«Ադրբեջանը պատրաստ է պատերազմի, քան նման զիջումների»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի վերջին բոլոր հայտարարությունները, որոնք, մասնավորապես, հնչել են ՀՀ Կառավարության ծրագիրը ներկայացնելիս և Լավրով-Մնացականյան բանակցությունների ժամանակ, հարուցել են ադրբեջանական մամուլի անհանգստությունը:
Օրերս ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք կարևոր ուղերձներ հղեց Ադրբեջանի իշխանություններին և ժողովրդին: Նախ՝ նա մանրամասնորեն վերահաստատեց ավելի վաղ հայտնած կարծիքը, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցությունները չեն կարող արդյունավետ համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախի ղեկավարությունը: Նրա խոսքով՝ այն, որ Արցախը բանակցությունների լիարժեք կողմ է, հաստատվել է 1994 թվականի Բուդապեշտում ԵԱՀԿ գագաթաժողովում:
«Մինչև 1998 թվականի բանակցային գործընթացը տեղի է ունեցել հենց այդ ձևաչափով: 1998-ից հետո ՀՀ իշխանությունները բանակցել են նաև Ղարաբաղի անունից: Ճիշտ են արել, թե սխալ, ուրիշ խնդիր է, բայց դրա համար ունեցել են պատճառ: Ռոբերտ Քոչարյանը Հայաստան գալուց առաջ եղել է Ղարաբաղի ընտրված նախագահ, իսկ Սերժ Սարգսյանն Արցախի ինքնապաշտպանության կազմակերպիչներից է, և հետևաբար՝ նրանք կարող էին ունենալ կամ իրենց վերագրել Ղարաբաղի անունից՝ բանակցելու մանդատ: Նույնը չեմ կարող անել ես, որովհետև դրա համար չկա ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական հիմնավորում: Ղարաբաղի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանի ընտրություններին, փոխարենը՝ ունի իր իշխանությունը, և Արցախի ժողովրդին կարող է ներկայացնել միայն իր լեգիտիմ իշխանությունը»,- հայտարարել է Փաշինյանը:
Նա նաև անդրադարձել էր Ադրբեջանի իշխանությունների պնդումներին, թե որպես ինքնուրույն կողմ՝ բանակցություններին պետք է մասնակցեն նաև Ղարաբաղի, այսպես ասած, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները:
«Սա կեղծ փաստարկ է, որովհետև Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների իրավական կարգավիճակը որևէ փոփոխություն չի կրել կոնֆլիկտի պատճառով: Նրանք շարունակում են մնալ Ադրբեջանի քաղաքացի և որպես Ադրբեջանի քաղաքացի էլ շարունակում են մասնակցել Ադրբեջանի ընտրություններին: Ասել է թե՝ Ալիևը բանակցություններին մասնակցում է նաև այդ մարդկանց տված մանդատով, ասել է թե՝ այդ մարդիկ արդեն ներգրավված են բանակցություններում՝ ի դեմս Ադրբեջանի նախագահի»: Նա նաև հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Ադրբեջանի նախագահի հետ ԵԱՀԿ համանախագահության շրջանակներում, բայց բանակցությունների արդյունավետությունը բարձրացնելու առումով կարևոր է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելը:
Փաշինյանը նաև նշել էր. «Երբ Ադրբեջանը սպառնում է մեզ, մենք հայտարարենք, որ պատրաստ ենք փոխզիջումների, դա ճիշտ մոտեցում չէ: Եթե դիմացինը պատրաստվում է պատերազմի, մենք էլ դրան պետք է պատրաստվենք: Մենք չենք պատրաստվում պարտության: Մենք մեր հանրությանը պատրաստում ենք հետագա հաղթանակների: Եթե հակառակորդը ցույց կտա, որ պատրաստվում է խաղաղության, մենք էլ կպատրաստվենք խաղաղության»: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևն անդրադառնալով այս հայտարարություններին՝ ասել է, որ Հայաստանի ղեկավարության նման հայտարարությունները գնահատում են՝ որպես բանակցային գործընթացը խոչընդոտելուն և «օկուպացիայի» վրա հիմնված առկա ստատուս-քվոն պահպանելուն ուղղված քայլ:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ Փաշինյանն այս հայտարարություններն անում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` Հայաստան կատարելիք այցի շեմին:
Հունիսի 7-ին Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն իր հերթին հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի համար շարունակում են որպես հենման կետեր մնալ ԼՂ ժողովրդի կարգավիճակն ու անվտանգությունը:
Ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարձագանքի Երևանը, եթե Ադրբեջանը, թեկուզ դիտորդի կարգավիճակով, որոշի մտնել կազմակերպություն, Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ, եթե Բաքուն մի պահ որոշի մտնել ԵԱՏՄ, ապա Երևանը դեմ կլինի։ Նա ընդգծել է, որ Բաքվի քաղաքականությունն ուղղված է փոխգործակցության ցանկացած գործընթացի դեմ. այդ երկիրը չի ստեղծում վստահության մթնոլորտ, չի նպաստում մարդկային շփումների հաստատմանը։
«Մենք ունենք ցանկացած փոխհարաբերություններից բացարձակ հրաժարման իրավիճակ, նույնիսկ՝ մարդկային շփումներից, էլ չեմ խոսում տնտեսականի մասին։ Այս դեպքում ինչի՞ մասին ենք խոսում: Որ մենք դիտորդ ունենանք, ով անտեսո՞ւմ է երկրներից մեկին, որ կարծում է, որ այդ երկրի հետ չարժե անգամ խոսե՞լ»,- ասել է Մնացականյանը:
Զուգահեռաբար՝ ադրբեջանական կողմը Նախիջևանի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանում դիրքերի փոփոխման աշխատանքներ է իրականացնում, իսկ հունիսի 7-ին, ժամը 23:30-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը:
«168 Ժամի» հետ զրույցում գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարն ասաց, որ ՀՀ նոր իշխանությունները ներկայումս այնպիսի ներքին ու արտաքին աջակցություն են վայելում, որը նրանց թույլ է տալիս Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ավելի վստահ դիրքերից հանդես գալ, նոր օրակարգ թելադրել կարգավորման բանակցություններին: Նրա որակմամբ՝ տեսանելի է հռետորաբանության ոչ այնքան՝ բովանդակային, որքան՝ հռետորաբանության բնույթի, սրության փոփոխություն:
«Ներկայումս և՛ միջնորդները, և՛ Ադրբեջանի իշխանություններն ուշի ուշով հետևում են ՀՀ նորընտիր իշխանությունների հայտարարություններին, փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում, և իրականում ինչպիսի զարգացումներով են հետաքրքրված ՀՀ իշխանությունները:
Վստահությանը զուգահեռ՝ կան ուղերձներ, որոնք հակասական են, օրինակ` պնդումը, որ հասարակությանը պետք չէ պարտության և խաղաղության պատրաստել, սակայն Փաշինյանը նաև պատրաստ է բանակցությունների իր ադրբեջանցի կոլեգայի հետ: Բայց սա կարելի է հասկանալ. դիվանագիտական հնարքներ են, որոնց նպատակը հակառակորդին ճնշելն է, ցույց տալը, որ Հայաստանը պատրաստ է լինելու Ղարաբաղյան զարգացումների ցանկացած սցենարի:
Հայաստանը ներկայումս ունի արտաքին բոլոր գործընկերների աջակցությունը, ինչը չենք կարող ասել ժողովրդավարությունից հեռացող Ադրբեջանի իշխանությունների համար, որոնց արտաքին հարաբերությունները և արտաքին քաղաքականությունը խիստ կասկածելի է և անվստահ»,- նման տեսակետ հայտնեց Ալեքսանդր Ռարը:
Ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ երկու առաջնորդներից էլ հնչում է պատերազմական հռետորաբանություն:
«Ես դա դժվարությամբ կարող եմ դիվանագիտություն նշել, Հայաստանի վարչապետի դեպքում դիվանագիտությունն ու պատերազմական հռետորաբանությունը միախառնված է, կա ցանկություն բանակցային գործընթացում թելադրող դիրքերի հասնելու: Բնականաբար, դժվար է այս իրավիճակում ակնկալել, որ Ադրբեջանը կհամաձայնի Արցախի մասնակցությանը բանակցային գործընթացին, Ադրբեջանն այդ հնարավորությունն ամբողջությամբ մերժում է, առավելապես պատրաստ է պատերազմի, քան նման զիջումների:
Բայց կա նաև Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դերակատարությունը: Այս պահին անհասկանալի է ինձ համար, թե ինչ դիրքորոշում ունեն նրանք Արցախի մասնակցության հարցի վերաբերյալ: Չի բացառվում, որ դիրքորոշումը լինի բացասական, քանի որ արտգործնախարարների հանդիպման ժամանակ Լավրովի արձագանքը չափազանց անորոշ և անհասկանալի էր, Լավրովն այդ հարցի և դրա հետևանքների պատասխանատվությունը դրեց կողմերի վրա, միևնույն ժամանակ՝ կա արևմտյան ճնշում Ադրբեջանի իշխանությունների վրա, որը, հայտնի չէ, թե ինչպես կավարտվի այս հարցում»,- ասաց Ֆելգենգաուերը:
Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը չի կանխատեսում փոփոխություններ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում և հակամարտության գոտում հռետորաբանության այս փոփոխություններից հետո: «Մոտ ապագայում ևս փոփոխություններ չեմ կարող կանխատեսել: Կողմերն ըստ էության հայտնում են, որ պատրաստվում են պատերազմի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հուսանք, ավելի ստեղծարար կգտնվեն և կփորձեն կանգնեցնել վտանգը»,- ասաց Ռարը:
Նրա կարծիքով՝ նրանք կարող են հակամարտության կարգավորման օգտին շրջել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները: «Թե ինչպես՝ նրանք ավելի լավ գիտեն»,- նկատեց Ռարը: