«Էս Շմայսի բրիգադն ա, հանեք ստեղից». Նիկոլ Փաշինյանը՝ ցուցարարներին
«Մեր շարժումն արդեն 2 օր է՝ փոխել է իր էությունը»,- այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Նա ներողություն խնդրեց շատերից, որովհետև նրա հեռախոսն անջատված է. «Որովհետև ես ոչ մի րոպեով չեմ կարողանում միացնել հեռախոսը, որովհետև այն պայթում է զանգերից, հատկապես՝ սփյուռքից: Մարդիկ զանգում են, ասում են՝ մի ասեք, որ սա շարժում է Սերժ Սարգսյանի դեմ, այլ՝ սա հայ ժողովրդի երկրորդ զարթոնքն է:
Այս զարթոնքը պետք է փոխի Հայաստանը, պետք է փոխի մեր երեխաների ապագան, պետք է փոխի իշխանությունը Հայաստանում: Երեկվանից՝ երբ ես այս ձեռքով հաղթահարեցի Բաղրամյան պողոտայի փշալարերը, բազմաթիվ մարդիկ գալիս և ասում են, որ մենք գիտենք՝ ոնց այդ փշալարը պոկենք, հանենք: Ես այս օրվա ընթացքում մտածում էի դրա մասին, որ մենք այնպես անենք, որ այդ փշալարերն ամրացվեն, որովհետև այդ փշալարերի հետևում Սերժ Սարգսյանը պետք է գնա գործի և գնա տուն, գնա գործի, գնա տուն: Սերժ Սարգսյանը սրանից հետո Հայաստանը պետք է տեսնի այդ փշալարերի հետևից… Այս շարժումն ունի միայն մեկ առաջնորդ, և այդ մեկ առաջնորդը դու ես: Հայաստանում սկսվել է ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխություն»:
Իր ելույթի ժամանակ Ն. Փաշինյանը ցույց տալով որոշակի խումբ մարդկանց՝ ասաց. «Էս Շմայսի բրիգադին հանեք հլը ստեղից: Էս Շմայսի բրիգադն ա, հանեք ստեղից»: