Վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի ելույթը ԱԺ-ում (ամբողջական)

Ազգային ժողովի հարգարժա՛ն նախագահ,

Հարգելի՛ պատգամավորներ,

Նախ եւ առաջ շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը եւ Հայ Յեղափոխական դաշնակցությանը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու եւ պաշտպանելու համար: Շնորհակալ եմ փաստարկված քննարկումների այս տարողունակ ու շատ օգտակար գործընթացի համար, որ միասին մենք անցանք նախորդ ամիսների ընթացքում:

Հարգելի՛ պատգամավորներ,

Երկուսուկես տարի առաջ այս դահլիճն առավել քան բուռն էր, երբ քննարկվում էր սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Այդ նախագիծը դարձավ Սահմանադրություն ու հիմք՝ արմատապես փոխելու մեր քաղաքական համակարգը, քաղաքական ուժերի պայքարի բովանդակությունը, պետական համակարգում դերակատարների անելիքները:

Վերջին ամիսներին ու օրերին մենք վկան եւ ականատեսն ենք բարեփոխված Սահմանադրության բովանդակությունն ու փիլիսոփայությունը կյանքի կոչելուն: Մենք ձեզ հետ միասին մասնակիցն ենք նոր սկզբի:

Ինչպես ցանկացած նորի դեպքում, այստեղ եւս շատ կարեւոր է, թե ինչ մեկնարկ է տրվում:

Պառլամենտական կառավարման ձեւն իր ավարտուն տեսքին բերելու համար մենք այսօր խորհրդարանական եղանակով կազմավորում ենք կառավարություն, որի առաջին քայլն Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրելն է:

Մասնագիտական, գիտական, քաղաքական շրջանակներում միակարծիք են, որ գոյություն ունեցող կառավարման որեւէ ձեւ չի կարող հավակնել կատարյալ լինելուն: Ես էլ նույն կարծիքին եմ: Կառավարման ցանկացած ձեւ, որը բավարարում է նվազագույն ֆորմալ սահմանադրական չափորոշիչներին, ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարող է լինել նպաստավոր: Մինչդեռ ճիշտ չբալանսավորված կառավարման ձեւը կարող է հանգեցնել իշխանության թեւերի միջեւ հավասարակշռության խախտման, կառավարման անարդյունավետության, կոնֆլիկտայնության՝ դրանցից բխող բոլոր բացասական հետեւանքներով:

Եթե անկախության առաջին տարիներին մեզ համար առավել կարեւոր էին քաղաքական վարչակարգի ինստիտուցիոնալ կայացումն ու համախմբումը, այլ կերպ ասած՝ քաղաքական կայունությունն ու կառավարելիությունը, ապա այսօր կարող ենք արձանագրել, որ դրանք մեզանում, ըստ էության, բավարար չափով լուծված խնդիրներ են, եւ մենք անցում ենք կատարում դեպի դինամիկ զարգացման նպատակադրում:

Անկախության առաջին տարիներին օբյեկտիվորեն մեծ էր եւ գերակշռում էր այն մոտեցումը, որ երկրում կայունություն ու զարգացում ունենալու համար պետք է ապավինել հանրապետության նախագահի իշխանության դերակատարությանը: Այդ տարիներին ավելի մեծ էր վախը հնարավոր քաոսային վիճակներից, քան Հանրապետության նախագահին մեծ լիազորություններով օժտելու հետեւանքներից: Նախագահական ուժեղ իշխանության անհրաժեշտությունը հիմնավորվում էր նրանով, որ դա հնարավորություն է տալիս կենտրոնացնելու գոյություն ունեցող տնտեսական ու քաղաքական ռեսուրսները եւ արագորեն ընդունելու անհրաժեշտ որոշումները, արդյունավետորեն հաղթահարելու հրատապ կամ կուտակված խնդիրները:

Մենք այսօր էլ պետք է արձանագրենք, որ անկախության առաջին տարիներին նախագահական կամ կիսանախագահական կառավարման ձեւերն այլընտրանք չունեին: Մինչդեռ այսօր արդեն ակնառու է, որ պատմական զարգացման ներկա փուլում որպես գերակայություն շարունակում է մնալ հավասարակշռված, վերահսկելի ու պատասխանատու իշխանություն ունենալու խնդիրը. իշխանություն, որի յուրաքանչյուր ճյուղի, յուրաքանչյուր օղակի իրավունքների ու պատասխանատվության շրջանակները համահունչ են: Իսկ դա, մեր պատկերացմամբ, լավագույնս կարող է լուծվել հենց պառլամենտական կառավարման ձեւի պայմաններում:

Փոփոխված Սահմանադրության հիմքում դրված են առանցքային նշանակություն ունեցող հետեւյալ դրույթները.

– Ազգային ժողովը՝ որպես օրենսդիր իշխանություն, ձեւավորում է կառավարություն եւ վերահսկողություն է իրականացնում նրա նկատմամբ,

– գործադիր իշխանությունը միասնական է ու ղեկավարվում է կառավարության կողմից,

– դատարաններն անկախ են եւ հաշվետու են միայն օրենքի առջեւ,

– հանրապետության նախագահը պետության գլուխն է, իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է, ղեկավարվում է բացառապես համապետական եւ համազգային շահերով, մաս չի կազմում իշխանության երեք թեւերից որեւէ մեկին, հետեւում է Սահմանադրության պահպանմանը:

2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությունն առանցքային դերակատարություն է վերապահել Ազգային ժողովին՝ միաժամանակ անհրաժեշտ ինքնուրույնություն ընձեռելով կառավարությանը երկրի ներքին ու արտաքին քաղաքականության մշակման ու իրականացման հարցերում: Սահմանադրությունը նախատեսում է օրենսդիր եւ գործադիր իշխանությունների միջեւ համագործակցության կառուցակարգեր, որոնց նպատակն է խուսափել համակարգային հակամարտություններից: Սահմանադրությունը համարժեք լուծումներ է տվել կառավարության կայունությանը, խորհրդարանի վերահսկողական լիազորություններին, պառլամենտական փոքրամասնության դերին առնչվող հիմնախնդիրներին:

Սահմանադրությունը պետական մարմինների համակարգում առանցքային դերակատարում է տալիս վարչապետին: Կառավարման պառլամենտական ձեւ ունեցող պետություններում վարչապետն իշխող կուսակցության ղեկավարն է:

Վարչապետը, ապագա կառավարման համակարգում ունենալով առանցքային դերակատարություն, այնուամենայնիվ, որեւէ պարագայում չի կարող նույնացվել կիսանախագահական կառավարման մոդելի նախագահի հետ: Վարչապետը, ի տարբերություն կառավարման կիսանախագահական ձեւի Հանրապետության նախագահի, ամբողջ գործադիր իշխանության ղեկավարն է, մշտապես գտնվում է խորհրդարանական վերահսկողության ներքո: Սահմանադրությամբ վարչապետը կարող է փոփոխվել քաղաքական դրդապատճառներով:

Այս տեսանկյունից խիստ կարեւոր են պառլամենտական փոքրամասնությանը վերապահված դերակատարությունն ու լիազորությունները: Կառավարման այս ձեւի պայմաններում քաղաքական հիմնական բաժանարար գիծը ոչ թե կառավարության եւ խորհրդարանի, այլ քաղաքական մեծամասնության ու պառլամենտական փոքրամասնության միջեւ է: Սահմանադրությունը պառլամենտական փոքրամասնությանը վերապահել է իր դերին եւ կշռին համարժեք այնպիսի լիազորություններ, որոնք հնարավորություն պետք է տան հակակշռելու գործադիրին՝ վերջինիս թերությունները, բացերը դարձնելով հանրային քննարկման առարկա:

Կառավարման խորհրդարանական ձեւի պայմաններում կառավարությունը քաղաքական պատասխանատվություն է կրում Ազգային ժողովի առջեւ: Կառավարությունն իր գործունեությունն իրականացնում է խորհրդարանական մեծամասնության աջակցության հիման վրա:

Այս համակարգը բացառում է հակասությունը կառավարության եւ պառլամենտական մեծամասնության միջեւ, խորհրդարանի մեծամասնության աջակցությունը չվայելող վարչապետի գոյությունը դառնում է հակահամակարգային՝ դրա հնարավորությունը հասցնելով զրոյի:

Կառավարման խորհրդարանական ձեւի մեխանիզմները մեծ ներուժ են պարունակում այս փիլիսոփայությունը պահպանելու եւ դրա տրամաբանությունից չշեղվելու համար: Ցանկացած նման շեղում հղի է անկայունությամբ ու անարդյունավետությամբ:

Չնայած կառավարման պառլամենտական ձեւ ունեցող պետություններում վարչապետի ունեցած ընդգծված դերին, այնուամենայնիվ, կառավարման պառլամենտական ձեւն աչքի է ընկնում ապաանձնավորվածությամբ ու կոլեգիալ կառավարման տարրերով: Անշուշտ, դժվար է ժխտել անհատների դերը կառավարման համակարգում: Այնուամենայնիվ, ընդգծենք, որ կուսակցական կառավարման տարրերն այս կառավարման համակարգում էականորեն մեծ են:

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր մենք ընտրում ենք պառլամենտական երկրի վարչապետին: Առաջին անգամ ենք ընտրում, ուստի օբյեկտիվորեն շատ փորձառություն չունենք, թե հատկապես ո՞ր տեսանկյունից պետք է դիտարկենք հարցը, ի՞նչը պետք է հաշվի առնենք, ի՞նչն է առաջնայինը եւ ինչը՝ ոչ: Բայց ընտրության տրամաբանությունն էլ հստակ է եւ բխում է Սահմանադրությունից, ինչպես նաեւ պառլամենտական կառավարման ձեւ ունեցող պետությունների քաղաքական փորձից: Այս համակարգին, ինչպես արդեն ասացի, բնորոշ է իրավունքներին համարժեք պատասխանատվությունը, այդ թվում նաեւ՝ քաղաքական: Այս համակարգի պայմաններում վարչապետ է դառնում խորհրդարանում մեծամասնություն կազմած քաղաքական ուժի ղեկավարը, եւ դա պատահական չէ: Դա կոչված է նաեւ ապահովելու քաղաքական լիդերի անձնական պատասխանատվությունը տվյալ քաղաքական ուժի համար: Հայաստանի պարագայում սխալ, հակահամակարգային եմ համարում այսպես կոչված թաքնված կառավարման մեխանիզմները, երբ չունենալով որեւէ պաշտոն, քաղաքական ուժի ղեկավարը կարող է փաստացի պետական կառավարում իրականացնել: Դա պատասխանատվությունն իրենից հեռու պահելու միջոց է, ձախողումների համար քավության նոխազ փնտրելու ձեւ: Երկու կողմից շրջափակված, փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող երկրի դեպքում, երբ իշխող կուսակցության ղեկավարը փորձի ի դեմս այլ մեկի փաստացի իրականացնել վարչապետի գործառույթները, դա, ըստ էության, կլինի ոչ միայն թուլություն, փախուստ պատասխանատվությունից, այլ իշխանական ուղղահայացի վտանգում, չհիմնավորված երկիշխանության տարրերի ակամա ներմուծում՝ իր բոլոր հետեւանքներով: Սա հատկապես վտանգավոր է հարկ եղած պահերին համապետական մոբիլիզացիայի եւ բոլոր ռեսուրսները համախմբելու ու վտանգի չեզոքացմանն ուղղելու հրամայականի դեպքում, մի բան, որից, ցավոք, մենք երաշխավորված չենք: Ինձ՝ որպես Հանրապետական կուսակցության ղեկավարի համար փախուստն անձնական պատասխանատվությունից անընդունելի է. երբեք չեմ արել ու չեմ էլ պատրաստվում: Ահա առաջին հերթին հենց այդ պատճառով է, որ այսօր ես այս ամբիոնին կանգնած եմ:

Այդ դեպքում հարց է առաջանում՝ մի՞թե չէի կարող կանխատեսել այս օրը սահմանադրական բարեփոխումների հենց ամենասկզբում, երբ հայտարարում էի, որ պառլամենտական կառավարման մոդելին անցնելու դեպքում չեմ հավակնի վարչապետի պաշտոնին: Իհարկե, կանխատեսում էի եւ այդ մասին արդեն առիթ եմ ունեցել խոսելու: Նորից չեմ խոսի քաղաքական համատեքստն ընկալելու կամ իմ հավակնությունների դե ֆակտո բացակայության մասին, բայց կավելացնեմ մի միտք, որը բխում է ելույթիս սկզբնամասի ասելիքից: Այսօր այս ամբիոնին կանգնած է ո՛չ թե անհատ քաղաքական-պետական գործիչ Սերժ Սարգսյանը, ո՛չ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահը: Նրանցից ոչ մեկն այստեղ գործ չունի անելու, եւ այսօրվա քվեարկությամբ դրված չէ մեկին կամ մյուսին հավանություն տալու կամ չտալու հարց: Այսօր այս ամբիոնից ելույթ է ունենում խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը կազմող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահը: Ես այստեղ եմ նախ եւ առաջ որպես իշխող կուսակցության ղեկավար՝ հօգուտ իմ թեկնածության ասելու, որ ունեմ բավարար ազդեցություն եւ հնարավորություններ՝ ստանձնած քաղաքական պատասխանատվության շրջանակում ապահովելու խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներդաշնակ աշխատանքը իշխանության օրենսդիր եւ գործադիր թեւերում:

Կրկնվեմ.

– «Կառավարման խորհրդարանական համակարգը բացառում է հակասությունը կառավարության եւ պառլամենտական մեծամասնության միջեւ»:

Ես պատրաստ եմ լինել այդպիսի հակասության բացառման երաշխավորը:

– «Կառավարման խորհրդարանական համակարգը բացառում է պառլամենտական մեծամասնության աջակցությունը չվայելող վարչապետի գոյությունը»:

Ես իսկապես ունեմ այդ աջակցությունը եւ պատրաստ եմ այն ծառայեցնել մեր երկրի դինամիկ զարգացման գերնպատակին:

Այս իրականությունն է, որ ինձ ստիպում է լինել քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժի, մեր դեպքում՝ քաղաքական կոալիցիայի համախմբման կենտրոնում: Մեր երկրի զարգացման ընթացքի այս փուլի մարտահրավերների համակողմանի գիտակցումն է, որ պարտադրում է լինել հանրության քվեն ստանալու համար ներկայացրած քաղաքական ծրագրի իրականացման առաջին գծում:

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր ես ծրագրային մանրամասներ չեմ ներկայացնի: Ակնհայտ է, որ իշխանության եկած քաղաքական ուժն իր ձեւավորած կառավարության միջոցով իրականացնելու է այն ծրագիրը, որով հասարակության քվեն է ստացել: Հետեւաբար, անկախ ամեն ինչից, կառավարման խորհրդարանական մոդելով ձեւավորված առաջին կառավարությունը Հայաստանում իրականացնելու է Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ Հայ Յեղափոխական դաշնակցության ծրագրերը: Անշուշտ, այս մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները հաշվի առնելով, կլինեն շտկումներ եւ ճշգրտումներ: Այդ ամենի մասին ավելի հանգամանալից խոսելու ու խորհրդարանին ներկայացնելու առիթ դեռ լինելու է:

Ասեմ միայն, որ անվտանգությունը շարունակելու է մնալ թիվ մեկ գերակայությունը: Արցախի խնդրի խաղաղ կարգավորման մեր դիրքորոշումն անփոփոխ է, իսկ հայոց բանակի հետեւողական հզորացումն ու արդիականացումը՝ ամենօրյա աշխատանքի առարկա:

Մեր կարեւորագույն նպատակը մնալու է առաջընթացի ապահովումը, որի ուղղությամբ շարունակելու ենք կառուցել ու ամրապնդել մեր ծրագրերը: Այո՛, այսօր մենք ունենք արտաքին քաղաքականության դրական արդյունքներ, որոնք ամրության լուրջ պաշար են տալիս մեզ: Այո՛, այսօր մենք հասել ենք ներքին կայունության այնպիսի մակարդակի, որն արդեն դրականորեն կանխորոշում է նաեւ տնտեսական ցուցանիշների դինամիկան: Այս միտումները մենք պետք է կարողանանք շարունակել:

Իրականացվող քաղաքականության բոլոր ուղղությունները դիտարկվելու են Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսանկյունից: Դինամիկ զարգացում ապահովելուն զուգահեռ՝ լրջորեն կարեւորելու ենք նպատակադրած ժողովրդագրական ցուցանիշների հասանելիության համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ հետողական աշխատանքը:

Այս եւ մյուս հարցերի մասին մեր մանրամասնեցված պատկերացումներն Ազգային ժողովում կհնչեն կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ: Իսկ ծրագրի արդիականացման աշխատանքներն արդեն իսկ ընթանում են համատեղ կոալիցիոն աշխատանքային խմբում:

Շնորհակալ եմ ուշադրության համար: Եվ եթե կան հարցեր, ես հաճույքով կպատասխանեմ:

Տեսանյութեր

Լրահոս