Արտասահմանյան մամուլը` հայաստանյան իրադարձությունների մասին

Արտասահմանյան, հատկապես՝ ռուսական մամուլն ակտիվորեն հետևում է Երևանում տեղի ունեցող իրադարձություններին:

«Ռիա նովոստի» գործակալությունը պարբերաբար լուրեր է հրապարակում բողոքի ակցիայի և վաղը կայանալիք Ազգային ժողովի հատուկ նիստի մասին:

«Համաձայն գործող ընթացակարգի, ՀՀԿ-ն և Դաշնակցությունը առաջադրել են Սարգսյանի թեկնածությունը, վաղը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կառաջարկի թեկնածությունը խմբակցության անունից, մենք այն կքննարկենք օրենքով սահմանված կարգով և կքվեարկենք»,- ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքերն է փոխանցում լրատվամիջոցը: Նշվում է նաև ցուցարարների կողմից համալսարան ներխուժելու և ուսանողներին կոչ անելու մասին, որպեսզի միանան բողոքի ակցիաներին:

«Ռեգնում» գործակալությունը գրում է, որ իշխող քաղաքական ուժի անդամները պատրաստվում են ԱԺ ապրիլի 17-ի հատուկ նիստին, որի ժամանակ ընտրվելու է երկրի վարչապետը: ԱԺ-ում տեղի է ունեցել ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների համատեղ նիստ, որի ժամանակ վարչապետի պաշտոնում առաջադրվել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Նշվում է, որ կառավարման խորհրդարանական համակարգի անցած Հայաստանի նոր վարչապետի ձեռքում կենտրոնացած է լինելու շատ լուրջ իշխանություն: Ընդդիմությունը փակել է Հայաստանի մայրաքաղաքի գլխավոր փողոցները, իսկ ոստիկանությունն իր հերթին՝ քայլեր է ձեռնարկում դրանք բացելու համար:

Կարդացեք նաև

«Ինտերֆաքս» գործակալությունը մանրամասներ է հաղորդում բողոքի ակցիայի մասին. ցուցարարներն աղբամաններով և նստարաններով փակել են փողոցները, որոշ ժամանակով ընդհատվել է մետրոյի աշխատանքը, իսկ Փաշինյանը ներողություն է խնդրել երևանցիներից` ստեղծված անհարմարությունների համար:

«Էխո» ռադիոկայանը ներկայացնում է բողոքի ակցիաների պատճառը` Սերժ Սարգսյանի կողմից երկրի ղեկավարման երրորդ ժամկետը: Իշխող  Հանրապետական կուսակցությունը սահմանադրական փոփոխությունների արդյունքում հնարավորություն է ստեղծել արդեն 10 տարի ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի համար զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը: Լրատվամիջոցն այս իրավիճակը համեմատում է 2008 թվականին Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի և Դմիտրի Մեդվեդևի ստեղծած իրավիճակի հետ, երբ Մեդվեդևը զբաղեցրեց՝ նախագահի, իսկ Պուտինը` վարչապետի պաշտոնը: «Ըստ էության, Սարգսյանն ու իր կողմնակիցները «փոխատեղում» են իրականացրել»,- նշում է ռադիոկայանը:

«Sng.today» կայքը գրում է, որ հայկական ընդդիմությունն անցել է ակտիվ գործողությունների, և Երևանում սկսվել են զանգվածային բողոքի ակցիաներ` նպատակ ունենալով խոչընդոտել Սերժ Սարգսյանին՝ զբաղեցնել վարչապետի պաշտոնը:

Բրիտանական BBC-ն գրում է, որ Երևանի կենտրոնում Բաղրամյան պողոտայում ոստիկանության և ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` վարչապետի պաշտոնում ընտրության դեմ բողոքի ակցիայի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցել: Նշվում է, որ ոստիկանությունն ավելի վաղ չէր միջամտում տեղի ունեցողին, բայց երբ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ճեղքել ոստիկանական շղթան և շարժվել դեպի խորհրդարանի շենք, բախումներ են սկսվել, ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, կան վիրավորներ:

Տեսանյութեր

Լրահոս