Ռոբերտ Քոչարյանն իրականում բավականին ծավալուն հարցազրույց էր տվել НТВ հեռուստաալիքին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ քննարկումների կիզակետում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը НТВ հեռուստաալիքին: Մեզ հայտնի դարձավ, որ Քոչարյանն իրականում բավականին ծավալուն հարցազրույց է տվել, սակայն դեպքերն այնքան արագ են զարգացել, որ մինչ հեռարձակվելը այն արդեն ժամանակավրեպ է դարձել, հետևաբար՝ ամբողջական հարցազրույցը չի հրապարակվել:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատեց մեր տեղեկությունները: Նա նշեց, որ հարցազրույցը գրվել է ուրբաթ առավոտյան, և եթե իրենց նախապես ասեին, որ դա ցույց են տալու կիրակի, գուցե չհամաձայնեին:

Իսկ այդ ընթացքում ՀՀԿ-ն հասցրեց մտքափոխվել և հայտարարել, թե վարչապետի թեկնածու չի առաջադրում, ԲՀԿ-ն էլ հայտարարեց, որ սատարելու է ժողովրդի թեկնածուին:

«Շաբաթ երեկոյան, երբ քննարկում էինք НТВ-ի մեր գործընկերների հետ, հասկացանք, որ ամբողջ հարցազրույցը դնելու իմաստը չկա․ կա՛մ պետք է գրեինք, որ այն հին է, սակայն դա ոչ մեկիս էլ պետք չէր, կա՛մ էլ կեսը տայինք: Եկանք ընդհանուր համաձայնության՝ իրենք իրենց ճաշակով ինչ-որ հատված կտրել տվել էին»,- ասաց Վ. Սողոմոնյանը:

Մեզ նաև լուրեր էին հասել, թե այդ հարցազրույցում Քոչարյանը կոչ էր արել վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանին առաջադրել:

Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ նման բան չի հիշում, ամբողջ հարցազրույցն իրավիճակի վերլուծություն է, ու Քոչարյանը նշել է․

«Ես չեմ կարծում, որ ես պետք է անուններ տամ»:

Ի դեպ, նա նշեց նաև, որ առաջիկայում նոր հարցազրույցով են հանդես գալու, թե ում կտան հարցազրույց և երբ, դեռ հայտնի չէ։ Առաջարկներ ունեն թե՛ հայաստանյան, թե՛ մերձ և հեռու արտասահմանյան լրատվամիջոցներից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս