«Սա լավ կազմակերպված քաղաքական ծրագիր է, որի նպատակը Հայաստանում կառավարելի քաոս պահելն է». Քաղտեխնոլոգը՝ տեղի ունեցող ցույցերի մասին

168.am-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարոն Բադալյան, այսօր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարությամբ հանդես եկավ և հորդորեց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանին՝ գնալ քաղաքական երկխոսության, այլապես՝ անդառնալի հետևանքներ կլինեն: Այդ հայտարարությանը հաջորդեց նաև ոստիկանության հայտարարությունը՝ հավաքը դադարեցնելու վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին՝ ասաց, որ ինքը միայն մի հարցի շուրջ է պատրաստ քննարկում ունենալ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամկետների: Ձեր տպավորությամբ՝ ո՞ւր է տանում այս ամենը:

– Երբ դիտարկում ենք տեղի ունեցող գործընթացը, գալիս ենք այն եզրակացության, որ սա լավ կազմակերպված մի քաղաքական ծրագիր է, որի նպատակը Հայաստանում կառավարելի քաոս պահելն է: Քաղաքական բովանդակություն այս ծրագիրը դեռ այս պահին չունի, սակայն կարծես թե տեսնում ենք, որ այս պահին նրա առաջ նման նպատակ դրված չէ: Բնականաբար, գալիս ենք այն եզրակացության, որ ուղղակի քաոս է անհրաժեշտ, որ այս վիճակը պահպանվի՝ ստիպելով վարչապետին գնալ երկխոսության:

Դժվար է ասել՝ միայն հայաստանյա՞ն ծագում ունի այս շարժումը, թե՞ չէ, որովհետև սկզբնական շրջանում բավականին լավ լուսաբանվում էր արևմտյան մամուլի կողմից, բայց հիմա մի քիչ քչացել է: Նաև պետք է ֆիքսենք այն փաստը, որ, եթե «Էլեկտրիկ-Երևանից» առաջ ռուսական լրատվամիջոցներն առավոտից երեկո Հայաստանում էին և այստեղ Մայդան էին փնտրում, հիմա ռուսական լրատվամիջոցներն ընդգծված չեզոքությամբ են անդրադառնում սրան և այստեղ Մայդան չեն տեսնում:

Կարդացեք նաև

Դրա համար կարող ենք ասել, որ այստեղ կա նաև դրսի շահագրգռված կողմը: Երբ գործող վարչապետն առաջարկում է երկխոսություն, այստեղ պետք է մտածել՝ արդյոք երկխոսությունն ուղղված է քաղաքական այս գործընթացի անմիջական ղեկավարների՞ն, որոնք հանրահավաքներ են կազմակերպում, հանրահավաքի ժամանակ ելույթ են ունենում, թե՞ երկխոսությունն ուղղված է այն ուժերին, որոնք կարող են կանգնած լինել այս գործընթացի թիկունքում:

Ինչ վերաբերում է ոստիկանության հայտարարությանը, առաջին անգամը չէ, որ ոստիկանությունը նման հայտարարություն է անում: Տեսականորեն ոչ մի խնդիր չկա, ոստիկանությունը կարող է ուժով ցրել այս գործողությունը, բայց արդյոք սրանից հետո այս գործընթացը կդադարի՞:

Երկրորդ՝ կարելի է ձերբակալել անգամ հանրահավաքը կազմակերպող մի քանի հոգու, արդյոք դրանից հետո նոր ղեկավարներ ի հայտ չե՞ն գա, և չի՞ շարունակվի այս գործընթացը:

Երրորդ՝ եթե  բավականին բիրտ ուժ կիրառվի, արդյոք Արևմուտքում դա անարձագանք կմնա՞, որովհետև մեկ մեսիջ մենք արդեն ունենք, դա այն է, որ Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ արևմտյան ոչ մի երկիր չի շնորհավորել: Արդյոք ոստիկանության կողմից հանրահավաքը բռնի կերպով ցրելն իրականություն դարձնելը չի՞ անդրադառնալ ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԱՄՆ փոխհարաբերությունների վրա: Դու կարող ես հայտարարել, որ հավաքը կցրես, ու կարող ես ցրել, բայց արդյոք դրանով ամեն հարց կլուծվի՞:

– Այդ դեպքում՝ Ձեր կարծիքով՝ ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ անդառնալի կորուստներ կլինեն: Դա զգուշացում չէ՞ր, որ, եթե այս գործընթացը չդադարեցվի, իրենք գործողություններ են անելու:

– Այո, կարող են անցնել գործողությունների: Անդառնալի՝ կարող է նշանակել, որ կարող են ձերբակալություններ լինել, դատական գործընթացներ լինել, և այլն: Անդառնալի հետևանքներ կարող է ունենալ նաև երկրի տնտեսության վրա, որովհետև եթե ձերբակալվեցին ընդդիմության ղեկավարներից, դա էլ ավելի մեծ հարված կհասցնի տնտեսությանը, որովհետև առանց այն էլ՝ այս պահի դրությամբ ոչ մի ներդրում չկա: Եթե բռնի ուժ կիրառվի, ինչպես եղավ 2008 թվականի մարտի 1-ին, դա անմիջապես  բացասական ձևով կլուսաբանվի Արևմուտքում, ինչը նշանակում է, որ տնտեսությանը կհասցվի խոշորագույն վնաս: Անդառնալի կարող է լինել նաև քաղաքական գործընթացների վրա, որովհետև ձերբակալություն սկսելով՝ արտագաղթը կուժեղանա, և այլն:

– Դուք նշում եք, որ այս գործընթացը զուրկ է քաղաքական բովանդակությունից, բայց երեկ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ ներկայացրեց՝ ինչպես են պատկերացնում թավշյա հեղափոխությունը: Նա ասաց, որ սկզբում վարչապետը պետք է հրաժարական տա, ընտրվի նոր վարչապետ, այնուհետև ԱԺ-ն է լուծարվում, և կազմակերպվում են արտահերթ ընտրություններ: Դա արդեն քաղաքական բովանդակություն չի՞ տալիս այս գործընթացին:

– Դա դեռևս հում վիճակում է, դեռևս քաղաքական հստակ բովանդակություն չի պարունակում, այսինքն՝ միայն ծրագրային քայլերը բավարար չեն, որովհետև պետք է նաև նշվի՝ Հայաստանի տնտեսությունն ինչ զարգացում է ունենում, Հայաստանը մնո՞ւմ է ԵԱՏՄ-ի կազմում, թե՞ դուրս է գալիս, և այլն:

Այսինքն՝ ավելի խոշոր պետք է լինի, քան՝ զուտ ծրագրային քայլերը: Այո, ԱԺ-ի արտահերթ ընտրություններ, և այլն, դրանք քաղաքական ծրագրային կետեր են, բայց դրանք ընդամենը հնչել են երեկ, հնչել են հանրահավաքի ժամանակ, դա չի հրապարակվել և բոլորին տեղ չի հասցվել: Դա դեռևս հում վիճակում է գտնվում է: Դա քաղաքական ծրագիր է, բայց դեռևս քաղաքական բովանդակություն չէ, դա բովանդակության մի մասն է:

Տեսանյութեր

Լրահոս