Բաժիններ՝

«Ավելի լավ է՝ մեկ տարի ուշ սկսել, բայց լավ պատրաստված լինել». Տնտեսագետը՝ կուտակայինի պարտադիր բաղադրիչը 1 տարով էլ հետաձգելու մասին

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը գտնում է՝ ավելի լավ է մեկ տարի ուշ, բայց լավ պատրաստված ներդնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Իսկ  այն, որ պարտադիր բաղադրիչը Հայաստանում պետք է գործի, ըստ նրա, միանշանակ է։

Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտարարել էր, որ պատրաստվում են մեկ տարով հետաձգել համակարգի ներդրումը, որպեսզի այն լրամշակվի և բարելավվի։

«Եթե նման առաջարկ են արել, ենթադրում եմ, որ հաշվարկել են, որ այս պահին պարզապես պատրաստ չեն։ Դա լուրջ բեռ է։ Եթե ինձ հարցնեք, ավելի լավ է՝ մեկ տարի ուշ սկսել, բայց լավ պատրաստված լինել»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Թ. Մանասերյանը։

Ըստ նրա՝ համակարգի բարեփոխման էությունը ճիշտ չի ներկայացվել հանրությանը. «Այն օրենքում, որը ներկայացվեց սկզբում, պատասխանատվության ինստիտուտը բացակայում էր։ Եթե կառավարիչն ի վերջո ձախողի, ո՞վ է պատասխան տալու դրա համար, ժողովրդական լեզվով ասած՝ թոշակառուների փողով պետք է ղումար խաղային։ Բոլոր քաղաքակիրթ երկրներում, որտեղ այս համակարգը ներդրված է, դա ապահովագրված է, և պետք է հեղինակները չզլանային, ու այդ մասն ապահովեին։ Այդ խնդիրը լուծվել է, բայց դա այն խնդիրն էր, որով ձախողեց ոչ միայն այդ ռեֆորմն այն փուլում, այլև՝ այդ կառավարությունն ուղղակի հրաժարական տվեց։ Այսօր մենք խնդիր ունենք դա ճիշտ ներկայացնելու, մատուցելու»։

Ասուլիսին ներկա տնտեսագետ Բագրատ Ասատրյանն էլ նկատեց, որ «բացառիկ իրավիճակ» է ձևավորվել Հայաստանում. «Այո, մենք գիտենք, որ տարիներ շարունակ բացահայտ անվստահություն կար իշխանության որևէ գործողության նկատմամբ, բայց հիմա մթնոլորտը փոխվել է, ու այս մթնոլորտի փոփոխությունը, մենք բոլորս պետք է ջանանք, որ ուղղենք դեպի մեր ապագային։ Իսկ սա մեր ապագան է։ Մի բան է՝ լինել հրապարակում հեղափոխական, մեկ այլ բան է՝ այս հոգսերը շալակած փորձել տանել առաջ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս