
Կրկին փակվել են մի շարք փողոցներ

Երևանի Իսահակյան արձանի մոտ մի խումբ ուսանողներ ապրիլի 29-ին 11:30-ի սահմաններում կազմակերպեցին «Ուսանողական Զարթոնք` մեր վերջին քայլը» անվամբ ակցիան: Նրանք քայլերթ իրականացրին Երևանի Ալեք Մանուկյանի փողոցով դեպի Երևանի պետական, Բժշկական, Ագրարային և Պոլիտեխնիկական, Բրյուսովի և Թատերական համալսարաններ, այնուհետև Մաշտոցի պողոտայով դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղից կգնան Հանրապետության հրապարակի հանրահավաքին մասնակցելու:
Ալեք Մանուկյանով ուսանողները, որոնց շարքերում նաև սպիտակ խալաթներով ապագա բժիշկներ կան, շարժվեցին դեպի ԵՊՀ, որտեղից էլ վերադարձան Բժշկական համալսարան, փակելով Աբովյան-Կորյուն խաչմերուկը: Ակցիաների մի խումբ մասնակիցներ փակել են Մաշտոց-Թումանյան, Մաշտոց-Խորենացի խաչմերուկը:
Ակցիայի կազմակերպիչ Դավիթ Պետրոսյանը նշեց, որ իրենք քայլերթ կիրականացնեն մինչև ժամը 15:00-ն:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկոյան ժամը 17:00-ին Ֆրանսիայի հրապարակից քայլերթ կիրականացնի դեպի Հանրապետության հրապարակ, իսկ ժամը 19:00-ին այնտեղ նախատեսվում է հանրահավաք: