
Գիտնականները մենինգիտի հայտնաբերման էքսպրես-թեստ են ստեղծել. The Irish Times

Իռլանդացի գիտնականներն ստեղծել են մենինգիտի տարբեր տեսակների ախտորոշման համակցված էքսպրես-թեստ: Այն թույլ է տալիս ստույգ տվյաներ ստանալ 40 րոպեի ընթացքում: Ապրիլի 25-ին այս մասին հայտնել է The Irish Times թերթը: Դա չափազանց կարեւոր գյուտ է, քանի որ մենինգիտը բուժելիս ժամանակի գործոնը մեծ նշանակություն ունի: Ախտորոշման ներկայում օգտագործվող մեթոդներն արդյունք են տալիս երկու օրվա ընթացքում:
Դուբլինում գտնվող HiberGene լաբորատորիայի տնօրեն Բրենդան Ֆեռալը նշել է, որ էքսպրես-թեստով հետաքրքրվել են աշխարհի 60 երկրների դիստրիբյուտորներ: Նա նաեւ հայտնել է, որ հետագա մշակումների համար իր խմբին հաջողվել է ներգրավել 5 միլիոն եվրոյի չափով ֆինանսավորում: Դա թույլ կտա ընդլայնել աշխատակիցների հաստիքակազմը եւ ավելի ակտիվորեն զբաղվել նոր մշակումներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: