Ինչի կհանգեցնի իրավիճակի սրումը. Ադրբեջանը շարունակում է պատրաստվել Նախիջևանում

Նախիջևանի ուղղությամբ ՀՀ հարավ-արևմտյան առաջնագծում ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողությունները շարունակում են մտահոգիչ մնալ: Օրերս սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածվեցին, թե հայկական ստորաբաժանումները դիրքեր են զիջել Ադրբեջանին հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում, և հսկայական տարածք անցել է հակառակորդի վերահսկողության տակ։ Խոսքը, մասնավորապես, Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի մոտ գտնվող ադրբեջանական նոր դիրքի մասին էր:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, փակագծեր չբացելով, պարզաբանել է ստեղծված իրավիճակը՝ հորդորելով զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց: Հովհաննիսյանը նշել է, որ այդ դիրքն ադրբեջանցիները տեղակայել են իրենց տարածքում, ինչին ի պատասխան՝ հայկական կողմը ևս բարելավել է իր դիրքերը, ինչը բնականոն աշխատանք է: Նրա խոսքով, մեկ դիրքի կամ բարձունքի փոփոխությունը ողջ իրավիճակի վրա չի կարող ազդել և այդ դիրքի փոփոխությունն իրավիճակ չի փոխում: Ըստ ՊՆ ներկայացուցչի, հայկական զինված ուժերն ավելի շատ ադրբեջանական բնակավայրեր են դիտարկում, քան հակառակորդը` հայկական:

«ՀՀ ԶՈւ-երը մշտական մարտական հերթապահություն ու աշխատանք է կատարում ՀՀ ողջ սահմանի երկայնքով: Նախիջևանյան հատվածում այդ աշխատանքները ընթանում են բնականոն և ցանցում հնչեցված հատվածներում ևս կատարվում է մեծ մարտական ու ոչ միայն մարտական աշխատանք: Նշված գյուղերի բնակիչները դա լավ գիտեն, իրենց հետ տեղի են ունենում նաև ակտիվ քննարկումներ: Որևէ մեկ մարտական դիրքով կամ մարտավարական ճակատում (ջոկ-դասակ-վաշտ) եղած բարձունքով չի որոշվում մեր մարտունակությունն ու ունակությունը: Մենք ևս ունենք բազում գերիշխող դիրքեր ու բարձունքներ: Հաճախ այստեղ հնչեցված հարցադրումները ուղղակի խանգարում են մեր կողմից կատարվող աշխատանքների հաջող իրականացմանը: Խնդրում եմ ցուցաբերել զսպվածություն»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ ավելի վաղ` մայիսի 18-ին, ՀՀ պաշտպանության և ՀՀ արտաքին գործերի նախարարներ Դավիթ Տոնոյանը և Զոհրաբ Մնացականյանն էին այցելել ՀՀ հարավ-արևմտյան առաջնագիծ: Նախարար Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը հանձնարարել էր լինել մշտապես զգոն, չտրվել որևէ սադրանքի, սակայն խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած առաջխաղացում: Փաստորեն, Նախիջևանում ադրբեջանական ուժերի նախաձեռնած ինժեներական աշխատանքները դիրքերում սկսվել էին ավելի վաղ:

Սակայն Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական ակտիվության արմատները շատ ավելի խորն են: Փետրվարի սկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության 6-րդ համագումարում ելույթ ունենալիս հայտարարել էր, որ Ադրբեջանի քաղաքական և ռազմավարական նպատակը Երևանը վերադարձնելն է՝ նշելով, որ այն «իրենց պատմական տարածքն է»: Այս հայտարարությունը լուրջ անհանգստություն էր առաջացրել հայ հասարակության, քաղաքական և ռազմական շրջանակներում: Եղան նույնիսկ գնահատականներ, որ, եթե ադրբեջանական կողմն իսկապես նկրտումներ ունի հայկական տարածքների նկատմամբ, ապա դա կփորձի նախաձեռնել Նախիջևանի ուղղությունից, և այս ուղղությունն անտեսել չի կարելի:

1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանն օրերս լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանը Հայաստան-Նախիջևան սահմանում լարվածության անընդհատ աճի քաղաքականություն է վարում: «Այդ կերպ նպատակ է հետապնդում առաջ քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ մի այլ բանակցային ձևաչափ՝ Թուրքիայի մասնակցությամբ»,- պնդել է Դավիթ Շահնազարյանը:

Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն «168 Ժամի» հետ զրույցում Դավիթ Շահնազարյանի պնդումը չափազանց իրատեսական համարեց: Ըստ նրա՝ հաշվի առնելով թուրքական ռազմական ուժերի ընդլայնվող ներկայությունը Նախիջևանում և թուրքական մեծ ազդեցությունը, այստեղ դժվար է տարանջատել ադրբեջանական և թուրքական ուժերը:

«Գաղտնիք չէ նաև, որ երկար տարիներ Ադրբեջանն անվստահություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին, փորձում հեղինակազրկել, տապալել այդ հարթակը, վիրավորելով միջնորդներին: Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ էլ մեկ այլ մարտավարություն է կիրառում` ջանում է ընդլայնել կամ Մոսկվայի, կամ Անկարայի ազդեցությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում

: Փորձում է առանձին երկրների միջոցով կարգավորել հակամարտությունը՝ անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խումբը: Վերջին տարիներին Բաքուն դա փորձում է անել Մոսկվայի միջոցով: Ժամանակ առ ժամանակ ակտիվացնում է բանակցություններին Թուրքիայի մասնակցության հարցը կամ այլ ձևաչափերի մասին է խոսում, որը բացառում են, ըստ էության, բոլոր միջնորդներն ու Հայաստանը, և ինչն անհնար է: Բայց այս քաղաքականությունից Բաքուն չի հրաժարվում և հնարավորության դեպքում օգտագործում է Թուրքիային առաջին պլան բերելու իր նպատակը»,- ասաց Մալաշենկոն:

Սակայն, նրա կարծիքով, չնայած քաղաքական փաստերի համադրմանն ու վերլուծություններին, պնդումներին, թե պատերազմն անհնար է, կողմերը պետք է զբաղվեն միմյանց վերահսկելով, ինչն էլ անում են:

«Ինչպես հեղինակավոր կենտրոններն են նշում, ԼՂ հակամարտության գոտում այս տարի լայնածավալ բախումների վտանգ կա: Ուստիև պետք է պատրաստ լինել հայ-ադրբեջանական սահմանին, որը կարող է վերաճել այլ լրջության հակամարտության, մյուս կողմից՝ Ղարաբաղյան ուղղությամբ, որը միշտ ադրբեջանական ուժերի սուր հսկողության տակ է: Այլ հարց է, որ ինքս չեմ տեսնում երկարաժամկետ բախումների հնարավորություն, որովհետև, ի թիվս մի շարք այլ հանգամանքների` երկարատև պատերազմ ունենալու ներուժի բացակայություն, պատերազմ վարելու ցանկության բացակայություն, կա նաև ռուսական գործոնը, որը զսպող գործոն է:

Այս օրերին ևս Ռուսաստանը շարունակում է զինել Հայաստանին, ինչպես ապրիլյան պատերազմից հետո: Ռուսաստանը թույլ չի տալու պատերազմ այստեղ, քանի որ դա Մոսկվային կդնի ընտրության առջև, որին նա պատրաստ չէ»,- ասաց Մալաշենկոն:

Թուրք քաղաքական վերլուծաբան Բասքըն Օրանն ասաց, որ թեև Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման փորձեր չի անում, դեռ չի դիտարկում այդ հարցն իր արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում, ինչը բացասական հանգամանք է, չի ցանկանում նաև էլ ավելի սրել Հայաստանի հետ հարաբերությունների բնույթը:

Դա, նրա խոսքով, նշանակում է, որ Թուրքիայի իշխանություններն Ադրբեջանին չեն հրահրի կամ նրա ռազմական գործողություններին սահմանի այս կամ այն հատվածում պաշտոնական աջակցություն չեն ցուցաբերի, նույնը վերաբերում է նաև Նախիջևանին:

«Բայց Թուրքիան չի կարող չսատարել Ադրբեջանին՝ որպես գործընկերային երկիր, Թուրքիան աջակցում է, Ադրբեջանի կողքին է, բայց հնարավորության դեպքում, կարծում եմ, Թուրքիայի իշխանություններն Ադրբեջանին հրապարակային աջակցություն չէին ցուցաբերի՝ էլ ավելի լարելով հայ-թուրքական հարաբերությունները:

Արևմուտքի հետ լարված հարաբերությունների ֆոնին Թուրքիան հայկական հարցերի ուղղությամբ զգուշավորություն է ցուցաբերելու: Այլ հարց է, որ թուրք-ադրբեջանական սերտ համագործակցությունը, այդ թվում՝ ռազմական ոլորտում, Ադրբեջանը կցանկանա օգտագործել Հայաստանի դեմ՝ ԼՂ հակամարտությունում դիվիդենտներ շահելու համար:

Այսինքն` Ադրբեջանն ինքն է շահարկում թուրքական խաղաքարտը, որը, ըստ իս, այս հարցում գոյություն չունի: Թուրքիան պետք է փորձի բավականին զուսպ քաղաքականություն վարել՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Երևանում արդեն նոր իշխանություններ են, տարածաշրջանում շատ այլ զարգացումներ կան, Թուրքիայի իշխանությունները մեծ ջանքեր պետք է գործադրեն ողջամտություն ցուցաբերելու համար»,- ասաց Օրանը:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտությանը` Օրանն ասաց, որ հակամարտության վերսկսման վտանգ կա:

«Եթե կողմերը դիրքեր են փոխում, դա ի՞նչ է նշանակում: Ինչո՞ւ են փոխվում դիրքերը: Կարծում եմ` պատասխանն ակնհայտ է: Հնարավորության դեպքում Ադրբեջանը կփորձի պարտադրել հակամարտության լուծում ուժի կիրառման միջոցով»,- ասաց Օրանը:

Հարցին, թե ինչպե՞ս կվարվի Ռուսաստանը Նախիջևանի ուղղությամբ իրավիճակի սրման դեպքում, Ալեքսեյ Մալաշենկոն պատասխանեց, որ Ռուսաստանից նորարարական մոտեցումներ չի ակնկալում: «Կարծում եմ` բոլոր ջանքերը կուղղվեն, որպեսզի հակամարտության թեժ փուլը «մարվի», և սկսվեն բանակցություններ: Ռուսաստանն իրեն կդրսևորի՝ ինչպես միշտ, իմ համոզմամբ»,- ասաց Մալաշենկոն:

Տեսանյութեր

Լրահոս