
NYT-ն և WP-ն Պուլիտցերյան մրցանակ են ստացել ԱՄՆ-ի ընտրություններին «ՌԴ-ի միջամտության» լուսաբանման համար

«Ներքին քաղաքական թեմայով լավագույն նյութ» անվանակարգում Պուլիտցերյան մրցանակն ապրիլի 16-ին շնորհվել է The New York Times (NYT) եւ Washington Post (WP) թերթերի խմբագրություններին՝ ԱՄՆ-ի նախընտրական արշավին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության վերաբերյալ նյութերի շարքի համար:
Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, Կոլումբյան համալսարանի Ժուռնալիստիկայի դպրոցում կայացած արարողությանն այս մասին հայտարարել է Պուլիտցերյան մրցանակի կազմկոմիտեի ղեկավար Դանա Քենեդին։ Միջազգային ժուռնալիստիկայի բնագավառում Պուլիտցերյան մրցանակը շնորհվել է Reuters լրատվական գործակալության աշխատակիցներին «Ֆիլիպիններում թմրամոլության դեմ պատերազմի ընթացքում կատարված դաժան սպանությունների դրվագները» լուսաբանելու համար:
«Հասարակությանը ծառայելու համար» մրցանակի դափնեկիրներ են դարձել The New York Times թերթը եւ The New Yorker հանդեսը սեռական ոտնձգությունների հանգամանքների հետաքննության մասին նյութերի շարքի համար: «Լավագույն գեղարվեստական ստեղծագործություն» անվանակարգում Պուլիտցերյան մրցանակը բաժին է հասել Էնդրյու Շոն Գրիրին «Ավելի ու ավելի փոքր» (Less) վեպի համար: Գիրքը պատմում է այն մասին, թե մարդիկ ինչպես կարող են սիրել ծերության ժամանակ: