Ինչ են քննարկել համանախագահները Փաշինյանի հետ դռների ետևում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ առաջին անգամ հանդիպեցին ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Շեղվելով ավանդական տարածաշրջանային այցի ձևաչափից` համանախագահները ժամանեցին Երևան ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նոր իշխանությունների և նրանց Ղարաբաղյան դիրքորոշմանը ծանոթանալու նպատակով:
ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունն այս այցի մասին միակ տեղեկատվությունն է, համաձայն որի՝ ընդունելով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, վարչապետը կարևորել է համանախագահների դերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում և համոզմունք հայտնել, որ կձևավորվի արդյունավետ համագործակցություն: Ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության, համանախագահները վստահեցրել են, որ կներդնեն բոլոր ջանքերը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար:
«Հանդիպման մասնակիցները կարևորել են կողմերի հավատարմությունը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ստանձնած հանձնառություններին, ինչպես նաև Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վարչապետին տեղեկացրել են իրենց առաջիկա աշխատանքային ծրագրերի վերաբերյալ։
Հանրապետության վարչապետը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու բանակցային խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Զրուցակիցները քննարկել են բանակցային գործընթացի առաջմղման համար համապատասխան մթնոլորտի ձևավորման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, անդրադարձել հակամարտության գոտում իրավիճակին»,- ասված էր հաղորդագրությասն մեջ:
«168 Ժամի» հետ զրույցում շվեյցարացի քաղաքագետ Նիկոլյա Հայոսն ասաց, որ վերջին օրերին ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձությունների, կրակահերթերի, նոր ձեռք բերված զենքերի ցուցադրությունների ֆոնին առավել կարևորվում է համանախագահների ծանոթությունը ՀՀ նոր իշխանությունների հետ, քանի որ շուտափույթ բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպմանն այլընտրանք չկա: Հայոսի որակմամբ, իրադարձությունների զարգացման ներկայիս հունը բավականին մտահոգիչ է:
«Տարածված հաղորդագրության բովանդակությունը կարելի է դասական որակել: Սովորաբար նման հանդիպումների իրական բովանդակությունը մնում է դռների ետևում: Բնականաբար, ՀՀ վարչապետը ներկայացրել է իր մոտեցումներն Արցախի ներգրավման և մի շարք այլ հարցերի շուրջ, որոնք հաղորդագրության մեջ չես գտնի:
Ավելի լուրջ բովանդակություն այս հաղորդագրությունում ներառված չէր, քան նախկին պայմանավորվածությունների կատարումը` Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի, որոնք միտված են հակամարտության գոտում հրադադարի մեխանիզմների ներդրմանն ու խաղաղության ամրապնդմանը: Պատահական չէր այս հանգամանքը, քանի որ ներկայումս հակամարտության համար կարևորը խաղաղությունն է սահմանին և շփման գծում: Բնականաբար, այս հրապարակային մասին եղել է նաև հանդիպման հատված, որի ընթացքում հայկական կողմը մանրամասնորեն ներկայացրել է իր դիրքորոշումը Արցախի փոխարեն բանակցելու ցանկություն չունենալու վերաբերյալ:
Կարծում եմ` համանախագահները լսել են հայկական կողմին, սակայն նրանց առաջիկա և առաջնահերթ անելիքը լինելու է բարձր մակարդակով կամ նախարարական մակարդակներով բանակցություններ կազմակերպելը, քանի որ հայկական կողմը, ինչպես նաև ադրբեջանականը, վերջին շրջանում բազմիցս խոսել են հանդիպելու պատրաստակամության մասին: Իմ համոզմամբ, մինչ հայկական կողմի առաջարկներին հասնելը, համանախագահները կողմերի հետ մեծ անելիքներ ունեն՝ ուղղված իրավիճակի խաղաղեցմանը:
Իսկ Արցախի ներգրավումը բանակցային գործընթացին պետք է տեղի ունենար ցանկացած պարագայում, քանի որ դրա համար կան համապատասխան փաստաթղթեր, պարզապես Ադրբեջանը Ղարաբաղի ներկայացուցչի հետ բանակցությունը համարում է Ղարաբաղի ճանաչում, ինչն այդ երկրի տեսանկյունից անընդունելի է: Բայց դրան այլընտրանք չկա: Ներկայումս Արցախի վերադարձը բանակցային սեղան ժամանակի հարց է, որի պարագայում հակամարտության կարգավորումը կլինի իրատեսական սցենար»,- նման տեսակետ հայտնեց Նիկոլյա Հայոսը՝ ամփոփելով, որ ներկայիս առաջնահերթությունն է՝ շփման գծում ստեղծված վտանգավոր իրավիճակի վերացումը բանակցությունների միջոցով:
Շվեյցարացի քաղաքագետը չի կիսում այն կարծիքը, թե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: «Շարունակաբար ուժի դիրքերից հանդես գալը դարձել է սովորական երևույթ բանակցող և հակամարտող կողմերի համար: Բայց միանշանակ ասել, որ կա պատերազմով հակամարտությունը լուծելու մտադրություն, ես չեմ կարող»,- նկատեց Հայոսը:
Գերմանացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտն իր հերթին՝ մեզ հետ զրույցում ասաց, որ հակամարտության պատմության ընթացքում առաջին անգամն է, որ հակամարտող երկրներից մեկում նման մասշտաբի ներքաղաքական ցնցում, փոփոխություն է տեղի ունենում: Նրա գնահատմամբ՝ սա յուրահատուկ իրավիճակ է:
«Սա մեծ մարտահրավեր է, որի պարագայում համանախագահներն ավելի մեծ զգոնությամբ պետք է գործեն և արձագանքեն այն ամենին, ինչ տեղի է ունենում սահմաններում, քանի որ կողմերից որևէ մեկը կամ շահագրգիռ խմբեր կարող են օգտվել այս իրավիճակից`մեծ լարվածություն հրահրելով Հայաստանի և Ադրբեջանի միջև: Իմ կարծիքով` այս հանդիպման ընթացքում շեշտը դրվել է հրադադարի պահպանման վրա, քանի որ ներկայումս հրադադար չկա: Տարօրինակ է նաև, որ համանախագահները Հայաստան այցի առիթը չեն օգտագործել տարածաշրջանային այց կատարելու նպատակով, քանի որ հակամարտության գոտում ամեն բան լիովին խաղաղ չէ, ուստի կարելի էր այս առիթը օգտագործել համապատասխան շփումների ակտիվացման համար»,- նման տեսակետ հայտնեց գերմանացի քաղաքագետը:
Սյուզան Ստյուարտի կարծիքով, ՀՀ իշխանությունները և Հայաստանը, Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունների ֆոնին, Ադրբեջանից մի քանի քայլ առաջ են:
«Ուստի Հայաստանի իշխանությունների ներկայիս բոլոր ուղերձները համանախագահներին կարող են որոշիչ լինել: Հենց այդ պատճառով կարծում եմ, որ այս հանդիպումն այդ իմաստով կարևոր է եղել: Ըստ իս, համանախագահները լսել են ՀՀ պատկան մարմիններին, նրանց այցի նպատակը դա էր: Հետագա քայլերը պետք է լինեն բանակցությունները՝ ավելի լայն ձևաչափերով»,- նկատեց Սյուզան Ստյուարտը:
Հարցին, թե Նախիջևանի հատվածում ադրբեջանական ուժերի կողմից դիրքերի առաջ բերումը ի՞նչ ուղերձ է հայկական կողմին, Սյուզան Ստյուարտը պատասխանեց, որ ցանկացած նման իրավիճակում կողմերը փորձում են հնարավորինս լավ դիրքեր ունենալ:
«Իմ կարդացած տեղեկություններով, այնուամենայնիվ, այն դիրքերը, որոնք նոր են, այնքան էլ շահեկան չեն ադրբեջանական կողմի համար, պարզապես նրանք է՛լ ավելի են մոտեցրել իրենց դիրքերը և հայտնվել են է՛լ ավելի բարձր խոցելիության տակ: Կարծում եմ` մեծ նշանակություն այստեղ տեղի ունեցողին տալ պետք չէ, քանի որ պատերազմ սահմանի այս հատվածից չի սկսվի, դա շատ վտանգավոր կարող է լինել: Չեմ կարծում, որ Ադրբեջանի նպատակը դա է»,- ասաց Ստյուարտը: