«Ցանկացած կոչ՝ չենթարկվելու ոստիկանության որոշմանը, առաջացնում է քրեական պատասխանատվություն». Դավիթ Հարությունյան
«ՀՀ-ն խաղաղ, առանց զենքի հավաքների ազատության իրավունքը ճանաչում է, և հետամուտ է լինելու այդ իրավունքի կատարմանը։ Միաժամանակ, պետք է նշեմ, որ ինչպես և ցանկացած այլ երկրում, հավաքները կարգավորվում են օրենսդրությամբ և նախատեսում են գործընթացներ՝ հավաքները օրինական անցկացնելու հետ կապված։ Այդ գործընթացները վերջին օրերին չեն պահպանվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Երևանում կատարվող իրադարձություններին, այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։
Նա նկատեց՝ անգամ ոչ օրինական հավաքները, որոնք իրականացվել են առանց իրազեկման, բայց խաղաղ են, այդ իրավունքը ևս մարդիկ կարող են իրացնել, ոստիկանությունն աջակցում է, բայց դա, ըստ նախարարի՝ չի նշանակում, որ օրենքի կարգավորումները չպահպանելը չի առաջացնում պատասխանատվություն.
«Այսինքն՝ հավաքն իրականացվում է, սակայն, կարող է առաջանալ պատասխանատվություն։ Միաժամանակ, պետք է նշեմ, որ կան դեպքեր, երբ անգամ խաղաղ հավաքը կարող է ոստիկանությոն կողմից դադարեցվել․ դրանք այն դեպքերն են, երբ անհամաչափ սահմանափակվում են այլոց սահմանադրական իրավունքները կամ հանրային շահերը։ Երեկ ոստիկանությունը նման որոշում է կայացրել, նման որոշում կայացնելուց հետո հավաքը պետք է դադարեցվի, և ցանկացած կոչ՝ չենթարկվելու ոստիկանության որոշմանը, ՀՀ օրենսդրությամբ՝ առաջացնում է քրեական պատասխանատվություն»։
Նման մոտեցում, ըստ Հարությունյանի՝ կա գրեթե բոլոր երկրներում. «Երբ հավաքի նպատակն է լինում պարալիզացնել երթևեկությունը, սա համարվում է այլոց իրավունքի անհամաչափ սահմանափակում։ Ինչքան էլ խաղաղ լինի հավաքը՝ գիշերային ժամերի անհամաչափ աղմուկը, որը կարող է իրականացվել բնակելի շենքերի տարածքում, դարձյալ կարող է դիտվել՝ այլոց սահմանադրական իրավունքների անհամաչափ սահմանափակում։ Ես ուրախ եմ, որ երեկ հարթակից հնչեցին կոչեր, որոնք ուղղված են խաղաղ, առանց զենքի իրականացնել հավաքն այն ձևով, որպեսզի անհամաչափ չսահմանափակվեն այլոց սահմանադրական իրավունքները»։