
«Տարօրինակ կլիներ՝ ասեի, որ այո, երազում ենք, որ այսպիսի պայմաններում անցկացնեինք կառավարության նիստը». Դավիթ Հարությունյան

«Ոստիկանական շղթա ճեղքելը խոսում է ցույցի ոչ խաղաղ լինելու մասին։ Կա խաղաղ, զենքով, բռնությամբ ուղղորդվող, կարգը խախտող, չխախտող և այլ իրավական բնութագրումներ: Հիմա ես շատ նորմալ եմ համարում, որ ոստիկանությունը ապահովում է հասարակական կարգը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ իրեն դո՞ւր է գալիս, որ կառավարության նիստին «մի կերպ են հասել՝ զարտուղիներով»։ «Շատ տարօրինակ կլիներ՝ ասեի, որ այո, երազում ենք, որ այսպիսի պայմաններում անցկացնեինք կառավարության նիստը, բայց ունենք այն, ինչ ունենք»,- ի պատասխան՝ ասաց Հարությունյանը։
Ի պատասխան լրագրողների հարցադրումների՝ Դավիթ Հարությունյանն ասաց, որ քանի դեռ ընթանում է քննություն, ինքը չի կարող ցույցերի հետ կապված միջադեպերի մասին որևէ կարծիք հայտնել։