«Ժամանակավոր կառավարությունն ունենալու է 4 հիմնական ֆունկցիա». Արարատ Միրզոյան
Այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցող «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքի ժամանակ նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ մայիսի 1-ին, ժամը 11:00-ին հավաքվում են Հանրապետության հրապարակում, որպեսզի տոնեն հեղափոխության հաղթանակը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը դիմեց հավաքի մասնակիցներին. «Այս բոլոր օրերին մենք իրար հետ գտնվել ենք անկեղծ երկխոսության մեջ: Այդ ընթացքում անընդհատ դուք ցուցաբերել եք ապշեցուցիչ իմաստություն՝ հասկանալու մեզնից ավելի շատ, ավելի շուտ: Ողջ աշխարհը հիացած է այս իմաստությամբ և կազմակերպվածությամբ: Հիմա մենք նոր փուլ ենք թևակոխում՝ վերջնական, հաղթական, բայց նաև՝ ավելի դժվար, պետք է եռակի անգամ ավելի ուշադիր, անկեղծ և իմաստուն լինենք»:
Պատգամավորը վստահություն հայտնեց, որ վաղը՝ մայիսի 1-ին, ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին կընտրի ՀՀ վարչապետ. «Դրանից հետո պետք է կազմվի ժամանակավոր կառավարություն: Այս կառավարությունից ի՞նչ է պետք ակնկալել, ի՞նչ ունենք պահանջելու: Այս կառավարությունն ունի 4 հիմնական ֆունկցիա: Առաջին՝ ապահովել հնարավորինս լայն քաղաքական համերաշխություն, երկրորդ՝ ապահովել երկրի բնականոն գործունեությունը, տալ օպերատիվ լուծումներ ամենաէական հարցերին:
Ակնկալել տնտեսական հրաշքներ ժամանակավոր կառավարությունից չենք կարող: Երրորդ՝ ստեղծել մեխանիզմներ ընտրական համակարգի բարեփոխման համար: Բացի Ընտրական օրենսգրքից՝ պետք է փոխվեն օրենքներ, որոնք էական ազդեցություն են ունենալու ընտրական պրոցեսի վրա: Չորրորդ՝ ժամանակավոր կառավարության առաքելություններից մեկն արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումն է: Այս պրոցեսում մեզ մենակ չթողնեք, կլինեք մեր կողքին, մենք դրա կարիքն ունենք: Փորձելու են ձեզնից խլել հաղթանակը, բայց մենք կանգնած ենք, կանգնելու ենք»: