
ՀՀ դատախազությունը հանձնարարել է նյութեր նախապատրաստել Բաղրամյան պողոտայում հավաքի մասնակիցների կողմից ոստիկանության ծառայողների պատնեշը ճեղքելու դեպքի առթիվ

ՀՀ դատախազության կողմից ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ստուգել հանգամանքները և նյութեր նախապատրաստել ապրիլի 16-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքի մասնակիցների կողմից Ոստիկանության ծառայողների պատնեշը ճեղքելու դեպքի առթիվ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Նախօրեին մայրաքաղաքի բժշկական կենտրոններից ահազանգ էր ստացվել, որ բուժօգնություն ստանալու նպատակով իրենց են դիմել թվով 37 քաղաքացի և 14 ոստիկան, որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ապրիլի 16-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքի մասնակիցների կողմից Ոստիկանության ծառայողների պատնեշը ճեղքելու փորձերի ընթացքում:
ՀՀ դատախազության կողմից ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ստուգել հանգամանքները և նյութեր նախապատրաստել»,- նշել է Աբրահամյանը: