ԿԺԴՀ-ի հետ գագաթնաժողովը խաղաղության նոր դարաշրջան կբացի Կորեական թերակղզում. Սեուլ
Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների հանդիպումը, որը ծրագրված է ապրիլի 27-ին, կարող է նոր դարաշրջանի սկիզբ դառնալ երկու երկրների պատմության մեջ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ասված է Հարավային Կորեայի ԱԳ նախարար Կան Գյոն Հվայի տեսաուղերձում, որը ապրիլի 23-ին հրապարակվել է արտաքին քաղաքական գերատեսչության Twitter-ում։
«Ցանկանում եմ՝ բոլորն իմանան, որ այս պահին կերտվում է Կորեական թերակղզու նոր պատմությունը»,-ընդգծել է Կան Գյոն Հվան: «Երկու երկրների ղեկավարները միջկորեական գագաթնաժողովում կհանդիպեն ապրիլի 27-ին: Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Կիմ Չեն Ընին կողջունի Փհանմունջոմի հարավային կողմում: 70 տարվա ընթացքում առաջին անգամ Հյուսիսի գերագույն ղեկավարը կլինի Հարավային Կորեայում, եւ դա կլինի երկու կողմերի ղեկավարների պատմության մեջ երրորդ հանդիպումը»,-ընդգծել է նախարարը:
«Դա կլինի հիրավի պատմական իրադարձություն, որը կարող է վերջապես կայուն խաղաղություն բերել Կորեական թերակղզի եւ դրանով իսկ կատարել մեր ազգի նվիրական երազանքը»,-հավելել է Կան Գյոն Հվանը: Հարավային Կորեայի նախագահի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչը ապրիլի 23-ին լրագրողներին հայտարարել է, որ Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասնակցությամբ գագաթնաժողովը կսկսվի ապրիլի 27-ի առավոտյան եւ պաշտոնական ընթրիք կներառի Փհանմունջոմ սահմանային կետի հարավկորեական կողմում:
Նրա խոսքով՝ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել կորեական երկու պետությունների ներկայացուցիչների՝ ապրիլի 23-ին անցկացված աշխատանքային բանակցություններում: «Հարավն ու Հյուսիսն ընդհանուր առմամբ աշխատանքային մակարդակով երկխոսության երեք փուլ են անցկացրել ապրիլի 27-ի գագաթնաժողովի արձանագրության, անվտանգության եւ ԶԼՄ-ներում դրա լուսաբանման հարցերի շուրջ: «Այսօր ձեռք բերվեց վերջնական համաձայնություն»,-նշել է նա:
Վարչակազմի ներկայացուցիչը նաեւ հայտնել է, որ ԿԺԴՀ-ն համաձայնել է, որ երկու երկրների ղեկավարների հանդիպման մի մասը հեռարձակվի հեռուստատեսային ուղիղ եթերով: Այդ նպատակով հարավկորեացի լրագրողները մուտքի հնարավորություն կստանան Փհանմունջոմի հյուսիսային մաս: