«Հեղափոխությունը լուրջ ցնցում է երկրի համար, և այն քաղաքական առաջնորդը, ով սկսում է նման գործընթաց, պետք է գործողությունների հստակ ծրագիր ունենա». վրացի քաղաքագետ
«Հեղափոխությունը լուրջ ցնցում է երկրի համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն` անդրադառնալով ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարած թավշյա հեղափոխության ապագային:
Սոսո Ցինցաձեն ասաց, որ հետևում են երևանյան բողոքի միջոցառումներին և հաճույք ստանում, քանի որ ակցիայի մասնակիցների մեծամասնությունը Հայաստանի երիտասարդությունն է, որը ցանկանում է անձամբ ուրվագծել սեփական կյանքը:
Նրա գնահատմամբ՝ սա դրական հանգամանք է, ինչը խոսում է անտարբերության բացակայության մասին: Նա նշեց, որ իր համար անհասկանալի է, որ, եթե կա ինստիտուցիոնալ պայքարի գործիչ, ինչու դա չի կիրառվում:
«Գուցե ես այնքան էլ լավ տեղեկացված չեմ, գուցե կիրառվել է և անարդյունավետ է եղել: Բայց հեղափոխությունը լուրջ ցնցում է երկրի համար, և այն քաղաքական առաջնորդը, ով հրավիրում է ակցիայի, երթի կամ հանրահավաքի, ավելին՝ հայտարարում է թավշյա հեղափոխության մասին, պետք է գործողությունների հստակ ծրագիր ունենա ակցիաների հենց սկզբից, թեև դրանք ընթացքում փոփոխվում են, բայց այն մարդու համար, ով միանում է այդ հեղափոխությանը, պետք է պարզ լինի այդ պայքարի հաղթանակի ճանապարհը և դրա իրատեսականությունը: Գործողությունների ծրագիրն այս շարժման դեպքում այդքան էլ հստակ չէ, քանի որ, ինչպես հասկացա՝ շարժման մեխը փողոցների, պետական կառույցների աշխատանքի համար խոչընդոտներ ստեղծելն է, բայց մի քանի օր է՝ այդ վիճակը շարունակվում է, և՝ առանց որևէ արդյունքի: Չնայած ողջունելի է, որ ավելի արմատական քայլեր չեն նախաձեռնվում, ինչպես Ուկրաինայի Մայդանի դեպքում, երբ կար նաև զինված պայքար»,- ասաց Ցինցաձեն:
Նրա խոսքով՝ այս պահին դեռ մեկ բազմամարդ հանրահավաքի մասին է կարդացել: «Եթե պայքարն այդ ուժով շարունակվի, իշխանությունը պետք է փորձի լեզու գտնել փողոցում կանգնած գործչի հետ»,- ասաց Ցինցաձեն:
Ցինցաձեն հույս հայտնեց, որ ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը և ընդդիմադիր գործիչները երկխոսության միջոցով կփորձեն լուծել խնդիրը: