Բաժիններ՝

Մահացել է ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Բարբարա Բուշը

Ապրիլի 17-ին 92 տարեկան հասակում Հյուսթոնի իր տանը մահացել է ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Բարբարա Բուշը: Այդ մասին գրել է The Hill-ը՝ վկայակոչելով ընտանիքի ներկայացուցչին:

ԱՄՆ-ի 41-րդ նախագահի կինը եւ 43-րդ նախագահի մայրը մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ հայտնվել էր հիվանդանոցում թոքերի հիվանդության եւ սրտի անբավարարության պատճառով: Սակայն մահվանից ոչ շատ առաջ նա որոշել էր հրաժարվել բժշկական օգնությունից եւ վերջին օրերն անցկացրել է մերձավորների միջավայրում: Բարբարա Բուշը ծնվել է 1925 թվականին:

Տասնվեց տարեկանում նա ծանոթացել է Ջորջ Բուշի հետ եւ 1945 թվակաին ամուսնացել նրա հետ. նրանք ամուսնացած էին ավելի քան 70 տարի: Զույգն ունեցել է վեց երեխա, այդ թվում՝ ԱՄՆ-ի ապագա նախագահ Ջորջ Բուշ Կրտսերը եւ Ֆլորիդայի 43-րդ նահանգապետ Ջեբ Բուշը: Բարբարա Բուշն ուներ տասնյոթ թոռ եւ յոթ ծոռ:

Բարբարա Բուշն ԱՄՆ-ի՝ ներկայում ապրող նախկին առաջին տիկիններից ամենատարեցն էր: Բուշ Կրտսերը հրապարակել է հայտարարություն, որտեղ մորն անվանել է «ցնցող առաջին տիկին եւ արտակարգ կին»:

Նա ընդգծել է, որ Բարբարա Բուշը նպաստել է, որ ԱՄՆ-ում միլիոնավոր մարդիկ կրթություն ստանան: Ամուսնու կառավարման տարիներին՝ 1989 – 1993 թվականներին, Բարբարա Բուշը վայելում էր ամերիկացիների առանձնահատուկ սերը: Մի շարք հարցումների տվյալները, մասնավորապես, վկայում էին, որ ժողովրդականությամբ նա երբեմն առաջ էր անցնում Ջորջ Բուշ Ավագից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս