Բաժիններ՝

Միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը կարող է խիստ տհաճ հետևանքներ ունենալ. Իրանի ԱԳ նախարար

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը կարող է խիստ տհաճ հետեւանքներ ունենալ, եթե ընդունվի: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 19-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիօը, որը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին։

«Գործողությունները, որոնք կձեռնարկի Իսլամական Հանրապետությունը, եւ միջազգային հանրակցության արձագանքը, անկասկած, խիստ տհաճ կլինեն ամերիկացիների համար»,- նախարարի խոսքը մեջբերել է IRNA գործակալությունը:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ ընդգծել է, որ գործարքի պայմանները ենթակա չեն քննարկման ու փոփոխման: ԱՄՆ-ի ոչ ճիշտ գործողությունները կարող են վտանգավոր դրություն ստեղծել տարածաշրջանում, հատկապես Սիրիայում, հավելել է Զարիֆը: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ:

Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:

Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում է այդ համաձայնագիրը եւ սպառնում է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար:

Համաձայնագրի վերանայման դեմ վճռականորեն հանդես են գալիս Ռուսաստանը եւ Չինաստանը: Իրանը պնդում է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները վերանայման ենթակա չեն: ՄԱԳԱՏԷ-ն, որն ստուգում է Թեհրանի կողմից ԳՀՀԾ-ի պայմանների կատարումը, հաստատում է, որ Իրանի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս