Փակել արագաչափերը՝ ո՞րն է այստեղ բովանդակությունը. «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Քաղաքական պայքարը բաժանվում է երկու մասի՝ հիմնական եւ օժանդակ։ Հիմնականը՝ տարբեր հարթակներում (նաեւ հանրահավաքներում) ծրագրեր, նպատակներ, գաղափարներ հնչեցնելն է՝ դրանցով ընտրողներին, քաղաքացիներին շահագրգռելը, մոբիլիզացնելը։
Օժանդակը՝ զանազան ակցիաներն են, ինչպես հիմա ընդունված է ասել՝ ֆլեշմոբերը:
Օրինակ՝ 88-ին «Ղարաբաղ» կոմիտեն բացատրում էր Ազատության հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց, որ Գերագույն խորհուրդը պետք է ընդունի այսինչ որոշումը՝ դա քաղաքականություն էր։
Հանրահավաքից հետո «Ղարաբաղ» կոմիտեի ակտիվիստները գնում էին այն պատգամավորների տները, որոնք, ենթադրաբար, այս որոշման դեմ պիտի քվեարկեին ու դռան մոտ խոտ էին լցնում՝ ցույց տալու համար, որ այդ պատգամավորները խոտակեր են: Դա ակցիա էր, ֆլեշմոբ։ (Այսօր նման ակցիա, հավանաբար, հնարավոր չէ իրականացնել՝ պատգամավորներից շատերի թիկնազորը սովորական քաղաքացիներին 100 մետր իրենց տան դռան մոտ չի թողնի)։
Ակցիաները որպես օժանդակ միջոց արդյունավետ են այն դեպքում, եթե՝ ա/ ունեն քաղաքական բովանդակություն, բ/ կան այդ բովանդակությունը կիսող տասնյակ հազարավոր մարդիկ։
«Այս իշխանությունը վատն է, ուզում ենք լավ, ազնիվ, ազգին նվիրված, ժողովրդի մասին մտածող իշխանություն»՝ դա քաղաքական բովանդակություն չէ, դա պարապ խոսակցություն է, որն իսկապես 26 տարի շարունակ վարում են տասնյակ հազարավոր մարդիկ, բայց այդ պարապ խոսակցությունները հնարավոր չէ «կոնվերտացնել» լուրջ քաղաքական հաջողության մեջ։ Բայց լինում է, որ ակցիաները քաղաքական բովանդակություն չեն պարունակում։ Օրինակ՝ փակել արագաչափերը՝ ո՞րն է այստեղ բովանդակությունը:
Հավանաբար, հետեւյալը. անպատիժ քշեք, ժողովուրդ ջան, 120-ի վրա, ձեզ ոչ մեկը չի տուգանի: Արագաչափերը, ինչպես հայտնի է, պոպուլիստների ամենասիրելի թեման են՝ դրանց առկայությունը «քլնգելը» անկարգ վարորդների սրտով է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: