Բաժիններ՝

G7-ում կարծիքների միասնություն չկա Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ. Kyodo

G7-ի արտաքին գործերի նախարարները չկարողացան միասնական կարծիքի գալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված գործարքի հետագա ճակատագրի շուրջ: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը:

Միեւնույն ժամանակ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն ապրիլի 22-ին ճապոնացի լրագրողներին հայտնել է, որ G7-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների ընթացքում շատերը հանդես են եկել իրանական գործարքի լիարժեք հետագա կատարման անհրաժեշտության օգտին: Ներկայում տեղեկատվություն չկա այն մասին, թե G7-ի ԱԳ նախարարներից ով է հանդես եկել նման մոտեցման դեմ:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո:

ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում է այդ համաձայնագիրը եւ սպառնում է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար: Համաձայնագրի վերանայման դեմ վճռականորեն հանդես են գալիս Ռուսաստանը եւ Չինաստանը: Իրանը պնդում է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները վերանայման ենթակա չեն: ՄԱԳԱՏԷ-ն, որն ստուգում է Թեհրանի կողմից ԳՀՀԾ-ի պայմանների կատարումը, հաստատում է, որ Իրանի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս