«Ես ակտուալ չեմ համարում հիմա այդ թեմաները քննարկել». Ստեփան Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի աշխարհաքաղաքական մոտեցումների մասին
«Այս իրավիճակից մի ելք եմ ես տեսնում, որ ընտրեն Նիկոլ Փաշինյանին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:
Նա համոզված է, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելն այս իրավիճակից ամենաճիշտ ելքն է. «Այս միտինգների ծավալը, մասշտաբը, ժողովրդի տրամադրությունները ցույց են տալիս, որ նա վայելում է հասարակության զգալի մասի վստահությունը: Դրա դեմ դուրս գալը ճիշտ չէ: Այդ բոլոր 4 խմբակցությունները պետք է նստեն, մտածեն, գան ընդհանուրի, որ կքվեարկեն, նրան վարչապետ կընտրեն, որ իր վարչապետության ժամանակ կարողանանք անցկացնել նորմալ, ազատ ընտրություններ:
Ակնհայտ է, որ, եթե ընդդիմության առաջնորդը չլինի վարչապետ, ոչ ոք չի հավատա, որ կարելի է կազմակերպել նորմալ ընտրություններ: Ինքը պետք է լինի վարչապետ, ու այդ ճանապարհով հանգիստ, անցնցում գնանք: Եթե այլ քաղաքական խաղեր լինեն, այդ ուժերն իրենք են տուժելու: Ես նկատի ունեմ առաջին հերթին՝ ՀՀԿ-ին: Իմ կարծիքով՝ շատ հավանական է, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվի, բայց շատ լավ կլինի, որ իրենք կամավոր եզրակացության գան»:
Հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանը լինի վարչապետ, երկրի արտաքին քաղաքական կուրսում որևէ բան կփոխվի՞՝ հաշվի առնելով Ն. Փաշինյանի վերջին օրերի հայտարարությունները ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վերաբերյալ, Ս. Գրիգորյանն այսպես պատասխանեց.
«Ես ակտուալ չեմ համարում հիմա այդ թեմաները քննարկել: Ես համարում եմ, որ մենք դեռ կարևորագույն փուլին չենք հասել, կարևորագույն փուլն արտահերթ ընտրություններ նշանակելն ու արդար ընտրություններ անցկացնելն է: Միայն նոր խորհրդարան ունենալուց, ճիշտ քաղաքական դասավորումներից հետո իմաստ ունի խոսել այդ մասին: Այո, կարելի է տարբեր թեմաներից խոսել, բայց գլխավոր խնդիրը նոր ընտրությունների կազմակերպումն է, որ խորհրդարանում ունենանք քաղաքական ուժեր, ոչ թե՝ օլիգարխներ կամ քրեական տարրեր: Հիմա ես հակված չեմ քննարկել այն մասիջները, որ ինքն ուղարկեց»
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դաշինքի նախկին հայտարարությունը, որպես ընդդիմություն, միջոց էր պրոբլեմները բարձրաձայնելու, որովհետև ընդդիմությունը հնարավորություն չունի մյուս կողմի՝ իշխանություների հետ պրոբլեմները քննարկել և լուծել. «ԵԱՏՄ-ի մասին բազմաթիվ պրոբլեմներ կան, որոնք բարձրաձայնում էինք։ Հիմա՝ արդյո՞ք կարող է տարբերվել որպես իշխանություն մեր դիրքորոշումը՝ որպես ընդդիմություն մեր դիրքորոշումից։ Այո՛, մի պարզ պատճառով՝ երբ դու իշխանություն ես, դու հնարավորություն ունես գործընկերների հետ նստել և համբերատար քննարկել այդ հարցերը և հասնել լուծումների»:
Երեկ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ էլ Ն. Փաշինյանն ասաց. «Մենք երբեք չենք ասել և չենք ասում, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, մենք երաշխավորում ենք, որ Հայաստանը կմնա ՀԱՊԿ անդամ, ոչ թե նրա համար, որ շատ կամ քիչ ենք սիրում այդ կազմակերպությունը, այլ որովհետև դա բխում է ՀՀ ազգային շահերից։ Բայց մենք նաև կաշխատենք, որպեսզի այդ կազմակերպությունն ավելի արդյունավետ լինի և շատ ավելի լուրջ երաշխիքներ ապահովի ՀՀ-ի և ԼՂՀ-ի համար, քան ապահովում է մինչև հիմա»:
Մեր ճշտող հարցին, թե ապագա վարչապետի արտաքին քաղաքական կողմնորոշումները կարևոր չե՞ն՝ հաշվի առնելով, որ մարդկանց մի մասն ըստ այդմ է կողմնորոշվում իր քաղաքական մոտեցումներում՝ Ս. Գրիգորյանն այսպես պատասխանեց. «Ես ասելիք դեռ չունեմ, պետք է մտածեմ: Իմ նախապատվությունը միանշանակ է, մինչև վարչապետի հարցը չլուծվի, անիմաստ են այդ քննարկումները»: