«Ժամանակավոր կառավարության դեպքում բեկում Ղարաբաղյան կարգավորման գործընթացում բացառում եմ»․ վերլուծաբան
«Ադրբեջանը կփորձի ժամանակ շահել»,- 168․am-ի հետ զրույցում այս մասին ասաց եվրոպացի կովկասագետ Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումներին։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է Ստեփանակերտին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնել, ասել է. «Ես կսահմանափակվեմ միայն ասելով, որ մեր կարևորագույն նպատակը՝ դա վերներգրավել բանակցությունների մեջ՝ բացառապես Մինսկի խմբի նախագահության շրջանակներում»։
Սակայն նա նաև նշել է, որ կարևորագույն խնդիր է բանակցությունների դինամիկան պահպանելը։
«Ներկայիս կարևորագույն խնդիրը պահպանելն է դինամիկան բանակցությունների, մենք պատրաստ ենք ներգրավվել, շուտով արդեն կլսենք, դուք տեղյակ եք, որ մենք մշտական կապի մեջ ենք համանախագահների հետ, նորից առիթներ են լինելու, և այս շաբաթ է եղել, այս շաբաթավերջ կլսեք, մյուս շաբաթվա սկիզբ, մենք արդեն հեռախոսազրույց ենք ունեցել Ռուսաստանի արտգործնախարարի հետ, էլի լինելու են կապեր, Ֆրանսիայի արտգործնախարարն է լինելու Հայաստանում և Միացյալ Նահանգներում»,- ասել է արտգործնախարարը։
Նույն օրն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ծիծաղելի է որակել հայկական կողմի՝ Արցախին բանակցային սեղան վերադարձնելու ցանկությունը։ Նա նշել է, որ հայկական կողմի այդ ցանկությունը չի նպաստում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Կոնրադ Զաշտովտի խոսքով, ՀՀ նոր իշխանությունների առաջարկած մոտեցմանն այլընտրանք բանակցային գործընթացում չկա։ Սակայն, ըստ նրա, Էլմար Մամեդյարովի մեկնաբանություններից պարզ դարձավ, որ ադրբեջանական կողմը դեռ պատրաստ չէ Արցախի հետ քննարկել կարգավորման հարցը։ Այսինքն, լեհ քաղաքագետի գնահատմամբ՝ առաջիկա բանակցությունները պետք է ժամանակավորապես շարունակվեն նախկին ձևաչափով, այլապես կընդհատվեն։
«ՀՀ ԱԳ նախարարի խոսքերում իրատեսականություն եմ տեսնում։ Նա նշեց, որ գլխավոր նպատակն է՝ Արցախը միացնել բանակցություններին, բայց կարևորագույն նպատակներից է նաև բանակցությունների դինամիկան վերականգնելը, որը խախտվել է Ադրբեջանի նախագահական ընտրություններից և Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո։
Համաձայն եմ ՀՀ ԱԳ նախարարի հետ, որ սա ներկայումս ամենակարևոր խնդիրն է, քանի որ սահմանի տարբեր հատվածներում կան մտահոգիչ տեղեկություններ դիրքերի փոփոխության վերաբերյալ, ինչն ազդանշան է, որ բանակցություններն օր առաջ պետք է վերսկսվեն, քանի որ դիրքային փոփոխությունները սովորաբար փոխհրաձգության և զոհերի պատճառ են դառնում, զարգացումները կարող են կրկին անդառնալի լինել, ինչպես երկու տարի առաջ։
Ողջունելի է, որ ՀՀ նոր ԱԳ նախարարը փորձում է արագորեն վերականգնել իր կապը միջնորդների, համանախագահների հետ, նրան բարդ աշխատանք է սպասվում՝ հաշվի առնելով Ղարաբաղյան բանակցությունների բարդ պատմությունն ու էությունը, որոնցում արդեն մասնագիտացել էր նախորդ նախարարը։ Այնուամենայնիվ, իմ համոզմամբ, նրա մեկնաբանությունները ցույց են տալիս, որ խնդիրներն իր համար պարզ են, ուստի մտահոգվելու առիթ չկա»,- ասաց Զաշտովտը։
Լեհ քաղաքագետը պատահական չի համարում, որ Մնացականյանը շեշտադրում է բանակցությունների վերսկսման հարցը, քանի որ Արցախի մասնակցության վրա մեծ ուշադրությունը կբարդացնի բանակցային գործընթացի վերսկսումը։ Բայց, նրա համոզմամբ, պետք է կարողանալ դիվանագիտական ճկունության միջոցով իսկապես այս ցանկությունն իրականություն դարձնել և տեղում չդոփել այս հարցում, ինչպես նախորդ բանակցողները հայկական կողմից։
Խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ղարաբաղյան դիտարկումներից՝ Զաշտովտն ասաց, որ Դոնալդ Թրամփը՝ հաշվի առնելով իր ազդեցությունն Ադրբեջանում և Հայաստանում, որոշակի տարածաշրջանային զարգացումները, հույս ունի կարգավորել հակամարտությունը։
«Սակայն Ռուսաստանի ազդեցությունն այստեղ չեզոքացած չէ, պարզ չէ, թե ինչ արձագանքներ կստանան հակամարտող երկրներում ամերիկյան նախաձեռնությունները, հատկապես, երբ դրանց բովանդակությունն այսօր անորոշ է։ Սա այն տարածաշրջանն է, որտեղ իր դիրքերը Ռուսաստանը չի զիջի ոչ մի դեպքում։ Էլմար Մամեդյարովի դիտարկումները ևւս ցույց տվեցին, որ դիրքորոշումները չեն փոխվել, ավելին, կարծրացել են։
Հաշվի առնելով ՀՀ իշխանությունների ժամանակավոր բնույթը, Ադրբեջանն այս իշխանությունների հետ լուրջ զիջումների չի գնա, կփորձի ժամանակ շահել։ Ժամանակավոր կառավարության դեպքում բեկումը կարգավորման գործընթացում բացառում եմ»,- ասաց Զաշտովտը։