
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դատապարտեց Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձեւ է ընդունել, որը դատապարտում է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում։
Փաստաթղթին հավանություն է տվել 120 պետություն, ներառյալ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ֆրանսիան եւ Թուրքիան, դեմ Է հանդես եկել 8 պետություն, այդ թվում՝ Իսրայելը, ԱՄՆ-ը, Ավստրալիան, Նաուրուն, Տոգոն, Միկրոնեզիան եւ Սողոմոնյան կղզիները, եւս 45 երկիր ձեռնպահ է մնացել, նրանց թվում են՝ Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Գերմանիան, Կանադան, Լեհաստանը: Արաբական պետությունների կողմից պատրաստված բանաձեւի նախագիծը «ափսոսանք է հայտնում պաղեստինյան օկուպացված տարածքներում, ներառյալ Արեւելյան Երուսաղեմը եւ Գազայի հատվածը, Պաղեստինի խաղաղ բնակիչների դեմ Իսրայելի կողմից ուժի չափազանց, անհամաչափ ու համատարած կիրառման համար»:
Փաստաթուղթը Իսրայելից պահանջում է «ձեռնպահ մնալ նման գործողություններից եւ կատարել օրինական պարտավորությունները»:
Նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոչ էանում «օպերատիվ գործողություններ ձեռնարկել անհապաղ, կայուն եւ լիովին իրագործվող հրադադարի ապահովման համար», ինչպես նաեւ «կոչ է անում քննարկել պաղեստինյան օկուպացված տարածքներում, ներառյալ Գազայի հատվածը, Պաղեստինի քաղաքացիական բնակչության անվտանգության ու պաշտպանության ապահովման միջոցառումներ», հաղորդել էՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AFP