«Նրանցից 60-ը հետո որոշել են քարոզ և խրատ կարդալ վարչապետի գլխին». Վիգեն Սարգսյան

«Այս ընդվզումը մեր հասարակության բերելու է նրան, որ թիմը շարունակելու է բարելավվել ինչպես՝ կուսակցության ներսում, այնպես էլ՝ պետական կառավարման համակարգում։ Դա մշտական գործընթաց է։ Երկրի վարչապետն այդ գործընթացի անմիջական կրողն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ խոսելով քաղաքական թիմի փոփոխության մասին։

Նա հիշեցրեց, թե ինչպես Սերժ Սարգսյանը կարողացավ ձևավորել հիմնադրամ, որը ՀՀ հարյուրավոր քաղաքացիների հնարավորություն տվեց սովորել արտերկրի 10 լավագույն բուհերում։ Ըստ նրա՝ այս պահին 570 հոգի այդ ծրագրով մրցակցային կրթություն է ստացել, բայց նրանցից 60-ը հետո որոշել են քարոզ և խրատ կարդալ վարչապետի գլխին. «Դա էլ երևի բնական է, լավ կրթություն են ստացել, իրավունք են վերապահում իրենց, տենց լինում ա։ Այդ նույն 60 հոգու հետ մոտավորապես հանդիպել եմ «Սասնա ծռերի» դեպքերի ժամանակ, երբ իրենք փորձում էին դա արդարացնել»։

«Դա շատ տգեղ խրատ էր, որովհետև «Լույս» հիմնադրամի շրջանավարտները երբեք առիթ չունեն վարչապետի հետ չհանդիպելու։ Ցանկացած մեկ զանգ բավարար էր, որպեսզի վարչապետը 60 շրջանավարտների միաժամանակ ընդուներ ու հետները շատ մանրամասն իրենց մտահոգությունների մասին խոսեր։ Բայց իրենք, հատկապես նրանք, որոնք Հայաստանում չեն, որոշել են անպայման հեռվից հեռու սովորեցնել վարչապետին՝ ինչ անի, որպեսզի երկիրն ավելի լավ կառավարի, այնինչ իրենք, ունենալով այդ կրթությունը, իրականում այս երկրի կայացման համար որևէ բան չեն անում»։

Մշակույթի գործիչների՝ պարգևներից հրաժարվելու փաստերը նախարարը որակեց՝ որպես PR, կամ ընթացող գնացքից ուշանալու վախ, կամ անորոշության մեջ ինչ-որ բան ցույց տալու միջոց. «Ես շատ երկար եմ զբաղվել կոչումներով, մեդալներով, պարգևներով, ես շատ լավ գիտեմ, թե էն մարդիկ, ովքեր երբեմն ցուցադրաբար վերադարձնում են, մինչ այդ ինչքան ջանք են դրել դրանք ստանալու համար, և ոչ միայն՝ բեմում։ Մեդալ հետ տալու ժամանակ էլ ա լինելու, վերջնական դիրքորոշում ունենալու ժամանակ էլ ա լինելու, բայց կրակի վրա յուղ լցնելով չի»։

Տեսանյութեր

Լրահոս