
Թուրքիան մտադիր է գործակցել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի ու Իրանի հետ

Անկարան մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանի եւ Իրանի հետ համագործակցությունից, եթե դա օգուտ է բերում Սիրիայի իրադրության կարգավորմանը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը։
Ինչպես ավելի վաղ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ապրիլի 14-ին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՄԵծ Բրիտանիայի կողմից Սիրիային հասցված հարվածները պառակտել են Ռուսաստանին ու Թուրքիային: Թուրքիան ավելի վաղ հավանություն է տվել այդ հարվածներին, մինչդեռ Ռուսաստանը խստիվ դատապարտել է դրանք:
«Մեր քաղաքականությունը արդար գործի է ծառայում: Ելնելով դրանից՝ մենք ընտրում ենք այն երկրներին, որոնց հետ մտադիր ենք գործել միասին: Մենք կլինենք նրանց հետ, ովքեր ճշմարտության կողմն են: Եթե դա ծառայի Սիրիայի նկատմամբ մեր քաղաքականության շահերին, մենք կգործենք ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի ու Իրանի հետ»,-ասել է Բոզդաղը NTV հեռուստաալիքի եթերում՝ մեկնաբանելով Մակրոնի հայտարարությունը: Նա հավելել է, որ Սիրիայում Թուրքիայի քաղաքականությունն ինքնուրույն է եւ տարբերվում է այն քաղաքականությունից, որն այնտեղ իրականացնում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Իրանը:
Թուրքիան՝ ՌԴ-ի եւ Իրանի հետ միասին, Սիրիայում զինադադարի երաշխավորն է եւ մասնակցում է այդ երկրի իրադրության կարգավորման այն բանակցություններին, որոնք ընթանում են Աստանայում: