Իտալիայի պատվավոր նախագահ Ջորջո Նապոլիտանոն սրտի վիրահատություն է տարել
Իտալիայի պատվավոր նախագահ, ցմահ սենատոր Ջորջո Նապոլիտանոն սրտի վիրահատություն է տարել: Ինչպես ապրիլի 25-ին հայտնել է ANSA գործակալությունը, բուժարարողությունը, որը կատարվել է մայրաքաղաքի «Սան Կամիլլո» հիվանդանոցում, ավարտվել է հաջողությամբ: «Վիրահատությունն անցել է շատ հաջող, վերականգնվել է սրտի աշխատանքը, եւ հիվանդը գտնվում է կայուն վիճակում»,- հայտարարել է սրտավիրաբույժ Ֆրանչեսկո Մուզումեչին, որը կատարել է վիրահատությունը:
Նապոլիտանոն եղել է Իտալիայի Կոմունիստական կուսակցության ղեկավարներից մեկը: 1996-1998 թվականներին զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը Ռոմանո Պրոդիի կառավարությունում: 2006 թվականին ականավոր քաղաքական գործիչն ընտրվել է նախագահ:
Նա դարձել է Իտալիայի պետության առաջին ղեկավարը, որը վերընտրվել է երկրորդ ժամկետով. 2013 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքում բարդ քաղաքական իրադրություն էր ստեղծվել: Նապոլիտանոն 2015 թվականին վաղաժամկետ պաշտոնաթողություն էր խնդրել՝ վկայակոչելով զառամյալ տարիքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: