«Երկքաղաքացիությունը ծնում է ոչ պակաս սպառնալիքներ. չէ՞ որ դա, ըստ էության, ստեղծում է «կրկնակի լոյալության» վտանգ». Արեգ Գալստյան

The Armenian Interest գիտավերլուծական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Եվ այսպես, երկպալատ խորհրդարանի գաղափարի մասին։ Անձամբ ինձ՝ որպես հետազոտողի, հետաքրքրում են մի շարք ծայրահեղ կարևոր հարցեր։

1. Լեգիտիմությունը։

Ներկայացուցիչները պետք է ընտրված լինեն որոշակի ժամկետով ու ունենան հստակ պարտավորություններ իրենց ընտրողների առջև։ Թե ի՞նչ մեխանիզմի հիման վրա համայնքներում պիտի անցկացվեն ընտրությունները, ինչպե՞ս դա պետք է տեխնիկապես իրականացվի, և ինչպիսին է համայնքից հայկական խորհրդարանի պալատներից մեկը տեղափոխվելու տեխնոլոգիան։ Մարդը, ով կկարողանա ներկայացնել նման տեխնիկական մոդել, պետք է ամենաքիչը Նոբելյան մրցանակ ստանա։ Իրենց հայրենիքի պետական մարմիններում Սփյուռքի ներկայացվածության լեգիտիմության խնդրի վրա մինչև այժմ գլուխ են կոտրում Հնդկաստանը, Իռլանդիան, Իտալիան, Իսրայելը և Լեհաստանը։

Ես լսել եմ վարկածն այն մասին, թե դա կարող է լինել Պալատ, ուր ներկայացված կլինեն համայնքներից հայրենադարձվածները։ Նման փորձ չկա, ու դրա ներդրումը իմաստազուրկ է։

Հայրենադարձն այն մարդն է, ով ինքնակամ իր կյանքը կապել է Հայաստանի հետ, ու այդ պահից սկսած՝ նա դառնում է նրա տարրն ու համայնքի հետ այլևս կապ չպետք է ունենա։ Բայց անգամ բոլոր դրական ելքերի դեպքում նույն լեգիտիմության հարցն է առաջանում. իսկ ո՞վ է որոշել, որ հենց այդ հայրենադարձներն են հանդիսանում իրենց համայնքների ձայնը։ Եթե ձեզ չեն ընտրել, ուրեմն դուք լեգիտիմություն չունեք, ու երկրորդ կարծիք այստեղ լինել չի կարող։

2. Ատրիբուտիվությունը։

Ենթադրենք, թե համայնքներում ստեղծված են եղել բոլոր անհրաժեշտ մեխանիզմները, և լեգիտիմության խնդիրը լուծված է։ Հաջորդ հարցը՝ նրանք մնում են իրենց երկրների քաղաքացինե՞րը, թե՞ընդունում են հայկական հպատակություն։ Եթե նրանք պահպանում են իրենց նախկին անձնագրերը, ապա վտանգավոր իրավիճակ է առաջանում, երբ Հայաստանի պետական ինստիտուտը սկսում է լցվել այլ երկրների քաղաքացիներով։ Իսկ եթե նրանք հրաժարվում են այդ անձնագրերից ու ընդունում են հայկականը, ապա վայրկենապես անհետանում է նրանց համայնքային լեգիտիմության ատրիբուտը։ Բացի դրանից, իմաստ էլ չկա. ընդունեք Հայաստանի քաղաքացիություն ու ազատորեն զբաղվեք քաղաքականությամբ՝ կողմնորոշվելով դեպի ազգային շահեր։

Երկքաղաքացիությունը ծնում է ոչ պակաս սպառնալիքներ. չէ՞ որ դա, ըստ էության, ստեղծում է «կրկնակի լոյալության» վտանգ, ինչի մասին շատ են գրել Ալեքսանդր Դե Կոնդեն և Բրյուս Ռոբբինսը։ Իհարկե, լուրջ պետական զտիչների ու ստուգումների ստեղծման պարագայում այդ տարբերակը կարելի է տեսականորեն դիտարկել։

3. Ֆինանսավորումը։

Ո՞վ է այդ ամենի համար վճարելու։

Առաջինը՝ համայնքում ընտրական մեխաանիզմների ստեղծումը թանկ հաճույք է (կա իռլանդացիների՝ էլեկտրոնային մուտքերի փորձը, որից ձևավորվում է բյուջեն, բայց մեր պայմաններում դա շատ ժամանակ կզբաղեցնի, քանի որ չկա ֆունդամենտալ բազա)։

Երկրորդը՝  ո՞վ է այդ սփյուռքյան պալատի անդամներին աշխատավարձ վճարելու։ Հայաստանի հարկատունե՞րը։ Անհնար է, քանի որ նրանք չեն ապահովում այդ պատգամավորների լեգիտիմությունը։

Համայնքային ընտրազանգվածի մուտքերի՞ց։ Կրկին ի հայտ է գալիս նման համակարգի մեխանիզմի բարդությունը (տեսականորեն հնարավոր է, սակայն կպահանջվեն շատ ռեսուրսներ ու ժամանակ)։

Տեղական համայնքային օլիգարխնե՞րը։ Այդ ժամանակ ռիսկ է առաջանում դառնալ «համայնքային պատգամավոր» ու մասնավոր կամ խմբային շահերի սպասարկող։

4. Ֆունկցիոնալն ու իրավասությունները։

Այդ պալատին լուրջ իրավասություններ փոխանցելու համար անհրաժեշտ է Սահմանադրության և այլ նորմատիվ-իրավական ակտերի մեջ փոփոխություններ մտցնել։

Այդ ժամանակ կոնֆլիկտ է առաջանում համայնքի ու հայկական լեգիտիմության միջև։ Չէ՞ որ նման փոփոխություններ կատարելը Հայաստանի քաղաքացիների բացառիկ իրավունքն է, իսկ համայնքը գործընթացից կտրված է լինում։

Ասում են, թե դա դիտորդական ֆունկցիա ունեցող պալատ է լինելու։ Լավ, բայց կներեք, ուրեմն ո՞րն է այդ դեպքում դրա ստեղծման իմաստը։ Բարեբախտաբար, ժամանակակից աշխարհում կարելի է հանգիստ հետևել ու վերլուծել ամեն ինչ՝ չհեռանալով աշխատանքային համակարգչից ու լուսանցքային աշխատանքի համար որոշակի բաներ առանձնացնելով։ Եթե այդ Պալատը չունի իրական ազդեցություն, մենք ստանում ենք գեղեցիկ փաթեթավորում։

Ես այժմ չէի ցանկանա ողջ ուշադրությունը, էներգիան և ռեսուրսներն ուղղել անպետք ու դժվարությամբ իրականացվող գաղափարներին։ Կա կոնկրետ խնդիր. Հայաստանի քաղաքացիներն արտերկրում զրկված են ձայնի իրավունքից, ինչը ֆունդամենտալ իրավախախտում է։ Այս խնդիրը պետք է լուծել՝փոխելով ընտրական օրենսգիրքը։

Հայրենադարձությունն ու ինտեգրացիան։

Հայաստանին մարդիկ են պետք, և  Սփյուռքի նախարարության բոլոր ռեսուրսների 99.9%-ը (մենք ունենք համայնքներ ու չունենք սփյուռքյան գոնե մեկ քաղաքական ինստիտուտ) պետք է ուղղվեն այդ խնդրի լուծմանը։ Բայց սկզբի համար նախ անհրաժեշտ է փոխել նախարարության անունը ու վերանվանել Հայրենադարձության և ինտեգրացիայի նախարարություն ու ամբողջովին փոխել գործունեության կոնցեպտուալ փիլիսոփայությունը։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս