
ԱՄՆ-ն և Ռուսաստանը տարբերվող տեղեկություններ են հայտնում Սիրիայի հրթիռակոծությունների մասին

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը և ռազմածովային գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել են, որ արևմտյան ուժերի օդային հարվածները հիմնականում ուղղված են եղել երեք քիմիական ձեռնարկությունների ուղղությամբ:
Այս մասին տեղեկացնում է Euronews-ը: Թիրախներից մեկը գտնվում է Դամասկոսում, իսկ երկուսը՝ Հոմսում: Պենտագոնի տվյալներով՝ ԱՄՆ և դաշնակիցներն արձակել են 100-ից ավելի հրթիռ: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, սակայն, չի կարողանում հաստատել թե հարվածներից քանիսն են հասել թիրախի:
«Մենք հատկապես ընտրել ենք այս թիրախները, որպեսզի հնարավորինս հաշվի առնենք ռուսական ուժերի հնարավոր ռիսկերը»,- ասել է Ջոզեֆ Դանֆորդը: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյն էլ հայտարարել է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը կարողացել են որսալ 71 թևավոր հրթիռ ԱՄՆ և դաշնակիցների կողմից արձակված 103 հրթիռից: Ռուդսկոյի խոսքով՝ Սիրիայի զինված ուժերի և քաղաքացիականների մեջ զոհեր չկան: