
Ինչու են հաջողակ մարդիկ ամեն օր նույն հագուստը կրում

Երբևէ մտածե՞լ եք այն մասին՝ որքան ժամանակ եք կորցնում առավոտյան՝ որոշելով՝ ինչ հագնել: Դրա հետևանքով հաճախ ուշացել եք դասից կամ աշխատանքից: Yaamililarder.ru-ի հաղորդմամբ՝ մենք շատ արժեքավոր վայրկյաններ ենք ծախսում անպետք բաների վրա, որոնք չեն կարող փոխել աշխարհը, հնարավոր է՝ նաև մեր օրը: Սա չի նշանակում, թե ոճը կամ նորաձևությունը կարևոր չեն: Բայց անխոս, կան նորաձևությունից կարևոր այլ բաներ:
Ամերիկացի պոետ Հենրի Դեյվիդ Թորոն մի առիթով ասել է. «Մենք կյանքը վատնում ենք մանրուքների վրա: Պարզեցրեք ամեն ինչ: Ավելի պարզ դարձրեք ձեր կյանքը, կենտրոնացեք գլոբալ բաների վրա»:
Ինչու են շատ երկրների ղեկավարներ նույն հագուստը կրում ամեն օր: Բոլորն էլ կընդունեն, որ ԱՄՆ նախագահ լինելը հեշտ չէ: Երկրի նախկին նախագահ Բարաք Օբաման գրեթե ամեն օր նույն կոստյումն էր կրում՝ կապույտ կամ մոխրագույն:
Vanity Fair-ին տված հարցազրույցում նախագահը տրամաբանական բացատրություն էր տվել. «Ես ձգտում եմ քչացնել տարբերակները: Ես չեմ ցանկանում որոշում կայացնել այն մասին, թե ինչ եմ կրում կամ ուտում: Ես բազմաթիվ այլ խնդիրներ ունեմ»:
Նա նշել էր, որ հետազոտությունները ցույց են տվել՝ պարզ որոշումների կայացումը վատացնում է հետագա որոշումներ կայացնելու մարդու կարողությունը:
Guardian-ն այս առնչությամբ գրել է. «Բարաք Օբամայի զգեստապահարանն այնքան սահմանափակ է, որ նա վստահորեն կարող է որոշումներ կայացնել, որոնք ազդում են մարդկության ճակատագրի վրա»:
Բարաք Օբաման միակը չէ: Սթիվ Ջոբսը ևս կրում էր սև բլուզ՝ այն համադրելով ջինսի և սպորտային կոշիկների հետ:
Մարկ Ցուկերբերգն էլ մոխրագույն շապիկ է կրում՝ ջինսե տաբատի հետ:
Խնդիրն այն է, որ մարդու հոգեբանական վիճակը տուժում է, երբ նա մեծ թվով անպետք որոշումներ է կայացնում:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը