Բաժիններ՝

ԶԼՄ-ները նշել են ԿԺԴՀ-ի, ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի գագաթնաժողովի հնարավոր ժամկետը

Հարավային Կորեան նախաատրաստվում է այս տարվա հունիս-հուլիսին ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի հետ համատեղ եռակողմ գագաթնաժողովի անցկացմանը: Այդ մասին հայտնել է «Մունհվա իլբո» հարավկորեական թերթը:

«Մշակվում է հունիս-հուլիսին Հյուսիսի, Հարավի եւ ԱՄՆ-ի միջեւ բարձր մակարդակի բանակցությունների անցկացման հնարավորությունը այն պայմաններում, երբ մայիսին ամերիկա-հյուսիսկորեական գագաթնաժողովի գումարումն արդեն հաստատված է»,- գրում է թերթը: Հրատարակությունը նշում է, որ եթե ամեն ինչ հարթ ընթանա, ապա այս տարվա ընթացքում կարող են նորմալացվել հարաբերությունները Հյուսիսային Կորեայի եւ Ճապոնիայի միջեւ եւ կարող են վերսկսվել վեցակողմ բանակցությունները Կորեական թերակղզու միջուկազերծման «ճանապարհային քարտեզի» կատարման շուրջ:

Ապրիլի 27-ին Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների միջեւ Փանմունջոմում կայացած բանակցությունների արդյունքում ընդունվել է համատեղ հռչակագիր, որում կողմերը հայտարարել են, որ Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն դադարեցնում են փոխադարձ բոլոր թշնամական գործողությունները: Նրանք հաստատել են, որ իրենց ընդհանուր նպատակը Կորեական թերակղզու միջուկազերծումն է: Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի զինվորականները նաեւ պայմանավորվել են մշտական կապ պահպանել, այդ թվում՝ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով: Բացի այդ, Քեսոնում ստեղծվելու է օպերատիվ կապի համատեղ կետ: Հռչակագրի համաձայն, երկրները պայմանավորվել են լուծել նաեւ հումանիտար խնդիրները, ներառյալ կորեական ընտանիքների վերամիավորման հիմնախնդիրը:

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ապագայում Հարավային Կորեայի հետ իր երկրի միավորման հույս ունի: «Ես հավատում եմ, որ Հյուսիսը եւ Հարավը ապագայում կմիավորվեն»,-ասել է նա միջկորեական բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: Կիմ Չեն Ընը նշել է, թե ակնկալում է, որ Հյուսիսային եւ Հարավային Կորեաների քաղաքացիներն ապագայում կկարողանան ազատորեն հատել երկու երկրների միջեւ սահմանը: Իր հերթին Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, թե երկրները պայմանավորվել են, որ իրենց միջեւ այլեւս պատերազմի չի լինի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս