«Հունիսի 1-ից ՀՀ-ԵՄ համաձայնագիրն ըստ էության ողջ ծավալով կարող է ներդրվել, բացառությամբ 1-2 բաժնի». եվրոպացի փորձագետ
«Հայաստանը հնարավորություն կունենա սկսել իրականացնել համաձայնագրի մեծ մասը, հատկապես՝ այն հատվածները, որոնք առնչվում են ԵՄ իրավասություններին և ոչ ԵՄ անդամ երկրներին, իսկ մեծ հատվածը վերաբերում է ԵՄ-ին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց եվրոպացի փորձագետ Լոռ Դելքուրը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացված ՀՀ-ԵՄ համաձայնագրին:
Հիշեցնենք, որ օրերս ԱԺ-ն վավերացրեց Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2017 թվականի նոյեմբերի 24-ին:
Համաձայնագիրը վավերացվեց միաձայն՝ 95 կողմ ձայնով: Նշենք, որ հիմնական զեկուցող ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանն ԱԺ-ում ներկայացնելով համաձայնագիրը՝ նշել էր, որ համաձայնագրի կառուցվածքը, քաղաքական հարցերը փաստաթղթի նախաբանում են, որոնք վերաբերում են քաղաքական երկխոսությանը և բարեփոխումներին, հավասար գործընկերության վրա հիմնված կանոնավոր համագործակցության խթանմանը: Անդրադարձ է կատարվում միջազգային անվտանգության հարցերին:
«Առանձնահատուկ անդրադարձ կա ԼՂՀ խաղաղ ու համապարփակ կարգավորման հարցին: Կարևոր է, որ համաձայնագիրը հաստատում է ԵՄ հայտարարված հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու մոտեցումներին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, մասնավորապես, ուժի սկզբունքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման և տարածքային ամբողջականության վրա»,- նշել էր նա:
Համաձայնագիրը պետք է վավերացնեն եվրոպական 28 երկրները ևս, ինչպես նաև՝ Եվրամիության խորհրդարանը։ Առայժմ Եվրամիության երկրներից միայն Էստոնիան է վավերացրել փաստաթուղթը:
Չնայած վավերացման գործընթացը ժամանակատար է, սակայն համաձայնագրի մեծ մասը, Հայաստանի խորհրդարանի հաստատումը ստանալով, կսկսի իրագործվել հունիսի 1-ից․ «Խոսքը գնում է համաձայնագրի 80 տոկոսի կիրառման մասին, որը շատ հավակնոտ և պարտավորեցնող գործընթաց է լինելու»:
Թե երբ կվավերացնեն փաստաթուղթը եվրոպական 28 երկրներն ու Եվրամիությունը, այժմ եվրոպական կողմը դժվարանում է հստակեցնել:
Լոռ Դելքուրն ասաց, որ հաշվի առնելով ԵՄ-ին ասոցիացված Մոլդավայի, Վրաստանի և Ուկրաինայի ասոցիացման փորձը, կարող ենք պնդել, որ ԵՄ 28 երկրների կողմից Ասոցացման համաձայնագրի և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրերի վավերացումը տևում է շուրջ 2 տարի, և սա՝ այն դեպքում, երբ չեն ծագում խնդիրներ, քանի որ Ուկրաինայի դեպքում Նիդեռլանդները չէր ցանկանում վավերացնել փաստաթուղթը, որի համար ԵՄ-ից ամիսներ պահանջվեցին Նիդեռլանդներին համոզելու և հատուկ մոտեցում ամրագրելու համար:
Եվրոպացի վերլուծաբանը հիշեցրեց, որ վավերացման համաձայնությունը տալու համար Նիդեռլանդները որոշ հավաստիացումներ պահանջեց Եվրամիությունից առ այն, որ Ուկրաինան չի հավակնի ԵՄ անդամակցության, և նման ևս մի քանի պահանջներ: Սակայն, ընդհանուր առմամբ, նրա խոսքով, գործընթացը կպահանջի ամենաքիչը՝ մեկ, և ամենաշատը՝ երկու տարի ստորագրումից հետո:
«Հայաստանի դեպքում, կարծում եմ, որ խնդիրներ չեն առաջանա, և գործընթացն արհեստականորեն չի երկարաձգվի, քանի որ համաձայնագիրը մեծամասնությամբ մտնելու է ուժի մեջ առաջիկայում»,- նշեց Լոռ Դելքուրը:
Ինչ վերաբերում է հունիսի 1-ից համաձայնագիրն ուժի մեջ մտնելու մասին տեղեկություններին, ապա, Դելքուրի հավաստմամբ, այդպես է եղել նաև մյուս երեք ասոցիացված երկրների դեպքում: Այսինքն, նրա խոսքով, մինչ ԵՄ-ի կողմից այս համաձայնագրի ամբողջական վավերացումը, Հայաստանը հնարավորություն կունենա սկսել իրականացնել համաձայնագրի մեծ մասը, հատկապես այն դրույթները, որոնք առնչվում են ԵՄ իրավասություններին, Հայաստանը կկարողանա իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները: Եվ պաշտոնական վավերացումից հետո միայն ԵՄ-ն կկարողանա արագացնել Հայաստանի բարեփոխումների գործընթացը, կկարողանա ինչ-որ կերպ ազդել համաձայնագրի լիարժեք ներդրման վրա: Դելքուրի խոսքով՝ համաձայնագրի այն հատվածները, որոնք վերաբերում են ԵՄ երկրներին, չեն կարող իրագործվել:
«Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի բաժինների մեծ մասը գործում էին արդեն պաշտոնական վավերացումից առաջ: Փաստաթղթի քաղաքական հատվածը սկսեց գործել համաձայնագրի ստորագրումից ամիսներ անց, իսկ տնտեսական բաժինը, այն հատվածը, որը նախատեսում էր Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ձևավորում, սկսեց գործել 2016 թ հունվարի 1-ից, երբ ԵՄ անդամ բոլոր երկրները, բացառությամբ Նիդեռլանդների, վավերացրել էին Ուկրաինա-ԵՄ Ասոցացման համաձայնագիրն ու ԽՀԱԱԳ-ն: Համաձայնագրի վերջնական վավերացումը տեղի ունեցավ ստորագրումից երեք տարի անց: Այսինքն` 2017 թվականին, սակայն շարքային ուկրաինացիների համար քիչ բան փոխվեց: Ամենադժվար բաժիններն Ուկրաինա-ԵՄ համաձայնագրի դեպքում պաշտպանության ոլորտում համագործակցությունն էր, հակամարտությունների կանխումը, հարկումը, միգրացիան, ահաբեկչության դեմ պայքարը, ֆինանսները:
Որոշ բաժինների հետ կապված դժվարություններ ունենում են բոլոր երկրները, բայց դա պայմանավորված է տվյալ երկրի առանձնահատկություններով, խնդիրներով, բարեփոխումների պատրաստակամությամբ և այլ զարգացումներով: Հայաստանի դեպքում, կարծում եմ, համաձայնագրի մեծ մասը և գուցե նախանշվածից ավելին ուժի մեջ մտնի, իսկ 20 տոկոսի մասին խոսակցությունը ձևական պայմանականություն է, քանի որ նման համաձայնագրերի համար իսկապես անհրաժեշտ է ԵՄ անդամ բոլոր երկրների վավերացումը և մանդատը:
Ըստ իս, ամբողջությամբ կսկսի վավերացվել քաղաքական հատվածը, բացառությամբ շարժունակության բաժնի, քանի որ այդ բանակցությունների մեկնարկը կտրվի փոքր-ինչ ուշ, տնտեսական հատվածի մի մասը, բացառությամբ հարկման, առևտրային համագործակցության ընդլայնման, քանի որ դա ենթադրում է գործողություններ ԵՄ տարածքում, որն առանց ԵՄ բոլոր երկրների մանդատի՝ հնարավոր չէ, մնացած բոլոր բաժինները` ինստիտուցիոնալ, էներգետիկ, կրթական, գյուղատնտեսական, առողջապահական և այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումները կարող են սկսել իրագործվել»,- նման կարծիք հայտնեց Լոռ Դելքուրը՝ հիմնվելով ԱլԳ երեք երկրների ասոցիացման փորձի վրա:
Ըստ եվրոպագետի՝ պետք է նկատի առնել նաև այն հանգամանքը, որ ԵՄ-ն ունի այս երեք երկրների փորձը, Հայաստանը նույն ճանապարհն ըստ էության անցել է երկու անգամ, ուստի Հայաստանի հետ կապված խնդիրներ չեն լինի, և համաձայնագիրն ընդհանուր առմամբ ամբողջ ծավալով կարող է իրականացվել վերջերս ստորագրված ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթի համաձայն: