Ջուկանովիչը հերթական անգամ կգլխավորի Չեռնոգորիան՝ խոստանալով նրա անդամակցումը ԵՄ-ին
Միլո Ջուկանովիչը, որը 1991 թվականից մի քանի անգամ զբաղեցրել է Չեռնոգորիայի վարչապետի, նախագահի պաշտոնները, ինչպես նաեւ գլխավորում է կառավարող Սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը, վերստին կդառնա պետության ղեկավար:
Ապրիլի 15-ին հանրապետությունում կայացած նախագահական ընտրություններում քաղաքական գործիչը հավաքել է ձայների կեսից ավելին եւ, նախնական տվյալներով, հաղթանակ տարել արդեն առաջին փուլում։
Ջուկանովիչը հինգ անգամ՝ 1991-1998, 2003-2006, 2008-2010, 2012-2016 թվականներին զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, ինչպես նաեւ երկրի նախագահն է եղել 1998-2002 թվականներին:
Չսպասելով Պետական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալներին, նա արդեն հայտարարել է իր հաղթանակի մասին: Նախագահական մրցավազքում Ջուկանովիչի առաջատարության ասին վկայում են մոնիթորինգային գործակալությունները:
Մոնիթորինգի կենտրոնի տվյալների համաձայն՝ քվեաթերթիկների 97,7 տոկոսի տվյալների ամփոփումից հետո քաղաքական գործիչը հավաքում է ձայների 53,9 տոկոսը, երկրորդ տեղում ընդդիմադիր թեկնածու Մլադեն Բոյանիչն է 33,4 տոկոս արդյունքով, երրորդ տեղում է Դրագինյա Վուկսանովիչը, որը հավաքել է ընտրողների ձայների 8,1 տոկոսը: Համանման տվյալներ է ներկայացրել Ժողովրդավարական անցման կենտրոնը, որը գործում է Գերմանիայի դեսպանության ֆինանսական աջակցությամբ:
Պետական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալները կհայտարարվեն մի քանի օրվա ընթացքում: Հանձնաժողովի տեղեկությունների համաձայն՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 63,26 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: