
Գերմանիայի ԱԳՆ-ն նախազգուշացրել է «հակառուսական ռեֆլեքսների» վտանգավորության մասին

Եվրամիությանն անհրաժեշտ է պահպանել միասնությունը ՌԴ-ի նկատմամբ քաղաքականության հարցում, ըստ որում հասարակության մեջ «հակառուսական ռեֆլեքսները» վտանգավոր են: Այս մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում (ԱԳՆ) Եվրոպայի գործերի պետնախարար Միխայել Ռոտը Die Welt թերթի համար հոդվածում, որը հրապարակվել է ապրիլի 16-ին։
Ռոտի կարծիքով՝ «Ռուսաստանի նկատմամբ վճռականության եւ համախմբվածության ուղեգիծը» պետք է ներառի «այդ թվում՝ ազնիվ երկխոսությունը»: «Բազմաթիվ միջազգային խնդիրներ կարելի է կարգավորել սոսկ Ռուսաստանի հետ միասին»,- ընդգծել է պետնախարարը:
«Մենք հուսալի, գործող եւ համոզիչ ուղիների կարիք ուենեք երկխոսության համար»,- ասել է նա: Այս առնչությամբ Ռոտը նշել է, որ հարկ է աշխուժացնել այնպիսի ձեւաչափեր, ինչպիսիք են Ռուսաստան – ԵՄ գագաթնաժողովը, Ռուսաստան – ՆԱՏՕ խորհուրդը եւ ԵԱՀԿ-ն: «Հակառուսական ռեֆլեքսները նույնքան վտանգավոր են, որքան եւ պարզամիտ վերաբերմունքը Մոսկվայի գործողությունների նկատմամբ կամ դրանք լռության մատնելը»,- հավելել է Ռոտը: