«ԲՀԿ-ի շնորհիվ, ինչ-որ առումով, մարգինալացվեց ընդդիմադիր դաշտը». Հակոբ Բադալյան

«Քաղաքական կյանքի և որակի համար առաջնային պատասխանատուն իշխանությունն է։ Բայց հենց սկզբից ձևավորվել է մի համակարգ, որտեղ այլ զարգացում գործնականում սկսել է բացառվել։ Երբ ընտրական մեխանիզմն է սկսում ոչնչացվել, քաղաքական համակարգը չի կարող զարգանալ այլ կերպ, քան մենք տեսել ենք»,-այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Ներքաղաքական իրավիճակը Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներին. սպասվող զարգացումներ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Բադալյանի խոսքով՝ եթե չկա ընտրական մեխանիզմ, չկա քաղաքական մրցակցություն, հետևաբար, նաև՝ քաղաքական համակարգի զարգացում. «Ընդհանրապես, եթե տասնամյակը բնորոշենք Սերժ Սարգսյանի նախագահության, ես դրա մեկնարկը կտեսնեմ ոչ թե 2008-ին, այլ 2006-ին, երբ իշխող համակարգը երկու դեմքով խաղալու ճանապարհով, այսինքն՝ ստեղծվեց ԲՀԿ-ն, որը հիմնականում ուներ նպատակ՝ սպասարկել Ռոբերտ Քոչարյանի հետնախագահական պլանները։ Հետագայում եղան մի շարք հայտարարություններ հենց նույն Քոչարյանի շուրթերով, որ վկայում էին դրա մասին։

Պարզապես, 2007թ. -ի խորհրդարանի ընտրությանը հաղթանակ կարողացավ ապահովել Սերժ Սարգսյանը, այլ ոչ թե ԲՀԿ-ն։ 400 հազար անդամ ունեցող, մեծ ժողովրդականություն վայելող ուժի մասին էր խոսվում, և դա ակնառու էր, բայց փաստացի ստացավ 200 հազար ձայն։

Տասնամյակը ձևավորվեց այդ ժամանակահատվածից, և ամբողջ տասնամյակի ընթացքում մենք տեսել ենք, որ հիմնական խաղացողները ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն էին։ ԲՀԿ-ի շնորհիվ, ինչ-որ առումով, մարգինալացվեց ընդդիմադիր դաշտը։ Մինչև 2006 թվականը ընդդիմություն և իշխանություն ֆորմատն էր, 2008թ. Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը փորձ էր խախտել այս տրամաբանությունը, բայց չստացվեց»։

Բադալյանի խոսքով՝ Սահմանադրության փոփոխությունից հետո քաղաքական համակարգի զարգացման տրամաբանությունն էլ կփոխվի.

«Դա մենք արագ չենք տեսնի, բայց դե յուրե խաղի կանոնների փոփոխությունը ժամանակի ընթացքում իր ազդեցությունը թողնելու է տրամաբանության վրա։ Հիմա մենք տեսնում ենք, որ դե յուրե առաջնային մանդատ կրողը ոչ թե մեկ անձ է լինելու, այլ լինելու է 100 անձ՝ խորհրդարանում։ Բայց առաջիկա տարիներին մեկ անձի շուրջ է կենտրոնանալու իշխանությունը։ Առաջանում է հարց՝ ժամանակի ընթացքում, երբ այդ մեծամասնության մոտ գա առաջնային մանդատ կրողի գիտակցումը, դա ինչպե՞ս կփոխի խաղի կոնների հարաբերակցությունը իշխանության ներսում։ Հատկապես, որ մենք տեսնում ենք, որ ահագին մեծանում է արտաքին զարգացումների ազդեցությունը, բացի դրանից՝ իշխանության ֆինանսական խնդիրները, երբ փողը քիչ է, մեկի ձեռքում չէ, տարբեր տեղեր է բաշխված, և միմյանց հետ պետք է պայմանավորվեն, այլ կերպ չեն կարող ապահովել համակարգի կայուն գոյությունը»։

Տեսանյութեր

Լրահոս