Գերմանիան աղբի վերամշակման առաջատարն է դարձել ԵՄ-ում
Գերմանիան Եվրամիության առաջատարն է աղբի վերամշակման ցուցանիշով: Ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, այդ մասին վկայում են Գերմանիայի տնտեսական ինստիտուտի (IW) հետազոտության արդյունքները։
ԳԴՀ-ում օգտահանված աղբի շրջանառությունը կազմում է 66 տոկոս այն դեպքում, երբ Եվրոպայում միջին ցուցանիշը 46 տոկոս է, հայտնել է Die Welt թերթը: Հետազոտության համաձայն, աղբի վերամշակման ցուցանիշով առաջատարների թվում են նաեւ Ավստրիան, Բելգիան եւ Նիդեռլանդները, որտեղ օգտահանումը գերազանցում է 50 տոկոսը: Նրանց հաջորդում են՝ Շվեդիան (48,9 տոկոս), Ֆրանսիան (41,7 տոկոս) եւ Իսպանիան (29,7 տոկոս): Վարկանիշը եզրափակում են Հունաստանը՝ 17 տոկոս եւ Ռումինիան՝ 13,3 տոկոս ցուցանիշով, ինչպես նաեւ Մալթան, որտեղ աղբի օգտահանումը կազմում է ընդամենը 7,1 տոկոս:
Այդուամենայնիվ, IW-ի փորձագետները Գերմանիայի բնակիչներին քննադատության են ենթարկել այն բանի համար, որ նրանք ավելի շատ աղբ են թափում, քան միջինը Եվրոպայում: Այսպես, 2015 թվականից մինչեւ 2016 թվականը Եվրամիությունում թափոնների ընդհանուր քանակը նվազել է 4 տոկոսով այն դեպքում, երբ Գերմանիայում այդ ցուցանիշն ավելացել է 11 տոկոսով:
Յուրաքանչյուր գերմանացի տարեկան 626 կիլոգրամ աղբ է թափում, ինչը կապված է երկրում բարեկեցության բարձր մակարդակի հետ: Միջին հաշվով Եվրոպայում այդ ցուցանիշը մեկ մարդու հաշվով կազմում է 482 կիլոգրամ:
Ապրիլի 18-ին Եվրախորհրդարանում պետք է քվեարկություն անցկացվի աղբի վերամշակման նոր օրինագծի ընդունման շուրջ: Փաստաթղթի համաձայն, մինչեւ 2025 թվականը ԵՄ-ի յուրաքանչյուր պետություն պետք է թափոնների վերադարձի բաժինը բարձրացնի մինչեւ 55 տոկոս, իսկ մինչեւ 2035 թվականը՝ մինչեւ 65 տոկոս, նշում է Deutsche Welle-ն: