Դատական դեպարտամենտը պարզաբանել է դատավորի՝ Հայաստանից հեռանալու մասին լուրերը
ՀՀ դատական դեպարտամենտը պարզաբանում է տարածել՝ կապված Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ Հայաստանը լքելու վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի տարածած տեղեկատվության հետ: Պարզաբանման մեջ ասվում է.
«Պարզաբանում՝ «azatutyun.am» էլեկտրոնային լրատվամիջոցով ապրիլի 26-ին հրապարակված «ՀՀԿ-ականները սկսել են հեռանալ Հայաստանից» վերտառությամբ նյութում առկա՝«Այսօր առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում էր նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Նա հատկապես հայտնի է քաղաքական գործերի քննությամբ, իսկ 2010 թվականին էլ հենց այս դատավորը Նիկոլ Փաշինյանին 7 տարվա ազատազրկման էր դատապարտել» տեղեկության վերաբերյալ:
Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ ըստ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի 2018թ. hունվարի 31-ի հրամանով հաստատված ժամանակացույցի` դատավոր Մնացական Մարտիրոսյանն ամենամյա հերթական արձակուրդի ժամանակահատված է նշել ապրիլ-մայիս ամիսները: Տեղեկացվում է նաև, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանն այս պահին գտնվում է աշխատանքի մեջ, սակայն 02.05.2018-18.05.2018թթ. գտնվելու է ամենամյա հերթական արձակուրդում: Դատավորների ամենամյա հերթական արձակուրդների ժամանակացույցը տեղակայված է դատական իշխանության պաշտոնական կայքում, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով»: