Թրամփը հայտարարել է, որ Սիրիային հրթիռահարված է հասցրել իր լիազորությունների շրջանակներում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի Կոնգրեսին իրազեկել է Սիրիային հարվածներ հասցնելու մասին եւ հայտարարել, որ գործել է Սահմանադրությանը համապատասխան եւ ԱՄՆ-ի շահերի պաշտպանության համար: Դա հետեւում է պետության ղեկավարի՝ Կոնգրեսի երկու պալատների առաջնորդներին հղած նամակից, որը տարածել է Սպիտակ տունը:
«Ես՝ որպես գլխավոր հրամանատար, գործել եմ արտաքին գործողությունների իրականացման եւ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության կենսականորեն կարեւոր շահերի պաշտպանության իմ սահմանադրական լիազորություններին համապատասխան»,- նշված է նամակում: «Միացյալ Նահանգները, անհրաժեշտության եւ նպատակահարմարության դեպքում, լրացուցիչ գործողություններ կձեռնարկի իր կարեւոր ազգային շահերի առաջշարժման համար»,- գրել է Թրամփը:
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան ապրիլի 14-ի առավոտյան հրթիռահարվածներ են հասցրել Սիրիայի կառավարական օբյեկտներին, որոնք, նրանց կարծիքով՝ օգտագործվում են քիմիական զենքի արտադրության համար: Սիրիայի վրա արձակվել է ավելի քան 100 հրթիռ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: