ԱՄՆ-ի սենատորները Թուրքիային պատժամիջոցներով են սպառնացել, եթե ամերիկացի պաստորն ազատ չարձակվի. The Hill
ԱՄՆ-ի Կոնգրեսի սենատորներ Ջեյմս Լենքֆորդը (հանրապետական Օկլահոմայի նահանգից) եւ Ջին Շահինը (դեմոկրատ Ռոդ Այլենդի նահանգից) Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու կոչ են արել, եթե նա ազատ չարձակի ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին, որին Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 2016 թվականին Թուրքիայում զինվորական հեղաշրջան փորձին մասնակցելու մեղադրանքով: Ապրիլի 19-ին այս մասին հայտնել է The Hill թերթը։
Համատեղ հայտարարության մեջ ամերիկացի օրենսդիրները դատապարտել են Թուրքիայի կառավարության գործողությունները Բրանսոնի նկատմամբ եւ Անկարային սպառնացել տնտեսական պատժամիջոցներով՝ 2019 ֆինանսական տարվա բյուջեում դրանց արձանագրմամբ, եթե պաստորն ամենամոտ ժամանակներս ազատ չարձակվի:
«Թուրքիայի այն ներկայացուցիչները, որոնք մասնակից են ցանկացած անմեղ ամերիկացի քաղաքացու ձերբակալմանը, պետք է միջազգային պատասխանատվություն կրեն, իսկ պաստոր Բրանսոնի նկատմամբ գործողությունները, մասնավորապես, որակվում են որպես պատանդառություն,- մեջբերում է հրատարակությունը երկու սենատորների հայտարարությունը:
Իր հերթին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 17-ին Թուրքիայի իշխանություններից պահանջել է ազատ արձակել ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին: «Պաստոր Էնդրյու Բրանսոնը, որն օրինավոր մարդ է ու քրիստոնեական հոգեւորական ԱՄՆ-ում, գտնվում է մեղադրյալի աթոռին եւ Թուրքիայում հետապնդվում է առանց որեւէ հիմքի: Նրանք նրան լրտես են համարում, բայց ես ավելի շատ լրտես եմ, քան նա»,- գրել է Սպիտակ տան ղեկավարն իր Twitter-ում:
Թուրքիայի դատախազությունը, պաստորին մեղադրելով նաեւ Թուրքիայում արգելված «Ֆեթհուլլահականների ահաբեկչական կազմակերպության» հետ կապերի մեջ, նրա համար ցմահ բանտարկություն է պահանջում: Ինչպես հայտնել է Cumhuriyet թուրքական թերթը, Բրանսոնը ժխտում է իր կապը խռովարարների հետ: Նրա դուստրը մարտի 9-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կայացած ելույթի ժամանակ Անկարայի մեղադրանքները որակել է «աբսուրդային», հաղորդել է ՏԱՍՍ-ը: