Ձերբակալվել է ևս մեկ անձ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպի գործով
Զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեբակալվել է ևս մեկ անձ:
Այսպես, քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ԱԺ պատգամավորների և մյուս անձանց կողմից կազմակերպված անօրինական հավաքների մասնակիցները 2018թ.-ի ապրիլի 16-ին` ժամը 16:00-ի սահմաններում, զանգվածային անկարգություններ են կատարել Բաղրամյան պողոտայում` փորձելով ապօրինի ներխուժել ՀՀ ԱԺ վարչական շենք:
Զանգվածային անկարգությունների մասնակիցները հարձակվել և փորձել են ճեղքել տվյալ վայրում հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների շղթան: Այդ ընթացքում անօրինական հավաքի մասնակիցները բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ նրանց պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ:
Ըստ քրեական գործի նյութերի` Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին ակտիվորեն մասնակցել է նաև Հ. Մ.-ն, ով քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ միասին քանդելով հասարակական կարգի պահպանության նպատակով տեղադրված մետաղյա արգելապատնեշը` դրա գործադրմամբ բռնություն է կիրառել տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների վրա` խախտելով հասարակական կարգն ու վտանգելով հասարակության անվտանգությունը:
Հ. Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ շարունակվում են իրականացվել անհրաժեշտ քննչական և քրեադատավարական այլ գործողություններ, ինչպես նաև ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` վերը նշված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրած և հակաօրինական այլ գործողություններ կատարած մյուս անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: