«Հայ-ռուսական հարաբերությունները կառուցվում են ոչ թե անձերի, այլ համընդհանուր խնդիրների վրա». Մարկեդոնով
«ՀՀ ողջ քաղաքական դաշտը մենաշնորհելու գայթակղություն կա»,- այս մասին այսօր Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ ասաց Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի Միջազգային խնդիրների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով ՀՀ-ում հայտարարված թավշյա հեղափոխությանը:
Նա նշեց, որ կան մի քանի հանգամանքներ, որոնք պետք է հստակ հերքել: Ըստ նրա՝ այդ հանգամանքները գուցե հայկական լսարանի համար կարևոր չեն, բայց ռուսական լսարանի համար կարևոր են: Ըստ Մարկեդոնովի՝ այնպես է ստացվել, որ հետսովետական երկրներում բոլոր մասսայական ակցիաները նույնացվում են Մայդանի հետ, որի հետ ինքը բացարձակ համամիտ չէ, քանի որ Հայաստանն ուսումնասիրում է ոչ առաջին տարին:
Նրա խոսքով, հետսովետական Հայաստանը երկիր է, որը ստեղծվել է բողոքի ակցիաների հիման վրա:
«Ինչ նկատի ունեմ` 1988 թվականին սկսվեց հայերի պայքարն ինքնորոշման համար, այդ պայքարն արթնացրեց Հայաստանը, և դա դարձավ այն հիմքը, որի վրա Հայաստանը ստեղծվեց: Հետագայում կարող ենք հիշել, որ յուրաքանչյուր ընտրական գործընթաց ուղեկցվել է մասսայական բողոքի ակցիաներով` 1996թ., 2003թ., 2008թ., ավելի հեշտ է ասել` երբ նման բան չի եղել»,- ասաց Մարկեդոնովը:
Խոսելով ներկայիս իրավիճակի մասին՝ ռուս քաղաքագետն ասաց, որ այս անհնազանդության կայացման համար ներքին նախադրյալները քիչ չէին և կոնկրետ պատճառը դարձավ Սերժ Սարգսյանի խոստման խախտումը, և ինչ-որ փուլում նա հեռանալով՝ որոշեց մնալ:
«Թեև ես ինչ-որ պահի, դեռ 2015 թվականին Մինչենկո քընսալթինգի համար համահեղինակած աշխատությունում, կանխատեսել էի նման բան: Հայաստանյան լրագրողները, փորձագետները ստում են, երբ նշում են, որ չէին սպասում, անակնկալ էր, քանի որ հենց դրա համար էլ սահմանադրական բարեփոխումները տեղի ունեցան: Հայկական շարժման մեջ չկային կարգախոսներ՝ կապված քաղաքակրթական ընտրության հետ, աշխարհաքաղաքական վեկտորների փոփոխության մասին: Ավելին՝ Փաշինյանն ասում էր, որ պրոռուսական վեկտորը պահպանվում է, բայց կան նրբություններ, խնդիրներ:
Սակայն այդ խնդիրներն առաջացել էին Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ ևս, չէ՞, և Քոչարյանի, առաջանում էին խնդիրներ, գործընկերների միջև միշտ են առաջանում, դրանից վախենալ պետք չէ, դիվանագիտությունը բաժակաճառերով ևս փոխարինել չի կարելի, դրանք նորմալ են` հասկանո՞ւմ եք, գործընկերային հարաբերությունները ոչ թե սիրո, այլ շահերի մասին են, շահերը կարող են համընկնել, չհամընկնել, կարևոր է ճիշտ համադրել այդ շահերը և աշխատել որակյալ:
Եթե այդ կառուցողական մոտեցումը պահպանվի, ապա շատ լավ կլինի Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների համար, նրանք ի վերջո կառուցվում են ոչ թե անձերի, այլ համընդհանուր խնդիրների վրա` անվտանգություն, տնտեսական զարգացում, մշակույթ, և այլն, և այլն»,- ասաց Մարկեդոնովը:
Նա նկատեց, որ սա ոչ միայն փողոցային, այլև կաբինետային ակտիվություն է, և պատահական չէ, որ տարբեր խմբակցություններ, որոնք, մեղմ ասած, Նիկոլ Փաշինյանի մեծ երկրպագուները չեն, մտան բանակցությունների մեջ, փոխեցին իրենց դիրքորոշումները:
«Ուշագրավ է, որ հեղափոխական հռետորաբանությունը լրացվում էր իրավական ձևակերպումներով, այսինքն` կարելի էր Սարգսյանին և ողջ կառավարման համակարգն անվանել ոչ լեգիտիմ, բայց, փաստորեն, կարելի էր նույն այդ Սահմանադրության համաձայն՝ գնալ վարչապետական ընտրությունների, սա հետաքրքիր հանգամանք է: Այսինքն` նոր իշխանությունը որոշ ավանդույթների վրա է հիմնվելու, որոնք կան:
Կան որոշակի գայթակղություններ, կա գայթակղություն՝ մենաշնորհել քաղաքական դաշտը: Հաղթանակողների մոտ միշտ կա նման գայթակղություն, եթե այդ գայթակղությունը հաղթահարվի, մեծ օգուտ կլինի հայ-ռուսական հարաբերությունների և հենց Հայաստանի համար»,- ասաց Մարկեդոնովը: