Պետական գործիչների և սովորական չինովնիկների տարբերությունը

The Armenian Interest գիտավերլուծական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պետական մտածողություն ունեցող գործիչը միշտ մտածում է 2 բանի մասին՝ երկրի ու ազգի։

Նոր ղեկավարները, եթե նրանք պետականամետ գործիչներ են, չպետք է զբաղվեն իրենց նախորդների վարած քաղաքականության քննադատությամբ, նրանց նպատակը պետք է լինի սխալներն ուղղելն ու ապագայի առաջնորդներին քաղաքական պրոֆիցիտ թողնելը։ Նրանք չպետք է ժամանակ ունենան վրեժի, պոպուլիզմի, դատարկ խոստումների ու աբսուրդ առաջարկությունների համար։

Իրենց հերթին իրենց պետականամետ համարող նախորդները չպետք է փորձեն վիրավորել ու նվաստացնել նոր առաջնորդներին։ Պետականամետ գործիչը միշտ պատվով ու արժանապատվությամբ է խոստովանում, որ ինքը սխալներ է գործել (իսկ սխալներ գործում են բոլորն առանց բացառության) ու անում միայն մեկ ռազմավարական հայտարարություն՝ իր հաջորդին օգնելու, փորձով ու գիտելիքներով կիսվելու, նրան սխալներից ու տապալումներից զերծ պահելու պատրաստակամության մասին։

Պետականամետ գործիչը դա չի անում կոնկրետ անձնավորության ու իր համար։ Նա դա անում է երկրի ու ազգի համար, որին երդվել է հարգել ու պաշտպանել։ Նեղ բյուրոկրատիային ծառայող չինովնիկները դատում են անձնական ամբիցիաների, նեղվածության, չարության ու վրեժի ծարավի «մահացու» կատեգորիաներով, իսկ պետականամետները հենվում են մետաֆիզիկական սկզբունքների «անմահության» վրա, որոնք հավերժ են տարածության ու ժամանակի մեջ։ Ճղճիմ, սովորական, նեղ, սրտխառնուք առաջացնող ու արատավոր «Դու ո՞վ ես,արա»-ն պատիվ չի բերում մեծագույն քաղաքակրթական ժառանգության քաղաքական պահապաններ համարվողներին։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս