիպված ենք լինելու փոխել դերասանական կազմը և 2019 թվականին նորից նկարել 2017 թվականին նկարածը։ Սա՝ ստեղծագործական մասով։ Հիմա՝ ֆինանսական վտանգները։

Բուլղարական դիստրիբյուտորը պայմանավորվածություն ունի 88 կինոթատրոնների հետ 2019թ. մայիս ամսին վարձույթ սկսելու համար։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է նշանակում հայկական ֆիլմի համար՝ 88 կինոթատրոնում միաժամանակ, չորս եվրոպական երկրում վարձույթ սկսելը։ Եթե մենք ամռանը չնկարենք, մեր գործընկերը պետք է նոր բանակցություններ սկսի ժամկետները փոխելու համար։ Ինչո՞ւ։ Ի՞նչ երաշխիք, որ նույն կինոթատրոնները կգնան նոր համաձայնագրի։ Ո՞վ է կոմպենսացնելու այդ վնասը ֆիլմին։

– Եթե շորթված գումարի վերադարձի գործընթացը ձգձգվի, որո՞նք են լինելու հետագա գործողությունները:

– Բուլղարացի մեր գործընկերներն առաջարկում են փոխել հերոսների ազգությունը, տեղափոխել գործողությունները Բուլղարիա։ «Տատիկիս վարսերը» իրական պատմություն է, որ կարող էր տեղի ունենալ ցանկացած երկրում, առավել ևս, Բուլղարիայում, որը պատմական, մշակութային, կենցաղի, ավանդույթների ու սովորությունների շատ ընդհանրություններ ունի հայերիս հետ։ Իմ ընկերությունը կմնա փոքր մասնաբաժնով պրոդյուսեր, արտադրությունը կդառնա բուլղարական։ Մեր դերասաններից ֆիլմում կմնա միայն Դիանա Մալենկոն՝ որպես Անատոլիայից տեղահանված հայ աղջիկ։ Մյուս բոլոր անձինք կլինեն բուլղարներ և, բնականաբար, դերասանները կլինեն բուլղարացի։ Սա հնարավոր տարբերակ է։ Բայց ես մինչև վերջ կպայքարեմ, որպեսզի ֆիլմի գլխավոր արտադրողը լինի հայկական ընկերությունը։

Այս ֆիլմը մեր հարգանքի տուրքն է մեր անցածներին։ Սա մե՛ր նախնիների մասին է։ Եթե մեր նախնիների մասին պատմող ֆիլմն իրագործվելու է ոչ թե Հայաստանում, այլ մեր բարեկամ ցանկացած կամայական երկրում, նշանակում է՝ մենք ոչինչ չենք սովորել մեր պատմության դառը դասերից։ Նշանակում է՝ տարագիր դառնալը, մեր երկրից, մեր խնդիրներից փախուստը մեր ինքնության մասն է։ Ինչի հետ ես կտրականապես համաձայն չեմ։

Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս